Պուտինն առաջարկել է անվտանգության նոր համակարգ ստեղծել Եվրասիայում

Եվրասիական մայրցամաքում անվտանգության նոր կառույց է պետք։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ ԱԳՆ ղեկավարության հետ հանդիպման ժամանակ։

«Կարծում ենք, որ եկել է Եվրասիայում հավաքական անվտանգության երկկողմ և բազմակողմ երաշխիքների նոր համակարգի շուրջ լայն քննարկում սկսելու ժամանակը։ Ընդ որում` հեռանկարում պետք է գործը տանել այն ուղղությամբ, որ եվրասիական տարածաշրջանում աստիճանաբար դադարեցվի արտաքին տերությունների ռազմական ներկայությունը», – ասել է նա։

Պուտինի խոսքով` անվտանգության այդ համակարգը պետք է բաց լինի Եվրասիայի բոլոր երկրների համար։

««Բոլորի համար» նշանակում է, որ եվրոպական, ՆԱՏՕ-ի երկրների համար, անշուշտ, նույնպես»,- ասել է Պուտինը։

Դրա համար, նրա խոսքով, պետք է երկխոսություն հաստատել պոտենցիալ մասնակիցների հետ։

«Եթե Եվրոպան ուզում է իրեն պահել որպես զարգացման ինքնուրույն կենտրոններից մեկը, ապա անպայման պետք է լավ, բարիդրացիական հարաբերությունների մեջ լինի Ռուսաստանի հետ։ Եվ գլխավորն այն է, որ մենք պատրաստ ենք դրան»,- ավելացրել է Պուտինը՝ հիշեցնելով, որ այդ մասին խոսել են Շառլ դը Գոլը և Հելմուտ Կոլը։

Նա հույս է հայտնել, որ այդ ժառանգությանը կվերադառնան եվրոպացի քաղաքական գործիչների նոր սերունդները, քանի որ աշխարհում տեղի են ունենում խորքային համակարգային փոփոխություններ, և դա լավատեսություն է ներշնչում ։

«Բազմաբևեռության, միջազգային գործերում բազմակողմանիության սկզբունքների հաստատումը, ներառյալ միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքը, լայն ներկայացուցչականությունը, թույլ է տալիս միասին լուծել ամենաբարդ խնդիրները ընդհանուր շահի համար»,- ասել է Պուտինը:

Նրա խոսքով՝ եվրասիական անվտանգության համակարգը պետք է ներառի տնտեսական, աղքատության հաղթահարման և սոցիալական այլ հարցեր:

Տեսանյութեր

Լրահոս