Դոմիկը չեմ հանելու, եթե իշխանությունն ուզում է, թող գա հանի՝ փոխհատուցումից հրաժարվել եմ. Կիրանցի բնակիչ
Մինչ Երևանում Նիկոլ Փաշինյանը «հեծանվային արշավ» է կազմակերպում, լուսանկարվում ու լուսանկարներ տարածում՝ ցույց տալու, թե ինչ անհոգ առօրյա է անցկացնում, այն դեպքում, որ ընդամենը մի քանի շաբաթ առաջ՝ մայիսի 25-26-ին տեղի ունեցած ջրհեղեղը Լոռու և Տավուշի մարզերի մի շարք բնակավայրերում մեծ ավերածություններ առաջացրեց, կան մեկ տասնյակից ավելի քանդված կամուրջներ, վնասվել է երկաթուղին, պաշտոնական տվյալներով՝ կա 4 զոհ: Լոռին հայտարարվեց աղետի գոտի: Երեկ երեկոյան էլ հայտնի դարձավ, որ Երևան-Սևան ճանապարհի գազալցակայանում պայթյուն է եղել, կան վիրավորներ։
Տավուշի մարզի Կիրանց գյուղում սահմանազատման գործընթացներից հետո էլ մարդկանց մոտ տագնապներն ու անորոշությունները ոչ միայն պահպանվել են, այլև ավելի են խորացել, հատկապես նրանց մոտ, որոնց տներն անցնելու են թշնամու հսկողության տակ։
Կիրանցի բնակիչ Ռուդիկ Ավալյանը ևս այդ գործընթացների արդյունքում կորցնելու է իր տնակը, որը եկամտի միակ աղբյուրն էր՝ տնակում ավտոմասեր էր վաճառում։
168.am-ի հետ զրույցում Ռուդիկ Ավալյանն ասաց, թե հուսահատությունից արդեն խոսելու ցանկություն և տրամադրություն չունի, քանի որ մենակ են մնացել՝ երկրում չկա իշխանություն, որը կարող է կիրանցեցիների կողքին լինել։
«Մենք մեր դոմիկի մեջ ավտոմասեր էինք վաճառում, այն անցնելու է թշնամու հսկողության տակ, բայց չենք հանել ու չենք էլ հանելու, իսկ իշխանության առաջարկած փոխհատուցումից հրաժարվել ենք, մեզ պետք չէ։ Եթե իշխանությունները կգան հանեն դոմիկը, թող հանեն, ինչ ասեմ, ես չեմ հանելու»,- նշեց Ռուդիկ Ավալյանը։
Նրա խոսքով՝ պարտադիր չէ բառերով նկարագրել, թե ինչ իրավիճակ է Կիրանցում ու ինչ տրամադրություններ կան մարդկանց մոտ։
«Չգիտեմ՝ ինչ ասեմ իրավիճակի հետ կապված, հաստատ լավ չէ, էլի, վիճակը, ուրիշ ի՞նչ ասեմ։ Ես արդեն սիրտ էլ չունեմ՝ տեսնեմ, հասկանամ՝ ինչ է կատարվում։ Ինձ այս պահին ոչինչ հետաքրքիր չէ, թե ով ինչ է ասում կամ անում։ Մենք մենակ էինք ու մինչև հիմա էլ մենակ ենք, շատ բան չեմ ուզում խոսել»,- նշեց Ռուդիկ Ավալյանը։
Հիշեցնենք, որ Կիրանցում բնակիչների բողոքի ակցիաների ժամանակ Ռուդիկ Ավալյանը եղել է այն բնակիչներից մեկը, ում ոստիկանները դաժան ծեծի էին ենթարկել, ապա ուժի գործադրմամբ բերման էին ենթարկել, պատճառն այն էր, որ նա բողոքել էր, որ Հայաստանի իշխանությունների համաձայնությամբ ականազերծվում են հայկական տարածքները և հանձնվելու են թշնամուն: Ոստիկանության գործողությունների հետևանքով նա ոտքի ու մարմնի տարբեր հատվածներում վնասվածքներ էր ստացել։
Հիշեցնենք նաև, որ ապրիլի 19-ից սկսած Կիրանցում բնակիչները սկսել էին բողոքել իշխանությունների՝ Տավուշում սկսած գործողությունների դեմ, որն իշխանությունը համարում է սահմանազատում, իսկ տեղի բնակիչները և միջազգային իրավունքի փորձագետները՝ ապօրինի գործընթաց ու հայկական տարածքների միակողմանի զիջում Ադրբեջանին։ Չնայած տավուշեցիների բողոքներին, իշխանությունները գործընթացն ավարտին հասցրեցին և տարածքներ հանձնեցին Ադրբեջանին, այդ տարածքներում հայնտվեցին սահմանասյուներ ու սահմանապահներ։