
Իրանը եղել է, կա ու կլինի ՀՀ-ի բարեկամը. քաղաքականությունը կառավարությունների փոփոխմամբ չի փոխվում. Իրանի դեսպան

Մեր քաղաքականությունն է զարգացնել և ընդլայնել մեր համագործակցությունը և փոխգործակցությունը հարևան երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։
«Այս սկզբունքային քաղաքականությունը կառավարությունների փոփոխմամբ չի փոխվում: Նախագահական ընտրությունների բոլոր թեկնածուներն ունեն որդեգրած քաղաքականություն՝ զարգացնել արտաքին քաղաքականությունն ու հարաբերությունները հարևան պետությունների հետ», – նշեց նա։
Դեսպանը նաև հավելեց, որ Իրանում ապրում են տարբեր ազգային պատկանելիություն ունեցող քաղաքացիներ, բայց դա չի կարող ազդել երկրի որդեգրած սկզբուքային ու ազգային քաղաքականության վրա:
«Մենք եղել ենք Հայաստանի բարեկամը, կանք և կլինենք: Նոր ստեղծվող կառավարության շրջանակներում հարաբերությունները ՀՀ-ի հետ ավելի կզարգանան: Յուրաքանչյուր երկրի սկզբունքային քաղաքականությունը հիմնված է ազգային ու փոխադարձ շահերի վրա, և այդ սկզբունքը չի փոխվում», – նշեց նա։
Հիշեցնենք, որ Իրանում մեկնարկել է նախագահական ընտրությունների 2-րդ փուլը: Նախագահի պաշտոնի համար պայքարում են բարեփոխիչ Մասուդ Փեզեշկիանը, որն առաջին փուլում ստացել էր ձայների 42,32%-ը, և պահպանողական Սաիդ Ջալիլին, որը հավաքել էր 39,51%: