Բաժիններ՝

«Թրենդների» գերի երբեք չեմ եղել». Ժորա Շահինյանը՝ իր կատարումների, հայկական երաժշտությանն ու արժեհամակարգին նվիրվածության մասին

Հայ երաժշտասերի սրտերը նվաճած ռուսաստանաբնակ Ժորա Շահինյանից փորձել ենք պարզել երաժշտության տեղն ու դերն իր կյանքում, հայ լսարանի առանձնահատուկ ընկալումը, արդեն կատարված և հետագա անելիքները։

– Դուք շատ կարճ ժամանակահատվածում հասցրեցիք ձևավորել Ձեր արվեստը գնահատող «նվիրյալ» երկրպագուների մեծ բանակ։ Կպատմե՞ք՝ ե՞րբ հասկացաք, որ երաժշտությունն է Ձեր առաքելությունը։

– Երաժշտությունը դեռ մանկուց իմ կյանքի կարևոր մասնիկն էր։ Մեծանալով ավանդական հայկական երաժշտությունն արժևորող ընտանիքում, մշտապես շրջապատված եմ եղել հայկական մեղեդիներով ու ռիթմերով, իսկ քաղաքային ֆոլկը, կարելի է ասել, մանկությանս «սաունդթրեքն» է։ Ավելի հասուն տարիքում վստահ էի, որ ուզում եմ աշխարհին հասցնել այդ հարուստ ժառանգությունը՝ ժամանակակից էլեմենտներով ավելի մեծ լսարան ունենալու համար։

– Հետաքրքիր է, որ Ձեր ռեպերտուարում, բացի էստրադային կատարումներից, մեծ տեղ է զբաղեցնում ֆոլկը, որը շատ սիրված է երկրպագուների կողմից։

– Ես մշտապես փորձում եմ պահել փոխադարձ կապը իմ հանդիսատեսի հետ, որպեսզի ավելի լավ հասկանամ մարդկանց ընկալումը և վերաբերմունքը․ ինձ համար անչափ կարևոր է այն մարդկանց կարծիքը, ում շնորհիվ ես իբրև արտիստ ինձ կայացած եմ զգում։ Այդ իմաստով, երկրպագուներիս մեկնաբանություններից անգամ պարզ է, որ ֆոլկի հանդեպ սերս ու ամենակարևորը՝ անկեղծությունը միանշանակ փոխանցել եմ հանդիսատեսին։ Հատկապես շատ հուզիչ է օտարության մեջ բնակվող մեր հայրենակիցների բուռն արձագանքը, օրինակ, «Հայերիս» կատարմանը, որով կարծես իրենց կարոտն էին փարատում։

– Կարծեք թե մերօրյա շատ արտիստներ են այսօր վերադառնում «ակունքներին»։ Դա նորաձև՞ է։

Չնայած աշխարհին համընթաց քայլելու գիտակցմանը, երբեք «թրենդների» գերի չեմ եղել և կարևորել եմ սեփական համոզմունքներն ու հայկական արժեհամակարգին հավատարմությունը։ Իսկապես փորձում եմ իմ երգերում միավորել հայկական ժողովրդական երգը ժամանակակից հնչողությամբ, դա շատ նուրբ բալանս է, որը սկսվում է ավանդական տարրերի ուսումնասիրությունից՝ մինչև պոպուլյար ժանրի հետ համադրումը։ Խնդիրը՝ ժողովրդական երգի ոգին պահպանելով՝ այն դարձնել մերօրյա լսարանի համար հասանելի և ընկալելի, որն անշուշտ այն կդարձնի նաև սիրելի։

– Հաշվի առնելով Հայաստանում և դրա սահմաններից դուրս Ձեր շրջագայություններն ու բազում համերգային ծրագրերը, կարելի է պնդել, որ Դուք նշանակալից դեր ունեք հայակական երաժշտության տարածման գործում։ Ինչպե՞ս եք վերաբերվում Ձեր այդ դերին։

Առաջինը մեծ պատասխանատվությամբ՝ ոգեշնչելու հատկապես գալիք սերնդին՝ սիրելու ու գնահատելու սեփական երաժշտությունը․ օտարամոլությունը կործանում է ազգերին, իսկ մշակույթը՝ միայն միավորում։ Ուրախանում եմ՝ տեսնելով, որ խելացի ու ճաշակով սերունդ ունենք, որոնք արժանի են մեծ մշակութային ժառանգության։

– Գիտենք, որ հասցնում եք բավականին ակտիվ մասնակցել մրցույթների և փառատոների՝ գրանցելով լուրջ հաջողություններ։ Կցանկանայինք խոսել նաև այս մասին։

Իսկապես, ճիշտ եք։ Իմ մրցանակները, անշուշտ, իմ կյանքի ամենապատվաբեր, բայց և քիչ հանրայնացվող և լուսաբանվող դրվագներն են։ Բայց արտիստի համար դժվար է թերագնահատել մրցանակների և պարգևների նշանակությունը՝ իբրև հանդիսատեսի սիրո և քո կատարած աշխատանքի գնահատանքի սիմվոլ։ Հավասարաչափ արժևորում եմ թե արտասահմանում, և թե Հայաստանում ստացած մրցանակներս, իսկ դրանց մեջ գերակշռում են հատկապես Ռուսաստանում ունեցած ձեռքբերումներս։ Հատկանշական էր վերջերս «Լավագույն վոկալային կատարման» համար իմ ստացած մրցանակը, որը, իհարկե, իր կարևոր տեղն ունի, ի թիվս մյուս մրցանակների։

– Ձեր երկրպագուները սպասե՞ն նորությունների։

Անշուշտ։ Ես և իմ թիմը ջանք ու եռանդ չենք խնայում հանդիսատեսի դատին ներկայացնելու որակյալ երաժշտություն, հագեցած համերգային ծրագրեր և նոր համագործակցություններ։

Նելլի Առաքելյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս