«Այլընտրանք չունեն. Փաշինյանը հասկանում է՝ եթե այդ փողը չտա, Երևանի ասֆալտը «կտրաքի», ինչն ավելի շատ կհարվածի իրեն, քան Ավինյանին». Դավիթ Խաժակյան

Այսօր կառավարությունը 2.5 միլիարդ դրամ գումար հատկացրեց Երևանի քաղաքապետարանին՝ քաղաքում ասֆալտապատման, միջին նորոգման աշխատանքներ կատարելու համար:

«Ընդհանուր առմամբ մոտ 27 փողոցի է առնչվում այս որոշումը»,- ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների (ՏԿԵ) նախարար Գնել Սանոսյանը:

Ըստ նրա՝ ևս 517 միլիոն դրամ կփոխանցվի այլ հատկացումների համար, որոնք նույնպես կուղղվեն քաղաքային խնդիրների լուծմանը:

Փաստացի ընդհանուր առմամբ 3 միլիարդ դրամից ավելի գումար կտրվի Երևանի քաղաքապետարանին՝ որոշակի կարիքներ հոգալու համար, և սա այն դեպքում, երբ նույն այդ Քաղաքապետարանի ավագանին՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանի և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջարկությամբ ու պնդմամբ, իր քվեարկությամբ որոշեց թանկացնել Երևանին առնչվող հարկերը՝ գույքահարկը, ավտոկայանատեղիների գները՝ առավել հայտնի «կարմիր գծեր» անվանմամբ, կառուցապատման համար տրվող շինթույլտվությունների տուրքերը, գիշերային ժամերին աշխատող փոքր խանութների հարկերը և այլն: Ընդ որում, սրանք չնչին բարձրացումներ չէին. հարկերն աճեցին երկրաչափական պրոգրեսիայով:

Կարդացեք նաև

Այդ ժամանակ կառավարող թիմն ու նրա՝ մի կերպ քաղաքապետ դարձած ղեկավարը թանկացումները պատճառաբանում էին նրանով, որ այդ գումարով կհոգան քաղաքի ծախսերը:

«Ինչո՞ւ պիտի ամբողջ Հայաստանի քաղաքացիները հարկեր տան, որ մայրաքաղաք Երևանի կարիքները հոգան: Փոխարենը մենք կբարձրացնենք հարկերը ու այդ կերպ կհոգանք քաղաքի ծախսերը, ինքնաբավ կլինենք»,- այսպիսին էր Տիգրան Ավինյանի և ՔՊ-ական թիմի հիմնավորումը:

Ու հիմա փաստորեն հա՛մ հարկերն ու տուրքերը հասան երկնքին, համ էլի ՀՀ քաղաքացիները Երևանի փողոցների ասֆալտապատման համար փող են տալիս:

Թեմայի վերաբերյալ 168.am-ը զրուցեց Երևանի ավագանու նախկին երկարամյա անդամ Դավիթ Խաժակյանի հետ:

«Այո, երբ գույքահարկը բարձրացրեցին, ու այն դեռ տարեկան աճելու է մինչև 2026թ., ասվեց, որ դա արվում է այն նպատակով, որ ըստ էության համայնքների հնարավորությունները բարձրանան, Երևանն էլ էլ կառավարությունից փող չուզի: Նախընտրական տարում կառավարությունը 10 միլիարդ դրամ «նվեր» տվեց քաղաքին, որ ինչպես ցանկանան՝ ծախսեն, սակայն այս տարի կառավարությունը որևէ դրամ չհատկացրեց: Եվ տարեկան մոտավորապես այսչափ՝ 2.5 միլիարդի գումար, որը հատկացվում էր ասֆալտապատմանը՝ միջին նորոգման ու հիմնանորոգման համար, 2024թ. բյուջեից ամբողջությամբ հանվեց: Քաղաքապետը ու նրա ենթակաները հիմնականում գույքահարկից գոյացած ավելացած գումարը մսխեցին տարբեր ուղղություններով, այդ թվում՝ իհարկե, պարգևավճարներ բաժանելով: Նախորդ տարիներին մինչև 100 միլիոն դրամի իջեցված պարգևավճարային ֆոնդը, օրինակ, կրկին հասավ 500 միլիոն դրամի»,- ասաց Դավիթ Խաժակյանը:

Քաղաքային տնտեսությանը քաջածանոթ Երևանի ավագանու նախկին անդամի խոսքով՝ քաղաքապետարանի պատասխանատուները, տեսնելով, որ կառավարությունը փող չի տալիս, իսկ իրենց մոտ մնացած փողը քիչ է, ոչ թե ուրիշ ծախսային հոդվածներից գումարներ հատկացրեցին ասֆալտի համար, այլ ծավալը պահելու համար իրենց ունեցած ողջ գումարը հատկացրեցին փոսային նորոգմանը:

«Բնականաբար, այդ քիչ գումարով քաղաքը «տրաքելու էր», այլ տարբերակ չկար: Նախ՝ փոսերը չեն կարողանում նորմալ լցնել, որովհետև դա բավականին բարդ կազմակերպչական գործ է: Բայց բացի դրանից, այն, ինչ պիտի միջին նորոգմամբ կամ հիմնանորոգմամբ արվի, փոսերն ուղղակի լցնելով՝ չի կարող պահվել: Չես կարող միայն փոսերը լցնելով՝ առանց այդ էլ ավերված, անհարթ փողոցն օգտագործելի դարձնել: Թերևս հենց դրա համար էլ կառավարությունից քաղաքապետն այդ գումարը խնդրել է՝ հավանաբար հիմնավորելով՝ ձեզ ասում էինք՝ ինչ է լինելու, եթե այդ գումարը չհատկացնեք. այդպես էլ եղավ»,- իրավիճակը վերլուծեց Դավիթ Խաժակյանը:

Վերջինս նկատեց՝ բնականաբար, կառավարությունը քաղաքապետարանին չի ասի՝ բա ո՞ւր են ձեր եկամուտները, որոնք այդքան աճել են:

«Կառավարությունից, իհարկե, կասեն, որ այնքան գումարի չափով, որքանով կտրել են քաղաքապետարանի հատկացումները, ավելացել են նրանց եկամուտները, և ասֆալտի վիճակը հանգիստ կարելի էր տանելի դարձնել, բայց նախ չեն ասի, հետո էլ դրանից ասֆալտի վիճակը Երևանում չի բարելավվի: Սա ստիպված են անում, այլապես այդ գումարը չհատկացնելու դեպքում, ռեսուրս չհատկացնելու, Երևան քաղաքում ասֆալտի վիճակը շատ ավելի վատ է լինելու: Իսկ քաղաքն իր բյուջեն արդեն կազմել է, և մեծ ծախս չի կարող հատկացնել ասֆալտի ուղղությամբ»,- ասաց Դավիթ Խաժակյանը:

Վերջինս նշեց՝ կա մեկ այլ պրոբլեմ ևս. իր տեղեկություններով՝ կառավարության բյուջեն ունի մեծ թերակատարում, որն անհասկանալի է՝ ինչու է գոյացել, բայց այդ խնդիրը կա:
«Այլընտրանք չունեն. Փաշինյանը հասկանում է՝ եթե այդ փողը չտա, Երևանի ասֆալտը «կտրաքի», ինչն ավելի շատ կհարվածի իրեն, քան Ավինյանին»,- ասաց Դավիթ Խաժակյանը:

Տեսանյութեր

Լրահոս