Երևանի չզեկուցված գլխավոր հատակագիծը, տրանսպորտնիկ փաստաբան փոխքաղաքապետը, քաղաքային էկոցիդն ու «Ավինյան» նախագծի մյուս «հրաշալիքները»

Ամեն երկուշաբթի ուղիղ եթերով հեռարձակվում է քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության շոուն: Այն պարբերաբար նայելու դեպքում վստահորեն կարելի է նաև անվանել «հաղորդում հանցագործության մասին» սերիալ՝ «դուխով» քաղաքապետ Տիգրան Ավինյանի կատարմամբ, սակայն Դատախազությունը դրանց արձագանքելու փոխարեն՝ ինչ-որ քարոզչական նյութեր է տարածում:

Պաշտոնեական հանցագործության ու կոռուպցիայի երևույթներ չեն տեսնում նաև Քննչական կոմիտեն ու Հակակոռուպցիոն կոմիտեն, և ակամա կասկած է առաջանում առ այն, որ նշված իրավապահ կառույցները հրահանգ ունեն՝ առանց Նիկոլ Փաշինյանի հատուկ և հստակ ցուցման՝ քրեական գործ չհարուցել:

Դատախազության մասին չենք էլ ուզում խոսել, որովհետև մենք ապրում ենք մի գլխավոր դատախազի՝ կառույցը ղեկավարելու իրողության պայմաններում, երբ վերջինս շնորհակալություն է հայտնում Փաշինյանին, որ նա դատախազության աշխատակիցներին թույլ է տալիս իրենց լիազորությունները կատարել:

Երևանցիներից քվե չստացած` իրեն քաղաքի տղա համարող քաղաքապետը համաքաղաքացիների մոտ հարգանքի ու վստահության բացակայությունը փորձում է փոխարինել վախի զգացումով՝ որպես խորհրդանիշ օգտագործելով բուլդոզերն ու սղոցը:

Կարդացեք նաև

Այսպես՝ քաղաքապետն ուղիղ եթերով կարող է հոխորտալ տնտեսվարողների հասցեին, որ եթե վերջիններս փորձեն իրենց իրավունքները որևէ ձևով պաշտպանել, ապա խնդիրներ կունենան քաղաքապետարանին առնչվող այլ հարցերով: Օրինակ՝ եթե կոնդեցիներն ըմբոստանան գնահատման հարցերով, ապա խնդիրներ կունենան քարտեզագրման հարցերով, և նրանց չեն ընդառաջի:

Բուլդոզերն առած՝ մտել են բակային տարածքներ և քանդում են ոչ միայն ապօրինի կառույցները, այլ նաև կանաչ տարածքները, որոնք քաղաքացիների համար ծառայում են որպես հանգստի կազմակերպման զոնաներ: Տարիքով մարդկանց համար դժվար թե սահարանները ժամանց կազմակերպելու ատրիբուտ հանդիսանան: Օղակաձևի զբոսայգու թենիսի ավերված կորտերը՝ պարզ օրինակ:

Ռեմբոյի կերպարը, թերևս, Երևանի քաղաքագլխին ոգևորում է այն աստիճանի, որ նա բացահայտ խոսում է իր ճաշակին չհամապատասխանող դատական ակտեր չհանդուրժելու մասին, իսկ իրավաբաններին խորհրդակցության ժամանակ բարձրաձայն հրահանգում է հիմքեր հորինել իրեն անհաճո նաև օրինական կառույցները քանդելու համար:

Դե հիմա պատկերացրեք՝ ինչ կլինի, եթե այս մարդու ենթակայության ներքո հանկարծակի ամերիկյան ստանդարտներով բարեփոխված համայնքային ոստիկանություն հայտնվի….

Քաղաքագլխի անմիջական հովանավորության ներքո գործող, իբր թե կանաչապատումով զբաղվող ՀՈԱԿ-ի՝ կենսագրություն չունեցող տնօրենը միայն իր համար հայտնի մղումներով մայրաքաղաքում էկոլոգիական աղետ է գեներացնում` ոչնչացնելով քաղաքի էկոհամակարգը, իսկ ավագանու նիստում քննարկում են Երևանի կանաչապատման ծրագրերն ու դրանց ֆինանսավորման հարցերը:

Կարո՞ղ է ինչ-որ մեկը բացատրել, թե ինչպես է պատահում, որ կասկածելի մրցույթով թանկարժեք ծառատեսակներ ձեռք բերելուց հետո մայրաքաղաքի բոլոր ծառերը միանգամից կորցնում են իրենց կենսունակությունը կամ հիվանդանում անբուժելի հիվանդություններով:

Ամեն ինչ արվում է բացահայտ` քաղաքական իշխանության և իրավապահ մարմինների աչքի առաջ, որոնք լրատվական և սոցիալական ցանցերում տեսնում են միայն Նիկոլ Փաշինյանին ուղղված «բռնության» կոչերն ու «վիրավորանքները»:

Քաղաքապետը սիրում է նաև խոսել ենթադրյալ հանցագործության մասին, բայց հաղորդում չներկայացնել դրա վերաբերյալ: Այլապես ինչպե՞ս կարելի է բացատրել համայնքային տրանսպորտային ձեռնարկությունում ստվերային ֆինանսական շրջանառության առկայության հիմքով ընկերության աշխատակիցների՝ աշխատանքից ազատելու պայմաններում՝ քաղաքապետի կողմից ուղիղ եթերով իրավապահ մարմիններին դիմելու անհրաժեշտության բացակայության մասին հայտարարելը:

Այսինքն՝ մարդկանց մեղադրում են ֆինանսական չարաշահումների մեջ, վարկաբեկում են, բայց հաղորդում չեն ուզում ներկայացնեն:

Հետաքրքիր է՝ քաղաքապետը մի փաստաբան տեղակալ չունի՞, որ փոխանակ քաղաքի տրանսպորտային հոսքերի կառավարման ու տոմսային համակարգերի ուսումնասիրման հարցերով զբաղվի, իր ղեկավարին մատչելի ձևով բացատրի, թե ինչ բան է քրեական օրենսգրքով նախատեսված ինքնիրավչությունը, վատնումը, ֆինանսական միջոցների յուրացումը, պաշտոնեական դիրքի չարաշահումը, լիազորությունների վերազանցումը: Բա քաղաքապետի փաստաբան տեղակալը, հետաքրքիր է, ուղևորաշրջանառության այսպիսի ստվերի պայմաններում ինչպե՞ս է կարողացել տոմսի ինքնարժեք ու գին որոշել:

Այս թեմայի շրջանակում բացատրության կարիք ունի նաև այն հարցը, թե ինչու ուղևորափոխադրող մասնավոր օպերատոր ներգրավելու փոխարեն՝ քաղաքապետը Երևան համայնքին ու կառավարությանը ծանրաբեռնեց ավտոբուսներ ձեռք բերելու կասկածելի մրցույթներով ու երկրի վրա բեռ դարձած հսկայական վարկերով:

Երևի թե Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Ռուստամ Բադասյանի օպերներն էլ կառուցապատման ոլորտում օպերատիվ աշխատանք անելիս չեն ուսումնասիրում, թե որքան են կազմում կառուցապատողների ստվերային ծախսերը շինարարական թույլտվություն ստանալու համար, որն էլ, ըստ տեղեկությունների, փորձում են կոմպենսացնել գնորդներից ստացված անօրինական կանխիկ գումարով, և այդ մասին որևէ հաղորդագրություն չի լինում ոչ ՊԵԿ-ի, և ոչ էլ Քյարամյան Արգիշտիի ղեկավարած հիմնարկի կողմից:

Դե, իսկ արևմտյան ժողովրդավարության կողմից կոորդինացվող Հակակոռուպցիոն կոմիտեին «թավշյա» հեղափոխությունից հետո կատարված թալանն այս պահին չի հետաքրքրում (մանր-մունր բացահայտումները կարող ենք համարել չինովնիկների ինքնագործունեության կանխարգելիչ գործողություն):

Երևանի գլխավոր հատակագիծը որպես չզեկուցվող հարց՝ ներկայացվեց Երևանի ավագանու քննարկմանը, և դա այն դեպքում, երբ այդ փաստաթուղթն է Երևանի կառուցապատման Սահմանադրությունը, և ցանկացած նախագիծ, շինարարական ներդրումային ծրագիր պետք է տեղավորվի գլխավոր հատակագծի սահմաններում, մինչդեռ բոլոր աղմկահարույց կառուցապատման նախագծերը քաղաքապետի կողմից շրջանառության մեջ են դրվել ավելի շատ քրեական օրենսգրքի որոշ հոդվածների հիմնավորումներին մոտ, քան քաղաքաշինական օրենսդրությանը և Երևանի գլխավոր հատակագծին համապատասխան:

Այսինքն՝ կարելի է արձանագրել, որ իրավապահ համակարգը քաղաքապետարանում իրենց վերապահված որևէ գործառույթ իրականացնելու համար պետք է ունենա քաղաքական վերնախավի ուղղակի «դաբրոն», որից էլ կարելի է եզրակացնել, որ չարաշահումներից անմասն չեն նաև իրավապահներին կույր ու խուլ լինելու հրահանգ տվողները: Այլ կերպ հնարավոր չի բացատրել, թե ինչպես են բացահայտվում գյուղական բնակավայրերում մի քանի բլոկ սիգարետի անօրինական վաճառքի դեպքեր, վարելահողերի ու կիսաքանդ գոմերի աճուրդների խախտումներ, իսկ Երևանի քաղաքապետարանի ուղիղ եթերում տեղի ունեցող ապօրինությունները մնում են «անտեսանելի»:

Այսպես շարունակվելու դեպքում չի բացառվում, որ Նիկոլ Փաշինյանը, ինչպես ԱՆԻՖ-ի ստեղծած ավիաընկերության դեպքում, մի օր հայտարարի Երևանի քաղաքապետարանի` «Ավինյան» նախագծի ձախողման մասին՝ ընդամենը ափսոսանք հայտնելով այդ կապակցությամբ: Ի վերջո, կա նախադեպ. ՔՊ-ական առաջին քաղաքապետ Մարության Հայկը քաղաքն իր հայեցողությամբ կառավարելուց և կասկածելի շինարարական թույլտվություններ աջ ու ձախ «բաժանելուց» հետո ընդամենը դարձավ նախկին քաղաքապետ՝ ձեռք բերելով համ ընդդիմադիրի, համ էլ «Քաղաքացիական պայմանագրի» դեմ պայքարող հալածյալի կերպար:

Մյուս կողմից էլ պատերազմի՝ ամեն պահի սկսվելու սպառնալիքի պայմաններում բավականին հարմար պահ է քաղաքը ավերելու համար. կարող է Երևանն էլ լուծարեն ու հանձնեն, բոլոր թեմաներն էլ փակվեն, գնան:

Հ.Գ. Քաղաքապետը միանձնյա որոշեց միառժամանակ դադարեցնել ծառահատումները, որ մի հատ էլ փորձաքննություն անի (հետաքրքիր է՝ մինչ այդ քանի՞ փորձաքննություն է արվել,- Գ.Ս.): Երևի տեղյակ չէ, որ կանաչ տարածքներն ու ծառերը հաշվառվում են, և յուրաքանչյուր ծառահատման դեպքում ոչ թե ընդհանուր ծրագիր, այլ մասնագիտական եզրակացություն է պահանջվում: Այս որոշմամբ, ի դեպ, հիմնավորվեց նաև նրա արած ապօրինությունները:

 Հ.Գ. 1. Ավտոբուսի պարկի աուդիտի եզրակացությունն աուդիտորը պարտավոր է բացառապես քաղաքապետին հանձնել՝ որպես պատվիրատու: Դա ճիշտ հուշեցին, բայց ավագանու անդամներից որ եզրակացությունն ուզեն, չմերժեք` կտաք. դահլիճից խորհուրդ տվողն այդքան էլ լավատեղյակ չէ իրավակարգավորումներից:

Հ.Գ.2. Բոլոր դեպքերում Երևանը դժվար լուծարվի, իսկ Հայաստանում գործող իշխանությունների օրոք կոռուպցիայի կասկածից դուրս են միայն Նիկոլ Փաշինյանն ու վերջինիս ընտանիքը: Հետևաբար՝ գործակարգավարականից հետո նախկինների հետ սրճարաններում հանդիպելիս իրենց փաստաբանների տվյալները վերցրեք. նախկինները գնահատում էին արհեստավարժներին ու աշխատում էին նրանց հետ:

Ի դեպ, նյութը պատրաստ էր հրապարակման, երբ տեղեկացանք, որ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի գրասենյակում, ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության աշխատակիցների օժանդակությամբ, իրականացվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական ու վարութային այլ գործողություններ, կան ձերբակալված անձինք։

Նշված գործողությունների շրջանակում ձերբակալվել են Արաբկիրի թաղապետ Արամ Ազատյանը, նրա տեղակալ Դավիթ Բալասանյանը, թաղապետարանի շուրջ մեկ տասնյակ այլ աշխատակիցներ:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031