Քրվարույթը նախաձեռնվել է ոչ թե Սրբազանին ապօրինի գաղտնալսելու, այլ՝ սարք տեղադրողին հոգեկան տառապանք պատճառելու համար
Բագրատ Սրբազանի համարում գաղտնալսող սարք տեղադրելու փորձի դեպքի առթիվ քրեական վարույթը նախաձեռնվել է ոչ թե Սրբազանին ապօրինի գաղտնալսելու, այլ՝ սարք տեղադրողին հոգեկան տառապանք պատճառելու համար։ Այս մասին հայտնում է «Փաստինֆո» գործակալությունը։
Հիշեցնենք, որ մայիսի 25-ին Տավուշը հանուն հայրենիքի շարժումը հայտնեց, որ միջադեպ է եղել Ani Grand Hotel Yerevan հյուրանոցի այն համարում, որտեղ հաստատվել է Բագրատ Սրբազանի համարում։ Մասնավորապես, գտնվելով սենյակում՝ Սրբազանն ու նրա կողմնակիցները լսել են, թե ինչպես է ներքևի հարկից ոմն մեկը ծակում սենյակի հատակը, որպեսզի այդ անցքից լսողական սարք տեղադրի Սրբազանի սենյակում։
«Բագրատ Սրբազանի կողմնակիցները շտապ տեղեկացրել են այդ մասին հյուրանոցի ղեկավարությանը և իջել ներքևի հարկ, որպեսզի հասկանան, թե ինչ է տեղի ունենում։ Ներքևի համարում գտնվող՝ ըստ ամենայնի ԱԱԾ աշխատակիցը, երկար ժամանակ չէր բացում դուռը։ Սրբազանի կողմնակիցները հսկողություն են սահմանել այդ սենյակի մոտ, որպեսզի հասկանան, թե ով է փորձում լսողական սարք տեղադրել Բագրատ Սրբազանի սենյակում։ Քիչ անց նույն վայր են եկել ոստիկանության և ԱԱԾ բազում աշխատակիցներ, որոնց մեջ էր նաև Կենտրոնի Ոստիկանության պետի պաշտոնակատարը։ Նրանք նշված սենյակից դուրս են բերել տեսանյութում պատկերված կնոջը և արագ հեռացել հյուրանոցից»,- հայտնել էր շարժումը՝ կից հրապարակելով նաև տեսանյութերը։
Հաջորդիվ համացանցում տարածվեց տեսանյութում պատկերված կնոջ տվյալները, պարզվեց՝ նա ևս Տավուշից է, նախկինում եղել է ՊՆ աշխատակից, այժմ՝ ԱԱԾ ծառայող է, ավելին, Բագրատ Սրբազանը ճանաչում է նրա ընտանիքին, ունի մոտ հարաբերություններ։
«Փաստինֆո»-ն դիմել է դատախազությանը՝ պարզելու, թե արդյո՞ք քրեական վարույթ նախաձեռնվել է Բագրատ Սրբազանի համարում՝ գաղտնալսող սարք տեղադրելու դեպքով։ Պարզվեց՝ քրեական վարույթ նախաձեռնվել է, սակայն՝ ոչ թե ապօրինի գաղտնալսման, այլ՝ կնոջ նկատմամբ իբրև հոգեկան ներգործության համար։
Դատախազությունից հայտնեցին, որ այդ օրվա դեպքի առնչությամբ քաղաքացուց է հաղորդում ստացվել, նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 194-րդ (հոգեկան ներգործությունը) հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանության, առողջությանը վնաս պատճառելու, խոշտանգման, սեռական ազատության կամ անձեռնմխելիության դեմ ուղղված հանցանք կատարելու, առևանգելու, ազատությունից ապօրինի զրկելու կամ խոշոր կամ առանձնապես խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել, ինչպես նաև սոցիալական մեկուսացումը կամ պարբերաբար պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելը):