Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության համաձայնագիր կնքելու արտակարգ հնարավորություն ունեն․ ԱՄՆ պետքարտուղար Բլինքեն
«Ներկայումս Հայաստանն ու Ադրբեջանն արտակարգ հնարավորություն ունեն խաղաղության համաձայնագիր կնքելու համար»,- այս մասին Բրուքինգսի ինստիտուտում իր ելույթի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ պատասխանելով Հարավային Կովկասի մասին հարցին։ Պետքարտուղարի խոսքով, դա վերջ կտա տասնամյակներ շարունակվող հակամարտությանը։
«Ըստ իս, դա տարածաշրջանում տնտեսական կապերի, տնտեսական աճի, Արևելքի և Արևմուտքի, Հարավի և Հյուսիսի երկրների միջև կապերի հաստատման առումով հսկայական հնարավորություններ կստեղծի։ Ադրբեջանը պետք է առանցքային դեր խաղա այս ամենում։ Մենք ինտենսիվ դիվանագիտական ջանքեր ենք ներդրել ՝ փորձելով Ադրբեջանին և Հայաստանին մոտեցնել խաղաղության համաձայնագրերին։ Այս հարցով մենք սերտորեն համակարգել ենք ԵՄ-ի հետ»,- ասել է Բլինքենը։
«Կարծում եմ՝ սա հատկապես հիմա իսկապես հասանելի է: Դրա մասին խոսել եմ ընդամենը մոտ մեկ շաբաթ առաջ Ալիևի հետ։ Կարծում եմ՝ դա իրագործելի է և լիովին համապատասխանում է Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդների, ինչպես նաև ամբողջ տարածաշրջանի շահերին»,- նման խոսքով է հանդես եկել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։