«Լեռնային Ղարաբաղի բանակն ամենամարտունակն է տարածաշրջանում, Ադրբեջանի զինված ուժերն առ այսօր ողբալի վիճակում են և չեն համարձակվի նոր պատերազմ սկսել Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ. Մուրադ Էսենով (2004թ.)
ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնավարման երկու (1993-1995թթ.) և (2000-2007թթ.) շրջաններում ՀՀ զինված ուժերի կայացման ու անընդհատ զարգացման գործում Ս. Սարգսյանի ավանդի մասին են վկայում նաև դրա անմիջական արդյունքի՝ ՀՀ ԶՈՒ-ի ընթացիկ վիճակի գնահատականները արտասահմանցի ռազմական մասնագետների ու փորձագետների կողմից:
«Արևմուտքը «գլուխ է ջարդում» Հելսինկիի անձեռնմխելիության վրա,- ասել է Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ Կոմս Շեննոնը,- Մենք կարող ենք ուսումնասիրել այն ժամանակ գոյություն ունեցող Ղարաբաղի անձեռնմխելիության հարցը մինչև Հելսինկի ընկած ժամանակահատվածում: Հնարավոր է` այդ հարցով պետք է որ զբաղվեն իրավաբանները: Ամեն դեպքում, վերջնական արդյունքը Ադրբեջանի ներխուժումն էր Ղարաբաղ, որը օգտագործում էր Խորհրդային չորրորդ բանակի թողած սպառազինությունը, որը զորացրվել էր Բաքվում՝ թողնելով ողջ զինանոցը։ Արդյունքում, Ադրբեջանն իր հզորությամբ տեսականորեն գերազանցում էր Ղարաբաղին. մեծ բնակչություն, նրա զորքերը ղեկավարվում էին թուրքական բանակի համազգեստով սպաների կողմից և մոջահեդներ, որոնցից ես թարգմանչի օգնությամբ հարցազրույց եմ վերցրել, և որոնք ամսական 500 դոլար գումարով կռվում էին Ադրբեջանի կողմում։ Ղարաբաղի փոքրաթիվ բնակչությունը, այնուամենայնիվ, կարողացել է դիմադրություն ցույց տալ, հետ շպրտել Ադրբեջանի գերազանցող ուժերին և իր երկրի շուրջ հուսալի արգելք ստեղծել, որպեսզի պաշտպանվի հրետակոծություններից»:
«Լեռնային Ղարաբաղի բանակն ամենամարտունակն է տարածաշրջանում,- 2004թ. մայիսին գրել է «Կենտրոնական Ասիա և Կովկաս» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի (Շվեդիա) տնօրեն Մուրադ Էսենովը,- մինչդեռ Ադրբեջանի զինված ուժերն առ այսօր ողբալի վիճակում են և չեն համարձակվի նոր պատերազմ սկսել Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ։ Վերջին տասը տարիներին ադրբեջանական բանակի մարտունակության բարձրացման ասպարեզում արմատական փոփոխություններ տեղի չեն ունեցել, մինչդեռ, հակառակ դրան ղարաբաղյան բանակն առանձնանում է իր մարտունակությամբ ու պատրաստվածությամբ»:
«Անկեղծ ասած՝ իմ առաջին տպավորությունը ղարաբաղյան բանակի մասին շատ մեծ է, և դա ունի իր հիմնավոր պատճառը,- գրել է կանադացի ռազմական պատմաբան, նախկին դեսանտային ու ծովային կոմանդոս, ռազմավարական հետախուզության բնագավառում կարիերա ունեցած Պատրիկ Ուիլսոն Գորը,-իմ պարագայում, որպես ռազմական գործին քիչ թե շատ տեղյակ մարդու, դժվար չէր այստեղ նկատել այն հիմնական տարրերը, որոնք բանակին անհրաժեշտ են մարտունակ կոչվելու համար։ Տեսնելով շարքային ու սպայական կազմի կեցվածքը, նրանց փոխհարաբերությունները մեկը մյուսի հետ, առկա սպառազինության և տեխնիկայի շահագործման ու սպասարկման վիճակը և էլի մի շարք կարևոր հանգամանքներ, զգացի, որ այստեղ գոյություն ունի կանոնավոր և կարգապահ բանակ, որն անհրաժեշտության դեպքում ընդունակ կլինի կատարելու իր առջև դրված ցանկացած մարտական խնդիր։ Հատկապես ուշադրության արժանի է հակամարտող զորքերի շփման գծում ղարաբաղցիների ստեղծած պաշտպանական համակարգի առանձնահատուկ կառուցվածքը: Այդ ամենին թռուցիկ հայացք գցելով, ոչ միայն ես, այլ երևի թե ցանկացած կողմնակի մարդ կարող է կատարել մեկ կարևոր հետևություն՝ ղարաբաղցիները առավել շատ մտահոգված են պաշտպանողական խնդիրներով, քան՝ հարձակողական։ Իսկ դա, թե՛ ռազմավարական, թե՛ մարտավարական տեսանկյուններից վերցրած ավելի շատ խոսում է նրանց որդեգրած ճիշտ դիրքորոշման մասին»:
«Հայկական զինված ուժերն ունեն լավ համբավ և ջերմ հարաբերություններ ռուսների հետ,- 2011թ. գրել է Փաթթերսոնի դիվանագիտության և միջազգային առևտրի դպրոցի դոցենտ, ռազմական փորձագետ, ազգային անվտանգության հարցերի մասնագետ Ռոբերտ Ֆարլին (ԱՄՆ),- Ադրբեջանի ռազմական ծախսերը նշանակալիորեն գերազանցում են Հայաստանի ծախսերին, սակայն հայկական զինված ուժերն ունեն լավ համբավ և բավականին ջերմ հարաբերություններ ռուսական զինվորականության հետ… Մասնագետների մեծամասնությունը, որոնց հետ ես զրուցել եմ այդ թեմայի շուրջ, զգույշ են վերաբերվում Ադրբեջանի հնարավորություններին…»:
«Իրականում Ադրբեջանի ռազմական բյուջեն անհամեմատ մեծ է: Սակայն Բաքվին դեռևս երկար ժամանակ է հարկավոր նման ներդրումներ կատարելու ռազմական ոլորտում, որպեսզի բանակի հզորությունը հասնի այն մակարդակին, որը հնարավորություն կտա տվյալ հարցը լուծել պատերազմի միջոցով,- 2010թ. դեկտեմբերին ասել է Ադրբեջանում (2000-2003) և Թուրքիայում (2005-2008) ԱՄՆ նախկին դեսպան, ԱՄՆ Ատլանտյան խորհրդի Եվրասիական կենտրոնի տնօրեն Ռոսս Ուիլսոնը,- Ղարաբաղյան հարցի ռազմական լուծումը ծայրահեղ դժվար կլինի: Այն ոչ միայն թանկ կնստի Ադրբեջանի վրա, այլև բացասաբար կանդրադառնա իր ապագայի և Արևմուտքի հետ փոխհարաբերությունների վրա… Հայերը լեռնային պայմաններում ունեն հզոր դիրքեր և շատ դժվար կլինի նրանցից հետ վերցնել ինչ-որ հողակտոր…»:
«Հայաստանի զինված ուժերի զարգացման տասնամյա արդյունքներին անդրադառնալիս հարկ է խոստովանել, որ հայերին հաջողվեց կարճ ժամանակահատվածում ստեղծել տարածաշրջանի ամենաուժեղ ու մարտունակ բանակներից մեկը՝ զինված ուժերի շինարարության ասպարեզում բազմաթիվ առումներով առաջ անցնելով հետխորհրդային բազմաթիվ հանրապետություններից,- 2002թ. գրել է ՌԴ ՊՆ «Կրասնայա զվեզդա», պաշտոնաթերթի աշխատակից Ալեքսանդր Տիխոնովը,- այժմ էլ Հայաստանում նայում են դեպի ապագան: Դրան են նպատակաուղղված գիտահետազոտական ու փորձնակոնստրուկտորական մի շարք աշխատանքներ. օրինակ` կատարվումեն ռազմավարության, մարտավարության ու օպերատիվ արվեստի զարգացման, ինչպես նաև սպառազինության հին համակարգերի արդիականացման համար առավել կատարելագործված հանգույցների արտադրության աշխատանքներ» ։
«Եթե ադրբեջանական բանակը կողմնորոշվել է դեպի քանակական,- 2011թ. կարծում էր քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը,- ապա հայկական բանակը՝ դեպի որակական չափորոշիչներ, որպիսիք են ՀՕՊ համակարգի, Լեռնային Ղարաբաղում պաշտպանական համակարգերի զարգացումը»:
«Հայկական ու ղարաբաղյան բանակների պատրաստությունն ու մարտական ոգին անհամեմատ բարձր են ադրբեջանականից,- 2011թ. գտնում էր ռազմական փորձագետ Ալեքսանդր Վյատկինը,- իսկ վերջինիս ունեցած քանակական գերակշռությունը ոչ մի կերպ չի փոխարկվում որակականի: Ավիացիայի ասպարեզում ունեցած գերակշռությունը չեզոքացվում է հայկական կողմի ունեցած ռուսական արտադրության արդիական ՀՕՊ համակարգով, իսկ տանկերի ու հրետանային համակարգերի գերակշռությունը մարտական գործողությունների թատերաբեմի յուրահատուկ պայմանների հետևանքով բացահայտորեն անբավարար է ճեղքելու համար ամրաշինական կառույցներով ու հակատանկային՝ արգելքներով հագեցած ղարաբաղյան պաշտպանական բնագծերը» ։
Հատված՝ Պ.գ.թ. դոցենտ, պահեստազորի մայոր, «Կաճառ» գիտական կենտրոնի ղեկավար Մհեր Հարությունյանի «Սերժ Սարգսյանի ներդրումը ՀՀ Զինված ուժերի կազմավորման և զարգացման գործում» աշխատությունից
Արցախ, Լեռնային Ղարաբաղ, Մուրադ Էսենով, բանակ, պաշտպանական բնագծեր, ամենամարտունակ