Մենք չպետք է շեղվենք խաղաղության օրակարգից, Արցախը ԱՀ ղեկավարները հանձնեցին. Փաշինյանի նոր խորհրդական
Լոռու նախկին մարզպետ, Նիկոլ Փաշինյանի նորաօծ խորհրդական Արամ Խաչատրյանն այսօր կառավարության նիստից հետո պատասխանել է լրագրողների հարցերին։
Լրագրողների դիտարկմանը, թե նա մարզպետի պաշտոնից ազատվել է մարզի դպրոցներում արձանագրված թերացումների պատճառով, Արամ Խաչատրյանը պատասխանեց․ «Դուք որևէ մեկից լսե՞լ եք, որ այդ պատճառով եմ ազատվել։ Ես եմ դիմում գրել․ դա ուղղակի զուգադիպություն է եղել»։
Լրագրողները նոր խորհդրականից հետաքրքրվեցին՝ հնարավո՞ր է, որ վարչապետին խորհուրդ տա կորցրած տարածքները վերադարձնելու մասին՝ նա ի պատասխան՝ վստահեցրեց, որ ՀՀ տարածքը 29 743 քկմ է․ դա չի էլ քննարկվում։
«Դիվանագիտական ճանապարհով պետք է խնդիրը լուծվի։ Հիմա մեր օրակարգում խաղաղության պայմանագիրն է․, և մենք չպետք է շեղվենք խաղաղության պայմանագրից»,- այս համատեքստում հավելեց նա։
Հարցրին Արամ Խաչատրյանին՝ ո՞վ հանձնեց Արցախը։ «Արցախի գործող իշխանությունները»,- պատասխանեց նա։