Բաժիններ՝

«Ես շատ ցավ եմ տեսել և ապրելու տենչ զգացել… ծնվել եմ ապրիլի 24-ի». դաշնակահար և կոմպոզիտոր Սերուժ Կրաջյան

Կանադաբնակ դաշնակահար և կոմպոզիտոր Սերուժ Կրաջյանը, որը «Ջունո» մրցանակաբաշխության կրկնակի հաղթող է, երկու անգամ առաջադրվել է «Գրեմմի»-ի, հունիսի 9-ին համերգով կներկայանա Երևանում: Երեկոն տեղի կունենա «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

Երաժիշտը Հայաստանում կհյուրընկալվի «Դաշնամուրային ֆանտազիա» խորագրով շրջագայության շրջանակում: «Այն ստեղծագործությունները, որ հնչելու են երեկոյին, իմ երևակայության արդյունքն են, իմ կենսագրության երաժշտական մատուցումն են: Այն ամենը, ինչ ցանկացել եմ անել երաժշտության ոլորտում, առանց ոճային սահմանների երաժշտություն ստեղծելն է եղել: Մի համերգի ընթացքում բազմաժանր ստեղծագործություններ են հնչում: «Ֆանտազիա» բառը հենց դա է խորհրդանշում»,-ասում է դաշնակահարը:

Կրաջյանի համար առաջնային նշանակություն ունի նորարարությունը: Համադրելով հեղինակային ստեղծագործությունների ընտրանին հանրահայտ դասական գործերի նոր մոտեցումների հետ՝ համերգն արտացոլում է երաժշտի ստեղծագործական ճանապարհորդությունը Միջին Արևելքից դեպի Եվրոպա և Հյուսիսային Ամերիկա՝ կամրջելով դասական երաժշտությունը ժողովրդականի, ֆլամենկոն տանգոյի, Միջին Արևելքի ռիթմերը Հարավային Ամերիկայի բազմազան տրամադրությունների և հայկական մշակութային ժառանգության մարգարիտների հետ:

«Բախտավոր եմ, որ հնարավորություն եմ ունեցել ապրել տարբեր երկրներում: Յուրաքանչյուր երկիր գնալով՝ ձգտել եմ այդտեղի երաժշտությունն ու երաժշտական ավանդույթներն իմը դարձնել և դրանց օգնությամբ զարգացնել իմ երաժշտությունը, որում առանցքային տեղ ունեն հայկական տարրերը: Հայկական երաժշտությունն ինձ համար օդի և ջրի պես կարևոր է: Ամեն օրն ինձ համար իմաստավորվում է հայկական արմատների և հայկական երաժշտության շնորհիվ: Հավատարիմ մնալով հայկական երաժշտության արմատներին՝ ձգտում եմ նորարարության»,-ընդգծում է Սերուժ Կրաջյանը:

Նա ծնվել է Լիբանանում և մեծ դժվարությունների միջով է անցել: Կրաջյանի երաժշտության մեջ արտացոլվում են և՛ թախիծը, և՛ ուրախությունը, և՛ հոռետեսությունը, և՛ լավատեսությունը:

«Ես շատ ցավ եմ տեսել և ապրելու տենչ զգացել: Ծնվել եմ ապրիլի 24-ին: Այդ ամսաթիվը, այդ օրվա իմաստը մեծ դեր են խաղացել իմ կյանքում. հասկացել եմ՝ ամենացավալի օրը կարող է դառնալ վերածննդի սկիզբ»,-ասում է դաշնակահարը:

Սերուժ Կրաջյանը միշտ սիրով է հանդիպում հայ հանդիսատեսի հետ: Վերջին անգամ 2022-ի դեկտեմբերին է ելույթ ունեցել Երևանում և հիանալի տպավորություններով հեռացել: «Հետաքրքիր բան կա. երբ բեմ ես բարձրանում, առաջին իսկ պահից զգում ես կապը հանդիսատեսի հետ: Երևանում այդ կապն ամուր էր, և այն ինձ ուժ էր տալիս»,-նշում է երաժիշտը, որի համար այդ կապը մեծ հարստություն է:

Բազմակողմանի դրսևորումներ ունեցող արտիստը կարծրատիպեր կոտրելու, երաժշտական տարբեր ոճեր ուսումնասիրելու և միաձուլելու հմտությունների շնորհիվ մեծ ճանաչում է վայելում միջազգային երաժշտական ասպարեզում։

The New York Times-ը Կրաջյանի կատարողական արվեստը բնորոշել է որպես նրբագեղության և ոգու անխախտ հավասարակշռություն, մինչդեռ Frankfurter Allgemeine-ը նշել է, որ երաժիշտն օժտված է կրակոտ խառնվածքով և նրբին հնչողությամբ, բոցաշունչ տեխնիկայով։

Սերուժ Կրաջյանը մենահամերգներով, կամերային երաժշտության համերգներով և պրեմիերաներով հանդես է եկել Կանադայի բոլոր խոշոր քաղաքներում, ԱՄՆ-ում, Եվրոպայում, Ասիայում, Լատինական Ամերիկայում։ Նա ելույթներ է ունեցել Տորոնտոյի, Վանկուվերի, Էդմոնտոնի, Մադրիդի և Գյոթինգենի սիմֆոնիկ նվագախմբերի, Ռուսաստանի ազգային նվագախմբի, Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի և Թաիլանդի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։ Սերուժ Կրաջյանը «Ամիչի» կամերային անսամբլի գեղարվեստական ղեկավարն է։ Նրա առաջին՝ «Հազարավոր երգերի սոխակ» օպերան առաջին անգամ բեմադրվել է 2023 թվականին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս