Բաժիններ՝

Կենդանակերպի համաստեղությունները ձևավորվել և անվանակոչվել են Եփրատի հովտում և Արարատ լեռան շրջակայքում․ Ժայռապատկերաբան

Մայիսի 6-8-ը Բյուրականի աստղադիտարանում անցկացվեց Հայկական աստղագիտական ընկերության 25-ամյակին նվիրված գիտաժողով, որի գլխավոր թեման էր «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ»։ Մեկ հարկի տակ միավորվել էին աստղագետները, հնագետները, բանասերները և հարակից ոլորտների մասնագետները։

«Նման գիտաժողով կազմակերպել էինք 10 տարի առաջ և որոշեցինք կրկնել։ Այս տարվա գիտաժողովը նվիրված է նաև Հայկական աստղագիտական ընկերության 25-ամյակին։

Զարգացել և զարգանում են աստղաֆիզիկան, աստղաքիմիան, աստղակենսաբանությունը, աստղաբժշկությունը, աստղաերկրաբանությունը (մոլորակագիտությունը), աստղաինֆորմատիկան, պատմաստղագիտությունը և աստղագիտության հետ կապված այլ միջճյուղային գիտություններ։

Աստղագիտությունը կարևորագույն դեր է խաղում տիեզերական հետազոտությունների, արտերկրային քաղաքակրթությունների, արհեստական բանականության, գլոբալ տաքացման և այլ բազմաճյուղային գիտությունների զարգացման գործում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը։

ԲԱ «Պատմամշակութային աստղագիտություն» գիտահետազոտական բաժնի վարիչ, բ.գ.թ. Հայկ Մալխասյանի խոսքով՝ սա լավ հնարավորություն է, որպեսզի ի վերջո համագործակցեն աստղագետներն ու հնագետները, ինչը մինչև օրս դժվարությամբ է ստացվում։ Պատճառներից մեկն այն է, որ աստղագետների՝ այս կամ այն քարի տարիքը որոշելու համար հնագետներին արված առաջարկը մնում է օդում, քանի որ ուսումնասիրության համար ֆինանսավորում է պետք։

Գիտաժողովի ընթացքում հնագետ Հակոբ Սիմոնյանը ներկայացրեց աստղագիտության և հնագիտությանը կապը՝ ժայռապատկերների օրինակով։

Նրա փոխանցմամբ՝ արևը թե՛ Հայաստանում, թե՛ Եգիպտոսում ընկալել են նույն կերպ։ Դա են ապացուցում հիերոգլիֆները։

«Ներքին Նավերի դամբարանում ինչ-որ մոգական հմայքներով օժտված կնոջ գերեզման էր, որտեղ կանգնեցված էր մարդահասակ կուռք․կրծքին փորագրված շրջանների միջոցով պատկերել էին արևը։ Հայկական ժայռապատկերների, խեցեղենի, կիրառական արվեստի տարբեր նմուշների վրա շատ ենք տեսնում Հարդագողի ճանապարհը։ Մոգական նշանները՝ երկնքի, աստղերի ուրվագծերը մեր նախնիները ընկալել են սրբազան, գերագույն մի երևույթ, և վաղ, միջին, ուշ բրոնզի դարերը հագեցած են եղել այդ համակենտրոն շրջաններով, որն էլ Գալակտիկայի կառուցվածքն է»,- մանրամասնեց Հակոբ Սիմոնյանը։

Ժայռապատկերաբան Կարեն Թոխատյանն էլ իր ելույթում նշեց, որ թեմատիկ բազմազանությամբ աշխարհում ամենահարուստը հայկական ժայռապատկերներն են։

Նրա փոխանցմամբ՝ ժայռապատկերները խիստ կենտրոնացած են Այրարատ աշխարհում և շուրջը՝ Կարս, Հոռոմ, Գոշ, Լճաշեն, Գեղամա լեռներ, Զովունի, Քուչակ, Ապարանի ջրամբար, Տղմուտ, Աշտարակ, Օշական, Ոսկեհատ, Ագարակ, Արագած, Մաստարա, Կաքավաձոր, Շամիրամ, Գեղամավան, Մեծամոր, Արմավիր, Դաշտադեմ վայրերում։ Պատկերները տարբեր են՝ երկրագունդ, գետ, լիճ, աղբյուր, քարանձավ, լեռ, տեղանքների գծանմուշներ, կենդանիներ, զենք, փոխադրամիջոց, օրացույց, քարտեզ, հագուստ, պաշտամունք, մարտարվեստ, զարդանախշ և այլն։

«Տարածության ու ժամանակի մեջ կողմնորոշման անհրաժեշտությունը ծագել է անհիշելի անցյալում։ Հնագիտական, մշակութաբանական և բնագիտական հետազոտությունները վկայում են, որ պարզագույն աստղագիտական գիտելիքները սաղմնավորվել են 20-30 հազարամյակ առաջ։ Հնագույն ժամանակներից ի վեր ամբողջ աշխարհում աստղային երկնքի դիտումներ են արվել, որոնցով կարգավորվել է տնտեսական ծիսական կարգը։ 7-4-րդ հազարամյակներում ծագում են աստղագիտական հիմքով առաջին օրացույցները, երբ մարդն արդեն գիտակցել է, որ երկրային կյանքի երևույթների մի մասը երկնային լուսատուների՝ Արևի, Լուսնի ու մոլորակների շարժման հետևանք է։ ՀՀ-ում 4-3-րդ հազարամյակներում կիրառվել են լուսնային, լուսաարեգակնային օրացույցներ, մինչև մ․թ․ա 10-րդ դար։ Դրա նյութեղեն վկայությունն են մի շարք ժայռապատկերներ։

Երկնոլորտն աստղատների բաժանելու ավանդույթը սկիզբ է առել Հայկական լեռնաշխարհի բնիկների՝ հայերի միջավայրում, որոնք հյուսիսային կիսագնդից երևացող աստղային դաշտում առանձնացրել ու անվանակոչել են 12 կենդանակերպերը։ 1910թ․ աստղագետ-պատմաբան Վիլյամ Օլքոթթը ընդհանրացնելով հնագետ Էդվարդ Մաունդերի և աստղագետ Կարլ Սվարցի ենթադրությունները, աստղագետներ Կամիլ Ֆլամարիոնի և Արթուր Բերրիի աշխատանքները, համոզմունք է հայտնել, որ կենդանակերպի համաստեղությունները ձևավորվել և անվանակոչվել են Եփրատի հովտում և Արարատ լեռան շրջակայքում՝ մ․թ․ա 30-28-րդ դարերում»,- ասաց ժայռապատկերաբանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս