Օխլոկրատիայից՝ խուլիգանակրատիա. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ի՞նչ է իրենից ներկայացնում Նիկոլ Փաշինյանի ու նրա գլխավորած ՔՊ-ի իշխանությունը՝ որպես կառավարման տեսակ: 2018 թվականից սկսյալ, իսկ վերջին մի քանի տարին՝ առավել ևս, հաճախ կարելի էր հանդիպել բռնապետություն, ավտոկրատիա տերմինները, որին ձգտում է Նիկոլ Փաշինյանը, որը ժողովրդավարությունից փշուրներ անգամ չի թողել: Վերջին իրադարձությունների ֆոնին այդ ամենին վերստին ականատես եղանք բոլորս: Նաև իրենց քարոզած «դեմոկրատական արժեքները» իրենց շահերին զոհած «հավաքական Արևմուտքի» ներկայացուցիչները: Նրանք տեսան, որ իրենց հովանավորած ու ֆինանսավորած, այսպես կոչված, «բարեփոխումներով» ստացվել է, ինչպես քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն է նկատել, «բարեփոխված գեստապո»:

Այսինքն, ստացվել է իբրև թե «ոստիկանություն», որի շատ կոնկրետ ստորաբաժանումներ կոչված են հանուն Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պահելու բզկտելու, խմբակային հարձակումների ու խոշտանգումների ենթարկելու ընդվզող քաղաքացիներին, աղետաբեր ռեժիմի դեմ հրապարակայնորեն արտահայտվողներին: Դրան ինչ անուն ասես կարելի է տալ, բայց հասկանալի է, որ դա չնչին աղերս իսկ չունի ո՛չ ժողովրդավարության, ո՛չ պետության, ո՛չ էլ, առավել ևս, մարդկայնության հետ: Վերադառնանք սակայն հիմնական հարցին: Հիմա Հայաստանում ի՞նչ է, բացի այն, որ գործնականում երկրում ներդրված է Փաշինյանի ու նրա կամակատարների միջոցով իրականացվող արտաքին կառավարում՝ ընդգծված արևմտա-թուրք-ադրբեջանական ակցենտով:

Չնայած ձևական առումով Փաշինյանը և նրա ՔՊ-ն ընտրվել են 2021թ. ԱԺ արտահերթ ընտրություններով, ավելի ճիշտ՝ ինքնավերարտադրվել են՝ գրանցված ընտրողների համատարած պասիվության, ի լրումն՝ վարչական ռեսուրսների չարաշահման պայմաններում, բայց նրանք վաղուց արդեն դադարել են լինել ընտրությունների միջոցով ձևավորված իշխանություն՝ իրենց քաղաքական էությամբ ու բովանդակությամբ: Այս խումբը, Փաշինյանի գլխավորությամբ, խախտել է իր իսկ նախընտրական խոստումները, ավելին՝ այդ խոստումների հիման վրա ու դրանց իմաստն արտացոլող իր իսկ կառավարության ծրագիրն է ոտնահարել: Հանրագումարում՝ խորհրդարանում 2021-ի, օրինակ՝ աշնան դրությամբ ձևավորված մեծամասնական պատկերը ոչ մի կերպ չի համապատասխանում Հայաստանի հասարակության ներկայիս տրամադրություններին և չի արտացոլում այդ տրամադրությունները:

Գործնականում Հայաստանի Հանրապետության՝ Սահմանադրությամբ ժողովրդին պատկանող իշխանությունը զավթված է նույն այդ ժողովրդից՝ իրենց ընտրված ու լեգիտիմ համարող անձանց որոշակի խմբի կողմից, որը ուղղակիորեն իրեն ենթարկվող ոստիկանական ուժերի միջոցով ամենաիսկական ահաբեկման է ենթարկում նույն այդ հասարակության ակտիվ զանգվածին: Բայց սա բռնապետությո՞ւն է: Մեծ հաշվով՝ այո: Սակայն մեր մի հայրենակից բավականին դիպուկ դիտարկում է արել այդ առնչությամբ. «Մի՛ շփոթեք բռնապետությունը խուլիգանապետության հետ»: Եվ իսկապես էլ՝ բռնապետությունը, որպես կանոն, ինչքան էլ տարօրինակ չհնչի, հիմնվում է գաղափարի, գաղափարական համոզմունքների, որոշակի ուսմունքների վրա: Տվյալ դեպքում՝ կարևոր չէ, թե ինչ ուսմունքի: Իսկ նման տերմիններ Փաշինյանի ու նրա ՔՊ-ի դեպքում ուղղակի հնարավոր չէ կիրառել: Չկա գաղափար:

Ինչպես ինքն էր ասում՝ «իզմ»-եր չկան: Որևէ մեկին կամ որևէ ուժի մերժելն ինքնին գաղափար չէ: Մերժելով կարելի է ինչ-որ մեկին վանել, հեռացնել, կարելի է քանդել, ավերել, քայքայել: Բայց դա գաղափար չէ: Պարգևավճարը, «չաղ ու բախտավոր ապրելը», շարունակաբար պատերազմների ու աղետների հանգեցնող «խաղաղությունը» նույնպես գաղափարներ չեն: Ինչպես գաղափար չէ, օրինակ՝ «կոռուպցիայի դեմ պայքար» ասելով՝ այդ նույն կոռուպցիայի մեջ ընկղմվելը: Այսինքն, ՔՊ-ի միակ «գաղափարախոսությունը» մնում է պաշտոնը՝ դրանից բխող հետևանքներով՝ կարգավիճակ, փող և այլն… Մի խոսքով, Նիկոլ Փաշինյանը շատ է ցանկանում ձևավորել բռնապետություն: Սակայն, դիտարկելով վերջին տարիներին նրա իշխանության պահվածքը, գործելակերպը, գալիս ես անխուսափելի հետևության, որ գործ ունենք պարզ խուլիգանապետության հետ: Ավելին, որոշ փորձագետներ սոցցանցերում սկսել են օգտագործել «լակոտակրատիա» տերմինը: Դա գործնականում դրսևորվում է տվյալ իշխանության գործունեությանն առնչվող ամեն ինչում՝ սկսած պետական մարմինների կառավարումից, վերջացրած հանրության հետ հարաբերություններով:

Ըստ որում, դեռևս 2018-ին, երբ Փաշինյանի «թավիշը» գալիս էր, ավելի ճիշտ՝ եկավ իշխանության, ի թիվս քչերի, մեր թերթն էլ ուշադրություն հրավիրեց օխլոկրատիայի հաստատման ու դրա պարունակած վտանգների վրա: Օխլոկրատիան այն է, երբ պետության ու ժողովրդի համար կենսական նշանակության հարցերի (ասենք՝ ոչ շատ կարևոր թվացողների ևս) վերաբերյալ որոշումները կայացվում են ոչ թե սահմանադրորեն ժողովրդի իշխանության կիրառմամբ, այլ ամբոխի քմահաճույքներով: Գործնականում այդպես էլ եղավ: Ու չնայած հետագայում տեղի ունեցած ԱԺ երկու արտահերթ ընտրություններին (2018թ. դեկտեմբեր, 2021թ. հունիս), բովանդակային առումով փոփոխություն տեղի չունեցավ: Հիմնական փոփոխությունն այն է, որ օխլոկրատիկ ռեժիմը արագորեն վերափոխվեց խուլիգանականի՝ գործնականում էլ ավելի ցածր մակարդակի վրա իջնելով:

Ու միանգամայն օրինաչափ է, որ նման իշխանությանը ենթարկվող ոստիկանական կոնկրետ ստորաբաժանումներ իրենց դրսևորում են, ինչպես դա Բագրատ Սրբազանն է նկատել, խուլիգանի նման. լինի դա դեռահասի մազերը քաշելով «բերման ենթարկելը», 20-30 հոգով փողոցային խուլիգանի նման ԱԺ պատգամավորի վրա հարձակվելը, թե ցուցարարների, այդ թվում՝ կանանց, տարեցների վրա 15 րոպեում 25-30 նռնակ նետելը, թե որևէ այլ՝ այս օրերին լիուլի արձանագրված ապօրինություն: Այդ ամենը, ինչպես նաև վերջին օրերին ծավալվող վայրագ ռեպրեսիաները հենց ասվածի ցցուն ապացույցներն են: Ամենից վատն այն է, որ այս անկումը, որակական ու բովանդակային այդ գահավիժումը տակավին շարունակվում է: Գուցե կան մտածողներ, թե պետք է մինչև վերջ ընկնել, որպեսզի դրանից հետո սկսենք բարձրանալ: Բայց վախենանք՝ մոլորություն է այդպես կարծելը: Համենայն դեպս, եթե կա տարբերակ, ապա չարժե ապառաժներին բախվելով՝ ջարդուխուրդ լինել: Եթե կա տարբերակ, պետք է այս անկումը, այս գահավիժումը կասեցնել հնարավորինս շուտ ու այդ կետից արդեն սկսել բարձրանալ»:

Տեսանյութեր

Լրահոս