«Ես եմ հրաժարականի դիմումը գրել, Կառավարության որոշումով չեմ ազատվել». Լոռու նախկին մարզպետ
Ամանորից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը սկսեց մարզային այցեր կատարել ու ստուգել մարզադպրոցներում իրականացվող շինարարական աշխատանքի որակը։ Այցի ընթացքում տեսախցիկների առաջ Նիկոլ Փաշինյանը շատ պաշտոնյաների նկատողություն արեց, դժգոհեց շինաշխատանքների որակից, որին հաջորդեցին Կառավարության որոշումները, և երկու մարզպետ, ինչպես նաև Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ազատվեցին աշխատանքից։
Այսպիսով՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ պաշտոնից ազատվել են Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը։ Ինչպես իշխանական պատգամավոր Հովիկ Աղազարյանն էր իր վերջերս տված հարցազրույցներից մեկում ասել՝ սպասվում է ևս երկու մարզպետի հրաժարական, թե ովքեր կլինեն՝ իշխանական պատգամավորը չի մանրամասնել։
168.am-ի հետ զրույցում Լոռու նախկին մարզպետ Արամ Խաչատրյանն անդրադառնալով իր պաշտոնանկությանը՝ մանրամասնեց, որ ոչ թե ինքն ազատվել է Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, այլ սեփական դիմումի համաձայն է թողել պաշտոնը։ Հրաժարական տալու որոշում վաղուց էր կայացրել՝ դեռ տոներից առաջ։
– Պարոն Խաչատրյան, պաշտոնից հեռանալուց հետո, այս պահին ինչո՞վ եք զբաղվում, որևէ պաշտոն զբաղեցնելու առաջարկ ստացե՞լ եք։
– Այս պահին իմ սովորական առօրյայով եմ զբաղվում, իսկ պաշտոնի առաջարկ դեռ չեմ ստացել։
– Եթե պաշտոն զբաղեցնելու առաջարկ լինի, կընդունե՞ք, թե՞ ժամանակ է պետք մտածելու և ապա որոշում կայացնելու համար։
– Մեր կուսակցությունը, վարչապետն ինչպես որոշի, այդպես էլ կվարվեմ։
– Մարզպետի պաշտոնը թողնելուց հետո ո՞ր ոլորտում եք Ձեզ պատկերացնում, հատկապես, որ պահեստազորի սպա եք։
– Չեք սխալվում, ես պահեստազորի սպա եմ։ Ինձ պատկերացնում եմ այն ոլորտում, որտեղ վարչապետը, Կառավարությունը և քաղաքական թիմը կորոշի։
– Եթե անկեղծ լինեք, չե՞ք նեղվել նման վերաբերմունքից, Նիկոլ Փաշինյանի կողմից նման վերաբերմունքի արժանի՞ էիք։
– Ո՞ր վերաբեմունքից։
– Երբ Նիկոլ Փաշինյանը մարզ կատարած այցից հետո Ձեզ հեռացրեց պաշտոնից։
– Ես ինքս եմ իմ հրաժարականի դիմումը գրել, ինձ չեն պարտադրել, Կառավարության որոշումով չեն ազատել պաշտոնից։ Ես ինքս եմ որոշել և հունվարի 3-ին ազատման դիմում եմ գրել։
– Բայց մարդիկ այլ կարծիք ունեն, որ Ձեզ այդ այցից հետո ասվել է, որ հրաժարական տաք։
– Դուք ինձ ասացիք, որ անկեղծ պատասխանեմ, ես էլ անկեղծ պատասխանեցի։ Իմ դիմումի համաձայն եմ ազատվել պաշտոնից, և վարչապետն էլ Կառավարության նիստում հրապարակավ ասաց, որ ինձ հետ հանդիպել է, շնորհակալություն է հայտնել, ես նույնպես շնորհակալություն եմ հայտնել նման պաշտոն ինձ վստահելու համար։ Շատ նորմալ զրույց ենք ունեցել և որևէ խնդիր մենք չենք ունեցել, չունենք և չենք էլ ունենա։
– Եթե Նիկոլ Փաշինյանի այդ այցը չլիներ Լոռու մարզ, Դուք հրաժարական տալո՞ւ էիք։
– Ես Ամանորից առաջ էի նման որոշում կայացրել, բայց այնպես ստացվեց, որ դիմումը ներկայացրեցի Ամանորից հետո։
– Ինչո՞ւ կայացրեցիք նման որոշում, հանգի՞ստ էր պետք Ձեզ, թե՞ անհետաձգելի գործեր ունեք։
– Կան անձնական խնդիրներ, թույլ տվեք շատ փակագծեր չբացեմ, խնդիրներն առողջական չեն։
– Այդ շինարարական աշխատանքների ծրագիրը, որն իրականացվում է, համակարգում է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։ Նա այդ աշխատանքների ընթացքում կոնկրետ Ձեր մարզ այցելե՞լ է, ծանոթացե՞լ է ընթացքին, ընդունե՞լ է ծրագիրը։
– Ոչ, Տիգրան Խաչատրյանը չի եկել, բայց ես կարող եմ փաստել, որ այդ օբյեկտները, որոնք կան, պատվիրատուն Քաղաքաշինության կոմիտեն է, և ես իբրև այն ժամանակ մարզպետ՝ այդ օբյեկտներ գնացել եմ, փաստերը կան, մարզպետարանի էջով արձանագրված է, որ ես տարբեր ժամանակահատվածներում եղել եմ այդ օբյեկտներում։ Կրկնում եմ՝ թեև պատվիրատուն Քաղաքաշինության կոմիտեն է, բայց ես գնացել եմ, ծանոթացել եմ աշխատանքներին, թերությունները վեր ենք հանել, թերությունների մեծ մասը վերացվել է։ Իհարկե, կարող են լինել թերություններ, որոնք մեր տեսադաշտից դուրս են եղել, այնտեղ, որտեղ կա աշխատանք, կարող է լինել և թերություն։
– Նիկոլ Փաշինյանին ասե՞լ եք՝ եթե կա աշխատանք, կարող է և լինել թերություն։
– Չէ, այդ մասին չենք խոսել, խոսել ենք այն մասին, ինչի մասին ինքը հրապարակավ խոսել է։ Բազմաթիվ ծրագրեր են իրականացվում մարզում, մենք ծանոթացել ենք այս ծրագրերին, նկատել ենք թերությունները և փորձել ենք տալ լուծումներ։
– Ձեր հրաժարականից հետո մարզպետարանում եղե՞լ են պաշտոնյաներ, որոնք նույնպես հրաժարական են ներկայացրել։
– Մարզպետարանի բոլոր աշխատակիցները շարունակում են աշխատել, և ես դուրս գալուց խնդրել եմ մեր գործընկերներին, որպեսզի բոլորը նույն եռանդով ու ոգով շարունակեն աշխատել։ Երբ կնշանակվի նոր մարզպետը, ես չեմ կարող ասել, ով կլինի, արդեն թող մարզպետը կամ իմ գործընկերները որոշեն՝ շարունակե՞ն աշխատել, թե՞ ոչ։
Նաև ուզում եմ ասել, որ Արթուր Չախոյանն իր տեսանյութում ասում էր, որ Լոռու մարզում ճանապարհաշինարարության որակը վատն է եղել, ինչ-որ հողի վրա ասֆալտ են արել, և այլն։ Ուզում եմ ասել, որ այդ ճանապարհի մասին, որ բարձրաձայնել է, ամռանը ես անձամբ գնացել եմ, թերությունը տեսել եմ, բարձրաձայնել եմ, և այդ թերությունը վերացվել է։