Ռուսաստանը չափազանց ափսոսում է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության համար․ Գալուզին
Ռուսական կողմը չափազանց ափսոսում է Հայաստանի մասնակցության համար Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, «ՌԻԱ Նովոստիին» ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Անդրադառնալով անվտանգության ոլորտին՝ ուզում եմ ընդգծել, որ Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ և հանդիսանում է բազմաթիվ երկկողմ պայմանագրերի կողմ՝ ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում»,- նշել է նա։
«Երևանի մտահոգությունները քննարկելու կառուցողական մոտեցման փոխարեն, ցավոք, նրանք այլ ուղի ընտրեցին»,- հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալը։
«Հայաստանը գերադասում է մեծացնել փոխգործակցությունը ՆԱՏՕ-ի կամ դաշինքի առանձին անդամների հետ, հատկապես ՆԱՏՕ-ի չափանիշների ներդրման, զենքի գնման կամ համատեղ մարտական պատրաստության միջոցառումներ իրականացնելու առումով, էլ չեմ խոսում Վաշինգտոնում ընթացող այս ռազմաքաղաքական դաշինքի գագաթնաժողովին մասնակցելու մասին։ Այս ամենը չի կարող այլ բան չառաջացնել, բացի ծայրահեղ ափսոսանքից»,- ընդգծել է Գալուզինը։
Նրա խոսքով, «այդպիսի տեմպերով համագործակցությունը խորացնելով նրանց հետ, ում նպատակը Ռուսաստանի «ռազմավարական պարտությունն է», Երևանն իր ձեռքով վտանգում է լրջորեն ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում՝ ի վնաս սեփական անվտանգության»։
«Կարծում եմ՝ Հայաստանի բանիմաց մասնագետներն ու քաղաքական գործիչները հասկանում են նման անխոհեմ քայլերի հնարավոր վնասները»,- հավելել է նա։
«Իմ կարծիքով, «երկու աթոռի վրա նստելու» փորձերի անիրականությունը, թեկուզ մեկ այլ՝ տնտեսական ոլորտում, շատ հստակ արտահայտվեց Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի կողմից՝ Մոսկվայում «Պրիմակովյան ընթերցումներ» ֆորումում ունեցած ելույթում, որտեղ նա խոսել է Երևանի եվրոպական նկրտումների մասին՝ կապված ԵԱՏՄ-ում ստանձնած պարտավորությունների հետ»,- եզրափակել է Գալուզինը։