Ոչ ոք մտադիր չէ «ընտրյալների ակումբի» դռները բացել հայ ժողովրդի առաջ. Մեդվեդև

Արևմուտքը չի պատրաստվում Հայաստանին հրավիրել Եվրամիություն, մոտ ապագայում նման ապագա չի սպասում նաև Ուկրաինային։ Այս հայտարարությունն արել է ՌԴ անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը:

«Հայ և ռուս ժողովուրդների՝ ավելի քան մեկդարյա պատմություն ունեցող բարեկամությունը, որն ամրապնդվել է ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի շրջանակներում դաշնակցային հարաբերություններով, վաղուց դարձել է Վաշինգտոնի և նրա դաշնակիցների աչքի փուշը։ Անդրկովկասյան պետությանը եվրոատլանտյան ճամբար «քաշելու» համար զգալի ուժեր են ներդրվել։ Իզուր չէ, որ հենց ՀՀ մայրաքաղաքում է տեղակայված ԱՄՆ-ի` աշխարհում ամենամեծ դեսպանատներից մեկը»,- «Ռոսիյսկայա գազետայում» հրապարակված հոդվածում նկարագրել է Մեդվեդեւը։

Նա նշել է, որ ԱՄՆ-ի, ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի էմիսարները գնալով ավելի հաճախ են հյուրընկալվում Հայաստանում, աջ ու ձախ շռայլ խոստումներ են տալիս, իսկ «ոսկե սարերը», ներառյալ Եվրամիությանը անդամակցությունը, Երևանին առաջարկում են լիակատար լոյալության դիմաց:

«Բայց գայթակղվել պետք չէ. նման խոստումներն ընդամենը խայծ են` դրված նեոգաղութային թակարդում։ Ոչ ոք մտադիր չէ «ընտրյալների ակումբի» դռները բացել հայ ժողովրդի առաջ։ Հարցրեք նեոբանդերականներին` արդյոք նրանց հաջողվե՞լ է անդամակցել ԵՄ-ին։ Ոչ, և մոտ ապագայում էլ նրանք չեն հասնի դրան: Հարց է` արդյոք ընդհանրապես կհասնե՞ն: Թող նայեն Վրաստանին, որտեղ վերջերս հաստատվեց մի օրենք, որը դուր չեկավ ԱՄՆ-ին և ԵՄ-ին։ Ու ի՞նչ։ Պատժամիջոցներ: Իսկ Եվրախորհրդարանի կողմից 2024 թվականի մարտին ընդունված՝ ԵՄ-ի և Հայաստանի միջև հարաբերությունների ամրապնդման մասին բանաձևը գործնականում սովորական թուղթ է՝ առանց պարտավորությունների», – նշել է Մեդվեդևը։

Նրա խոսքով՝ նման իրավիճակ է ստեղծվում նաև Մոլդովայում, որին Մայա Սանդուն ուղիղ նեոգաղութատիրական ստրկության է տանում՝ օգտագործելով «պայծառ ապագայի» մասին նույն հեքիաթները։

Տեսանյութեր

Լրահոս