Փարիզի քաղաքապետը, այլ քաղաքական գործիչներ Մակրոնին կոչ են արել զորք ուղարկել Հայաստան
Ֆրանսիայի մի շարք քաղաքական և հասարակական գործիչներ նախագահ Էմանուել Մակրոնին ուղղված բաց նամակ են ստորագրել` կոչ անելով խաղաղապահ զորակազմ ուղարկել Հայաստան: Այս մասին հայտնում է Le Point պարբերականը։
Նամակի տակ ստորագրել են Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Բեռնար Քուշները և այլ հայտնի անձինք: Նամակի հեղինակներն ընդգծում են Հայաստանի անվտանգության ապահովման և ինքնիշխանության պահպանման կարևորությունը։ Նրանք շնորհակալություն են հայտնել նախագահին պաշտպանական ծրագրերում, այդ թվում` սպառազինության մատակարարումներում և հայ զինծառայողների համար ուսումնական ծրագրերում Հայաստանին աջակցելու համար:
«Ցավոք, դա կարող է բավարար չլինել Ալիևի վարչակարգը էքսպանսիոնիստական և հանցավոր ծրագրերից հետ պահելու համար։ Ադրբեջանը, հենվելով ռազմական առավելության վրա, նավթագազային եկամուտների և Թուրքիայի աջակցության շնորհիվ, տրամադրված է ռազմական էսկալացիայի, հատկապես Ղարաբաղում «հաջողված» էթնիկ զտումներից հետո։ Դա բարդացրել է Հայաստանի հարաբերություններն իր ավանդական դաշնակից Ռուսաստանի հետ»,-ասվում է հայտարարության մեջ։
Նամակի հեղինակները «վատագույն սցենարից խուսափելու համար», առաջարկում են ցույց տալ Հայաստանին աջակցելու օրինակ` հնարավոր ագրեսորների ախորժակը զսպելու համար։
«Մենք կարծում ենք, որ Հայաստանում ֆրանսիական եռագույնի տեղակայումը` բացառապես խաղաղ մտադրությունների ցուցադրմամբ, կամրապնդի երկրի իմունիտետը տոտալիտար սպառնալիքներից»,-հայտարարում են նամակի հեղինակները։
Նամակը ստորագրողների թվում են «Հանրապետականներ» կուսակցության նախագահ Էրիկ Չոտին, Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա-Քսավյե Բելամին, Իլ-դը-Ֆրանսի (Վալերի Պեկրես), Օ-դը-Ֆրանսի (Քսավիե Բերտրան), Օվերն-Ռոն-Ալպի (Լորան Վասկես) տարածաշրջանային օրենսդիր ժողովների նախագահները, Նիսի քաղաքապետ Քրիստիան Էստրոզին, Ֆրանսիայի հունական (նաև` կիպրական) և քրդական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև հայտնի լրագրողներ, գրողներ և պատմաբաններ։