ԵՄ և Գերմանիայի ղեկավարները հայտարարել են Գազայում հակամարտության կարգավորման նոր ծրագրին աջակցելու մասին
Եվրոպական խորհրդի ղեկավար Շարլ Միշելը, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը և Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքն իրենց աջակցությունն են հայտնել Գազայի հատվածում շարունակվող ռազմական հակամարտությունը կարգավորելու վերաբերյալ Իսրայելի ծրագրին, որի մասին մայիսի 31-ին հայտարարել էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:
Այդ մասին նրանք տեղեկացրել են սոցիալական ցանցերում համապատասխան գրառումներով:
«Ողջունում եմ Գազայում ժամանակավոր հրադադարի, պատանդների ազատ արձակման և մարդասիրական օգնության վերաբերյալ ԱՄՆ նախագահի հնչեցրած նոր առաջարկը: Հույժ կարևոր է, որպեսզի այն երկարաժամկետ լուծման շուրջ բանակցությունների համար տարածք բացի, մասնավորապես՝ ռազմական գործողությունների մշտական դադարեցման և իսրայելական զորքերի դուրսբերման, ինչպես նաև Գազայի հատվածի վերականգնման համար»,- նշել է Միշելը:
Ֆոն դեր Լյայենը գտնում է, որ վերջին առաջարկը կարևոր հնարավորություն է Գազայում պատերազմը և քաղաքացիական բնակչության տառապանքները դադարեցնելու ուղղությամբ շարժվելու համար: Նրա կարծիքով՝ այս եռափուլ մոտեցումը հավասարակշռված և իրատեսական է, ունի բոլոր կողմերի աջակցության կարիքը:
Բերբոքն էլ ընդգծել է, որ Իսրայելի առաջարկը հույսի շող և ռազմական փակուղուց հնարավոր ելքի ուղի է: Նա նշել է, որ այժմ ՀԱՄԱՍ-ը պետք է ապացուցի հակամարտությունը դադարեցնելու իր հանձնառությունը:
Իսկ ՀԱՄԱՍ-ը, ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, լիովին բավարարված չէ նոր առաջարկի դրույթներից, քանի որ, ըստ շարժման ներկայացուցիչների, Բայդենի առաջարկը չի պարունակում պատերազմի վերջնական ավարտի և Գազայի հատվածից Իսրայելի հեռանալու հստակ երաշխիքներ:
Ուրբաթ օրը Բայդենը Իսրայելի իշխանություններին և ՀԱՄԱՍ-Ին կոչ էր արել ընդունել զինադադարի նոր առաջարկը։ Այն բաղկացած է երեք փուլից: Առաջինը նախատեսվում է իրականացնել վեց շաբաթում: Այդ ընթացքում Գազայի հատվածում պետք է հաստատվի զինադադար, այնտեղ պահվող պատանդների մի մասը փոխանակվեն պաղեստինցի բանտարկյալների հետ, ավելացվեն մարդասիրական օգնության մատակարարումները։ Բացի այդ, իսրայելցի զինվորականները պետք է լքեն Գազայի հատվածի բնակավայրերը։ Նաև կողմերը պետք է բանակցություններ սկսեն ռազմական գործողությունների անժամկետ դադարեցման շուրջ։
Երկրորդ փուլում Իսրայելը պետք է ամբողջությամբ դուրս բերի իր բոլոր ուժերը Գազայից, պաղեստինյան խմբավորումները պետք է ազատեն մնացած պատանդներին, իսկ հրադադարը դառնա անժամկետ՝ պայմանով, որ ՀԱՄԱՍ-ը հավատարիմ մնա ստանձնած բոլոր պարտավորություններին:
Երրորդ փուլը ենթադրում է միջազգային հանրության աջակցությամբ Գազայի հատվածի վերականգնման ծրագրի իրագործման սկիզբը։