Մենք լավ գիտենք թշնամուն, կա խաղաղության օրակարգ, և դրանից չպետք է շեղվենք. Արամ Խաչատրյան

Այս տարվա սկզբին սեփական դիմումի համաձայն Լոռու մարզպետի պաշտոնից ազատվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր, պահեստազորի սպա Արամ Խաչատրյանը։ Ի դեպ, ըստ պաշտոնական հաղորդագրության՝ նման որոշում կայացրել էր Նիկոլ Փաշինյանը, մեկ օր անց, սակայն, Արամ Խաչատրյանը 168.am հետ զրույցում ասել էր, որ ինքն ազատվել է սեփական դիմումի համաձայն։

Այսօր 168.am-ը Արամ Խաչատրյանից հետաքրքրվեց, թե ինչո՞վ է այս պահին զբաղվում, արդյո՞ք որևէ պաշտոն զբաղեցնելու առաջարկ ստացել է և որպես պահեստազորի սպա՝ ի՞նչ կարծիք ունի Տավուշում իրականացված սահմանագծման գործընթացի վերաբերյալ, այն ՀՀ-ին անվտանգության երաշխիքներ կտա՞։

«Ես իմ առօրյայով եմ զբաղվում, հանդիսանում եմ նաև Վանաձոր Փամբակի տարածքային խորհրդի նախագահ՝ կուսակցական հարցերով։

Եթե կուսակցությունը, Նիկոլ Փաշինյանը կորոշի որևէ պաշտոնի նշանակել, ես առաջարկը կընդունեմ»,- նշեց Արամ Խաչատրյանը։

Կարդացեք նաև

Հարցին՝ ո՞ր ոլորտում է իրեն ավելի արդյունավետ պատկերացնում, կարո՞ղ է կրկին վերադառնալ ԱԺ, Արամ Խաչատրյանը պատասխանեց.

«ԱԺ վերադառնալն իմ որոշելիքը չէ, պետք է ընտրություններ լինեն։ Արդեն ասացի, որ կուսակցությունը, եթե որևէ  պաշտոն առաջարկի, կուսակցական եմ, հետևելով կուսակցական կարգապահությանը, ինչ որոշեն, պատրաստ եմ այդ պատասխանատվությունը ստանձնել»,- հավելեց նա։

Ինչ վերաբերում է Տավուշում տեղի ունեցած գործընթացներին, Արամ Խաչատրյանը գործընթացը գնահատեց՝  ճիշտ։

«Կարծում եմ՝ սա որոշակի, 100 տոկոսով չասեմ, բայց կմեղմացնի ադրբեջանական ագրեսիան։ Ես չեմ կարող Ադրբեջանի փոխարեն ասել, թե իրենք ինչ են մտածում, ինչ տեղի կունենա, բայց կարծում եմ՝ այդ ագրեսիան կմեղմացվի»,- նշեց մեր զրուցակիցը։

Դիտարկմանը՝ ինչպե՞ս է պատկերացնում ագրեսիայի մեղմացում, եթե Ադրբեջանն անցկացնում է «Արևմտյան Ադրբեջան» փառատոն և հայտարարում, որ մի օր վերադառնալու են «իրենց հայրենիք», Արամ Խաչատրյանը հստակ պատասխան չտվեց, բայց կրկնեց, կարելի է ասել՝ կուսակցական կարգախոսը խաղաղության օրակարգի մասին.

«Մենք լավ գիտենք թշնամուն, բայց օրերից մի օր այս տարածաշրջանում, ամեն դեպքում մեր կողմից…, մեր օրակարգում կա խաղաղության օրակարգ, և դրանից չպետք է շեղվենք։

Ադրբեջանի այդ հայտարարությունները նոր չեն, և մենք չպետք է տրվենք սադրանքների և մեր օրակարգից չպետք է շեղվենք։ Համոզված եմ, եթե ոչ հիմա, ապա ապագայում այս տարածաշրջանում կհաստատվի խաղաղություն»,- եզրափակեց Արամ Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ այս տարի Ամանորից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը սկսեց մարզային այցեր կատարել ու ստուգել մարզադպրոցներում իրականացվող շինարարական աշխատանքի որակը։ Այցի ընթացքում տեսախցիկների առաջ Նիկոլ Փաշինյանը շատ պաշտոնյաների նկատողություն արեց, դժգոհեց շինաշխատանքների որակից, որին հաջորդեցին Կառավարության որոշումները, և երկու մարզպետ, ինչպես նաև Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ազատվեցին աշխատանքից, մարզպետներից մեկն էլ Արամ Խաչատրյանն էր։

Տեսանյութեր

Լրահոս