Աշխատում ենք այդ ուղղությամբ. ՔՊ-ական պատգամավորը` եկեղեցու հարկման նախագծի մասին
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն աշխատանքներ է տանում Հայ առաքելական սուրբ եկեղեցու հարկման նախագիծը ստեղծելու ուղղությամբ։ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ ժամանակ այս մասին ասաց ՔՊ-ական պատգամավոր Ծովինար Վարդանյանը։
«Եկեղեցու հարկման վերաբերյալ որևէ նախագիծ դեռևս չկա շրջանառության մեջ, բայց ես և գործընկերներս աշխատում ենք այդ ուղղությամբ։ Այս խոսակցությունն ինչ բացվել է, հնչել է պատասխան, որ եկեղեցին հարկվում է, բայց պետք է հասկանալ, թե ինչ են ենթադրում եկեղեցի ասելով։ Գուցե եկեղեցու հոգևոր ծառայողները եկամտահարկ վճարում են, ինչը նորմալ է։ Կա մի բայց` մենք այս պահին ուսումնասիրում ենք եկեղեցու տնօրինության տակ գտնվող հազարավոր գույքեր և խոսքը վանքերի մասին չէ, այլ առևտրային, հասարակական և արտադրական տարածքների, ինչպես նաև հարյուրավոր բնակելի տների մասին»,- նշեց Վարդանյանը։
Նա ընդգծեց, որ ամեն ինչ ուսումնասիրվում է, և կգա ժամանակը, երբ նախաձեռնությունը կունենա իր տրամաբանական ելքը և համապատասխան նախագիծ կլինի։
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն էլ ընդգծեց` նման հայտարարությունների ֆոնին Հայ առաքելական եկեղեցու ենթակայության տակ գտնվող անշարժ գույքը պետք է համադրել Հայաստանում գործող այլ կրոնական կազմակերպությունների անշարժ գույքի հետ։
Հիշեցնենք` Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 21-ին հայտարարեց, որ պետք է քննարկվի Հայ առաքելական եկեղեցուն հարկային դաշտ մտցնելու հարցը։
Նշենք, որ ըստ ՊԵԿ հրապարակած տվյալների՝ Հայ առաքելական եկեղեցին ոչ միայն հարկեր վճարում է, այլև 2024թ. առաջին եռամսյակի տվյալներով` 488-րդն է 1000 հարկ վճարողների ցանկում։ Եկեղեցին Հայաստանում, ինչպես և այլ երկրներում, ազատված է որոշակի հարկատեսակներից իր կրթական, սոցիալական և բարեսիրական գործունեության բնույթից ելնելով, և Հայաստանում դա նաև սահմանված է եկեղեցի-պետություն հարաբերությունները կարգավորող օրենքով: