ԱԱԾ-ն մեկնաբանել է ՌԴ-ից հարյուրավոր քրեական տարրեր ներմուծելու մասին հայտարարությունը
Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը Sputnik Արմենիայի խնդրանքով մեկնաբանել է «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանի` ՌԴ-ից քրեական տարրերի ներմուծելու մասին հայտարարությունը։
Խուրշուդյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել էր, թե վերջին 1-2 ամիսների ընթացքում Սոչիներից, Աբխազիայից, Կրասնոդարից ու Մոսկվայից հարյուրավոր, իսկ գուցե հազարավոր քրեական տարրեր են ներմուծվել Հայաստան։
ԱԱԾ-ից պատասխանել են, որ իրենց գործունեությունն իրականացնում են օրենսդրությամբ վերապահված գործառույթների շրջանակում:
«Միաժամանակ պարզաբանում ենք, որ կատարված կամ նախապատրաստվող հանցանքի վերաբերյալ կոնկրետ փաստական տվյալներ ունենալու դեպքում կարող եք ներկայացնել առերևույթ հանցանքի մասին պատշաճ հաղորդում»,- ասված է մեր հարցման պատասխանում:
Նշենք, որ Խուրշուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր նաև, թե «ճշտված տեղեկություններով»` մոսկվահայ մի մեծահարուստ ֆինանսավորել է մի խումբ ռուս տրանսգենդեր կանանց ուղևորությունը Երևան, որպեսզի սադրանք կազմակերպեն։