ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանը հայտարարագրել է մի քանի անշարժ և շարժական գույք

168.am-ը շարունակում է ներկայացնել պաշտոնյաների 2023 թվականի տարեկան հայտարարագրերը: ՆԳՆ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հայտարարագրերի շարքի հերթական ներկայացուցիչը խաղաղ անհնազանդության ակցիաների ժամանակ ոստիկանության ներքին զորքերի աննահանջ պայքարը համակարգող Հայկ Բաբայանն է:

Ի դեպ, Բաբայանն ընդամենը 1 շաբաթ առաջ է ստացել գեներալ-մայորի կոչումը: Մամուլում չէին բացառել, որ սա առաջիկայում քաղաքացիների հանդեպ կարմիր ու սև բերետավորների կատարմամբ նոր որակի վայրագությունների պրոլոգն է: Հրապարակումներից մեկում էլ վստահեցրել էին՝ Հայկ Բաբայանը քաղաքական ղեկավարության կողմից ոչ միայն շնորհակալությունների է արժանացել իր նվիրումի համար, այլև նոր խոստում է ստացել՝ ՆԳՆ-ում առաջիկայում ստեղծվելիք Ազգային գվարդիայի հրամանատարի պաշտոնի տեսքով:

Այսպիսով, 2020 թվականից ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի, ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը ստանձնած Հայկ Բաբայանը 2024 թվականի իր հայտարարագրում տարեսկզբին հանրայնացրել է 9 անշարժ գույք, իսկ տարեվերջին՝ մեկով պակաս:

2004 և 2008 թվականներին նա ձեռք է բերել 5 հողամաս, որոնց տնօրինում է համատեղ սեփականության իրավունքով. գույքերը չեն գնվել, իսկ ձեռք բերելու եղանակը նշված է՝ «այլ»:

Կարդացեք նաև

Ժառանգության եղանակով 2021 թվականին նա ստացել է հողամասի վրա կառուցված անհատական բնակելի տուն` իր տնտեսական շինություններով, և անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից հաշվառված ու գնահատված շինություն, որը դեռևս չի ստացել իրավունքների պետական գրանցում:

Տարեվերջին այս ցանկը լքել է 2022 թվականին Նոր Նորքում գնված բնակարանը, որը տնօրինել է համատեղ սեփականության իրավունքով:

Տարեսկզբին Հայկ Բաբայանը հայտարարագրել է 4 տրանսպորտային միջոց՝ 2015թ. գնված Նիսան, 2021թ. գնված ԲՄՎ և  2022թ. ձեռք բերված Կիա և Հյունդայի մակնիշի մեքենաներ:

Տարվա ընթացքում պաշտոնյան օտարել է 2006 թվականի արտադրության ԲՄՎ և Նիսան մակնիշի մեքենաները՝ համապատասխանաբար՝ 1 միլիոն 200 հազար դրամով և 2500 ԱՄՆ դոլարով:

Հանձնված և վերադարձված փոխառություններ տողից էլ տեղեկանում ենք՝ 2023 թվականի տարվա վերջում տարեսկզբին առկա 27 միլիոն 250,000 դրամ փոխառության գումարը կազմել է 26 միլիոն 864,500 դրամ. պարտապանն Էվոկաբանկն է:

Տարեսկզբին 3,820,000 դրամ կանխիկ դրամն էլ տարեվերջին ավելացել է՝ կազմելով 3 միլիոն 930.000 դրամ:

Հայկ Բաբայանի հաշվետու տարվա եկամուտները գոյացել են ՆԳՆ-ից՝ 12 միլիոն 511.754 դրամ աշխատավարձի տեսքով և 1500 դոլարի չափով ազգականից ստացած նվիրատվության կամ օգնության տեսքով:

Հայկ Բաբայանի չափահաս որդին էլ՝ Հարություն Բաբայանը, հայտարարագրել է 2023 թվականին գնված 2017 թվականի արտադրության CHEVROLET մակնիշի մեքենան, որը գնել է 1 միլիոն 459.000 դրամով:

Տեսանյութեր

Լրահոս