Ի՞նչ է հայտարարագրել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանը

Մայրաքաղաքում խաղաղ անհնազանդության ակցիաների ժամանակ բավականին աչքի է ընկնում հայրենի ոստիկանությունը՝ իր ողջ ներուժով, փոքր ու մեծ դերակատարներով, երփներանգ բերետներով: Ու հենց այս հանգամանքով պայմանավորված՝ ՆԳՆ տարբեր տարբեր դերակատարների հանդեպ առավել է մեծացել հանրային հետաքրքրությունը:

168.am-ն առանձին շարքով անդրադառնում է ՆԳՆ աշխատակիցների, պաշտոնյաների հայտարարագրերին՝ ցույց տալու համար, թե ովքեր են այսօր պարտավոր ապահովել քաղաքացիների անվտանգությունը, կանխել, նախականխել կամ խափանել հանցագործություններն ու վարչական իրավախախտումները, ապահովել հասարակական կարգը, և այլն:

Շարքի հերթական դրվագը 2023 թվականի ապրիլից ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետի, ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը ստանձնած Արթուր Խուդինյանի մասին է:

Արթուր Խուդինյանը Երևան քաղաքի վարչության ՊՊԾ ոստիկանության գնդի հրամանատարն էր (2018-2020 թթ.), Երևան քաղաքի վարչության պետի ծառայության գծով տեղակալը (2020-2023 թթ.): Ի դեպ, նրա նվիրումը դեռ 2020 թվականին տեսել և գնահատել է Նիկոլ Փաշինյանը՝ նրան արժանացնելով շնորհակալագրի:

Կարդացեք նաև

Այսպիսով, ըստ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանի՝ 2023 թվականի գույքի և եկամուտների հայտարարագրի, նա տարեսկզբին հայտարարագրել է 13 անշարժ գույք, որոնք պահպանել է նաև տարեվերջին:

Ծնունդով Լոռու մարզի Ճոճկան համայնքից պաշտոնյան 2009, 2010 և 2017 թվականներին հենց այս համայնքում է 9 գույք ստացել որպես ժառանգություն. հողամասեր և անհատական բնակելի տուն, որոնք տնօրինում է բաժնային սեփականության իրավունքով:

2014 թվականին Արթուր Խուդինյանը գնել է բնակարան Երևանի Շենգավիթ համայնքում, որը տնօրինում է միանձնյա:

2020 թվականին Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում նա ձեռք է բերում ևս մեկ բնակարան՝ համատեղ սեփականության իրավունքով. այս բնակարանի ձեռքբերման եղանակը հայտարարագրում նշված է՝ «այլ»:

2020 թվականը բարեբեր է եղել նրա համար. նա այդ տարում իբրև նվիրատվություն է ստացել նաև հողամաս՝ Կոտայքի մարզի Զովունի համայնքում, որը տնօրինում է միանձնյա սեփականության իրավունքով:

2021 թվականին պաշտոնյան դարձյալ «այլ» եղանակով ձեռք է բերել ավտոկայանատեղի Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում:

Հանձնված և վերադարձված փոխառություններ, բանկային ավանդներ տողից տեղեկանում ենք՝

ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ-ոստիկանության պետի տեղակալի տվյալ տարվա սկզբում առկա փոխառության գումարը կազմել է 14,166,015 դրամ, տարեվերջին՝ 13,611,273 դրամ, իբրև պարտապան է նշվել ԵՊՀ շրջանավարտների միավորում հասարակական կազմակերպությունը, որը, հիշեցնենք, հանդես է գալիս իբրև կառուցապատող: Տարվա ընթացքում Արթուր Խուդինյանը հենց այս հկ-ին է հանձնել 2,125,730 դրամ փոխառությունը:

Բանկային ավանդներ

2023 թվականի տարեվերջին պաշտոնյայի բանկային ավանդներն ունեցել են հետևյալ տեսքը՝ 10.000 ԱՄՆ դոլար և 7,589,352 դրամ:

Դրամական միջոցները

Տարեսկզբին բանկում պահվող 511 102 դրամը տարեվերջին կազմել է 1 միլիոն 113 320 դրամ, տարեսկզբի 1 միլիոն կանխիկ դրամը տարեվերջին ավելացել է ևս 100.000-ով:

Արթուր Խուդինյանի հաշվետու տարվա՝ 2023 թվականի եկամուտները գոյացել են ՀՀ ոստիկանությունից՝ աշխատանքային վարձատրության տեսքով՝ 7 միլիոն 334 638 դրամ, «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ից՝ փոխառության տեսքով՝ 18 միլիոն դրամ, այլ եկամուտներ՝ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեից՝ 1,574,259 դրամ, տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոս և այլ հատուցում Ակբա բանկից՝ 291 դոլար և 373 330 դրամ:

Տեսանյութեր

Լրահոս