«ՀՀԿ-ն եղել է պայքարի խրամատում, շարունակելու է մնալ պայքարի ամենաթեժ կետերում». Տիգրան Աբրահամյան
Այսօր խորհրդարանական խմբակցությունների ճեպազրուցների ժամանակ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանին լրագրողները հարց ուղղեցին՝ ՀՀԿ-ն և անձամբ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կլինե՞ն Տավուշից մեկնարկած շարժման կողքին, ապա խնդրեցին պատգամավորի մեկնաբանությունը, թե ինչու մինչև հիմա շարժման անդամները չեն բարձրացնում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցը։
Տիգրան Աբրահամյանը նախ հիշեցրեց, որ 2018 թվականի հայտնի իրադարձությունից հետո Հանրապետական կոսակցությունը եղել է այս իշխանություններին դեմ և առաջին ընդդիմադիր ուժը։
«Այն մոտեցումները, որոնք մենք առանձին ներկայացնում էինք՝ սկսած արտաքին քաղաքականությունից, Արցախի հարցը՝ ներառյալ, նաև այն հարցերը, որոնք պաշտպանության, անվտանգության վերաբերյալ բարձրաձայնում էինք, փաստացի ժամանակը ցույց տվեց, որ մենք, ցավոք, ճիշտ էինք։ Բոլոր այդ ուղղություններով իշխանությունը պետությանը տարավ տապալման ճանապարհով, այսօր ունենք օկուպացված Արցախ, ՀՀ տարբեր բնակավայրերի վրա ադրբեջանական վերահսկողություն, բանակցային գործընթացում կռացած իրավիճակ, և այլն»,- նշեց Տիգրան Աբրահամյանը։
Ինչ վերաբերում է Տավուշից մեկնարկած շարժմանը, ապա Հանրապետական կուսակցությունը, բնականաբար, ողջունում է այդ նախաձեռնությունը։
«Մենք այս վեց տարիների ընթացքում ողջունել ենք բոլոր այն նախաձեռնությունները, որում եղել է գիտակցված մոտեցում, հստակ ախտորոշում, որ այս իշխանությունը երկիրը տանում է տապալման ճանապարհով։
Մենք եղել ենք պայքարի բոլոր խրամատներում այս վեց տարիների ընթացքում, հետևաբար՝ մենք չենք կարող անտարբեր լինել Հայաստանում տեղի ունեցող գործընթացների հանդեպ։ Մենք, մեր գործիչները լինելու են այդ պայքարի ամենաթեժ կետերում։
Ինչ վերաբերում է շարժման կողմից վարչապետի թեկնածուի հնարավոր հայտարարմանը կամ մնացած գործընթացներին, կարծում եմ՝ այստեղ կոռեկտ չէ՝ իմ դիրքորոշումը հայտնեմ, երբ շարժումը կհայտնի, թե քաղաքական ինչպիսի գործընթացներ պետք է լինեն, մենք կխոսենք մեր դիրքորոշման մասին»,- եզրափակեց նա։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում