Տնային տնտեսությունն ու մոր հոգևոր կյանքը
– Հա՛յր, ինչպե՞ս կարող է տնային տնտեսուհին կարգավորել իր գործերն ու հոգսերը, որպեսզի աղոթքի համար էլ ժամանակ ունենա: Ինչպիսի՞ հարաբերակցություն պիտի լինի աշխատանքի և աղոթքի միջև:
– Սովորաբար կանայք չափ ու սահման չեն ունենում գործերում: Նրանք ուզում են իրենց գործերին ու հոգսերին նորերն ավելացնել: Մեծ սիրտ ունենալով՝ կանայք մեծ հաջողությամբ կարող էին իրենց հոգու «տնային տնտեսությունը» վարել, բայց դրա փոխարեն, նրանք իրենց սիրտը փուչ բաների վրա են ծախսում: Պատկերացրեք, որ օրինակի համար, գեղեցիկ նախշերով, գծերով ու նման այլ բաներով զարդարված մի գավաթ ունենք:
Եթե այն զարդարված էլ չլիներ այդ գծերով, ապա միևնույն է, դա չէր խանգարի նրան իր նշանակությանը ծառայել: Սակայն կանայք գնում են խանութ ու սկսում վաճառողին բացատրել. «Ոչ-ոչ, ես ուզում եմ, որ գծերը մինչև այստեղ հասնեն ու ոչ թե այս կերպ նկարված լինեն, այլ՝ այն»: Իսկ եթե այն տեղ ծաղիկ է նկարված լինում, ապա նրանց սիրտն ուղղակի սկսում է ցնծալ: Այդ կերպ, կինն իզուր ծախսում է իր ողջ ներուժը: Հազվադեպ կհանդիպես մի այնպիսի տղամարդու, որ ուշադրություն դարձնի նման բաների վրա:
Օրինակ, նրա սեղանի լուսամփոփը սև լինի, թե շագանակագույն, տղամարդը նույնիսկ չի էլ նկատի: Իսկ կինն ընդհակառակը, ինչ-որ գեղեցիկ բան է ուզում, ուրախանում է, այդ գեղեցիկ առարկային իր սրտի մի մասն է նվիրում: Մեկ այլ «գեղեցիկի»՝ մի ուրիշ մասնիկ է նվիրում, իսկ ի՞նչ է հետո մնում Քրիստոսի համար: Հորանջում և հոգնածություն՝ աղոթքի ժամանակ: Որքան շատ է կնոջ սիրտը հեռվանում գեղեցիկ իրերից, այնքան շատ է նա մոտենում Քրիստոսին: Իսկ եթե սիրտը Քրիստոսին է տվել, ապա այն մեծ ուժ է ունենում: Օրերս ես մի կնոջ հանդիպեցի, որ իրեն լիովին Աստծուն էր վստահել:
Ակնհայտ էր, որ նրա մեջ մի ինչ-որ քաղցր բոց էր վառվում: Ամեն գործի նա եռանդով էր լծվում: Նախկինում այդ կինն ամբողջովին աշխարհիկ մարդ էր, բայց բարի տրամադրվածություն ուներ և ինչ-որ պահի նրա հոգում կայծ վառվեց: Իր բոլոր ոսկե զարդերն ու ճոխ հագուստները նա մի կողմ նետեց: Այժմ նա մի զարմանալի պարզությամբ է ապրում: Ջանք է թափում, ինքն իր վրա հոգևոր աշխատանք է կատարում: Ինչպիսի՜ զոհաբերությամբ են լցված նրա արարքները: Նա սկսել է «խանդել», «նախանձել» սրբերին՝ բառիս բարի իմաստով: Գիտեք, թե քանի անգամ է հաշվում համրիչն աղոթքի ժամանակ, ինչպիսի պահքեր է պահում, որքան ժամանակ է ծախսում սաղմոսներ կարդալու համար… Զարմանալի բան է: Ճգնավորությունն այժմ նրա սնունդն է դարձել:
– Հա՛յր, մի մայր ինձ ասաց. «Ֆիզիկապես ես թույլ եմ և շատ եմ հոգնում: Ո՛չ իմ գործերն եմ հասցնում անել, ո՛չ էլ աղոթքի համար է ժամանակ մնում»:
– Որպեսզի աղոթքի համար ժամանակ մնա՝ նա պետք է պարզեցնի իր կյանքը: Մայրը շատ բաների կարող է հասնել պարզության միջոցով: Եթե մայրը պարզեցրել է իր կյանքը, ապա «ես հոգնել եմ» ասելու իրավունք ունի, իսկ շատ աշխատում է, որովհետև շատ երեխաներ ունի: Սակայն, եթե նա իր ժամանակը կորցնում է ջանալով, որպեսզի իր տունը տպավորություն թողնի այլ մարդկանց վրա, ապա էլ ի՞նչ ասես այդ դեպքում: Որոշ մայրեր, ցանկանալով, որ տան ամեն իրն իր տեղում գեղեցիկ մնա, իրենց երեխաներին ճնշում, խեղդում են նրանով, որ թույլ չեն տալիս տեղից շարժել աթոռը կամ բարձը:
Նրանք երեխաներին ստիպում են ապրել զորանոցային կարգ ու կանոնով, և այդ կերպ նորմալ ծնված երեխաները, դժբախտաբար, արդեն լիարժեք նորմալ չեն մեծանում: Եթե ոչ հիմար մարդը տեսնի, որ բազմազավակ տանն ամեն իրն իր տեղում է գտնվում, ապա նա կենթադրի, որ կա՛մ երեխաներն են այստեղ մտավոր հետամնաց, կա՛մ էլ մայրն աչքի ընկնելով իր դաժանությամբ ու բռնակալությամբ՝ նրանց զինվորական կարգապահություն է պարտադրում: Վերջինիս պարագայում, երեխաների հոգում վախն է ապրում և այդ վախից էլ կարգապահ են լինում:
Մի անգամ, ես մի տուն է գնացել, որտեղ շատ երեխաներ կային: Ախ, որքա՜ն ուրախություն ինձ պատճառեցին այդ փոքրիկներն իրենց չարաճճիություններով, որոնցով խորտակում էին աշխարհիկ այն կարգը, որ ասում էր. «ամեն իրն իր տեղում պետք է լինի»: Այդ «կարգը» մեծագույն անկարգությունն է, որ ժամանակակից մարդուց բավականին ուժեր է խլում:
Նախկինում հոգևոր գրքեր չկային և մայրերը չէին կարող զբաղեցնել իրենց, իրենք իրենց օգնել ընթերցանությամբ: Այժմ, Սուրբ Հայրերի մեծաքանակ գրական ժառանգություն կա հրատարակված, դրանցից շատերը թարգմանված են արդի լեզվով, սակայն, ցավոք սրտի, մայրերից շատերն անցնում են այդ ամբողջ հարստության կողքով և իրենց ժամանակը հիմարություններով են լցնում, կամ էլ անդադար աշխատում են, որպեսզի ծայրը ծայրին հասցնեն:
Փոխանակ մանրակրկիտ կերպով տնային տնտեսությամբ՝ անհոգի իրերով զբաղվելու, մայրն ավելի լավ է երեխաների դաստիարակությամբ զբաղվի: Թող նրանց հետ Քրիստոսի մասին խոսի, Սրբերի Վարքից կարդա: Միաժամանակ նա պետք է իր հոգու մաքրությամբ էլ զբաղվի, որպեսզի այն էլ հոգևոր փայլ ունենա: Մոր հոգևոր կյանքն աննկատ, լուռ կերպով կօգնի նաև իր երեխաների հոգիներին: Այդպիսով, նրա երեխաներն ուրախ կապրեն և ինքն էլ երջանիկ կլինի, որովհետև իր ներսում Քրիստոսին է կրում: Եթե մայրը նույնիսկ չի կարող ժամանակ գտնել, որպեսզի «Սուրբ Աստված»-ը կարդա, ապա ինչպե՞ս կօրհնվեն նրա երեխաները:
– Հա՛յր, իսկ ի՞նչ անել, եթե մայրը և՛շատ երեխաներ ունի, և՛շատ աշխատանք:
– Բայց մի՞թե նա չի կարող տնային գործերը անելու հետ միաժամանակ նաև աղոթել: Հիսուսի աղոթքին ինձ իմ մայրն է սովորեցրել: Երբ մենք երեխա էինք և ինչ-որ չարություն էինք անում, և նա արդեն պատրաստ էր լինում բարկանալու, ապա ես լսում էի, թե ինչպես էր սկսում բարձրաձայն աղոթել. «Տեր Հիսուս Քրիստոս, ողորմյա ինձ»: Հացը վառարանը դնելուց, մայրս արտասանում էր. «Հանուն Քրիստոսի և Սուրբ Աստվածածնի»:
Խմոր հունցելուց և կերակուր պատրաստելուց ևս՝ միշտ Հիսուսի աղոթքն էր արտասանում: Այդպես նա ինքն էր օրհնվում, օրհնվում էին հացն ու կերակուրը, որ պատրաստում էր և նրանք՝ ովքեր ուտում էին այդ կերակուրը:
Որքա՜ն սրբակենցաղ մայրերի երեխաներ նույնպես օրհնվել են: Օրինակի համար վերցնենք Հայր Հաջի-Գեորգիի մորը: Այդ օրհնյալ կնոջ նույնիսկ կաթն էր ճգնավորական, որով սնուցել էր մանուկ Գաբրիելին՝ այդպես էին անվանում Հայր Հաջի-Գեորգիին աշխարհիկ կյանքում: Այդ կինը երկու երեխա ծնեց, իսկ դրանից հետո, իր ամուսնու հետ, կուսության մեջ ապրեցին՝ իրար սիրելով որպես քույր ու եղբայր: Հաջի-Գեորգիի մայրը մանկությունից տարբերվում էր ճգնավորական ոգով, որովհետև նրա քույրը ճգնավոր միանձնուհի էր: Իր միանձնուհի քրոջը նա հաճախ էր այցելում և արդեն ամուսնացած լինելով՝ նրա մոտ գալիս էր իր երեխաների հետ միասին:
Գաբրիելի հայրը նույնպես բարեպաշտ մարդ էր: Նա առևտրով էր զբաղվում և այդ պատճառով էլ ժամանակի մեծ մասը ճամփորդության մեջ էր անցկացնում: Այդ հանգամանքը նրա մորը բարենպաստ հնարավորություն էր ընձեռում հասարակ կյանքով ապրելու՝ շատ բաների մասին չանհանգստանալով*, այլ կանանց և իր որդու հետ միասին մասնակցելու գիշերային հսկումներին, որ երբեմն քարայրերում էին անցկացվում, երբեմն էլ՝ տարբեր մատուռներում: Այդ պատճառով էլ հետագայում նրա որդին այդ աստիճանի սրբության հասավ**:
Մոր բարեպաշտությունը մեծ նշանակություն ունի: Եթե մայրը խոնարհություն ու Աստծո վախն ունի, ապա տանն ամեն ինչ այնպես է, ինչպես հարկն է: Ես երիտասարդ մայրերի եմ ճանաչում, որոնց դեմքերը շողում են, չնայած որ այդ կանայք ոչ մի տեղից օգնություն չեն ստանում: Երեխաների հետ շփվելով՝ ես հասկանում եմ, թե նրանց մայրերն ինչ վիճակում են գտնվում:
* Համեմատի՛ր Ղուկ. 10:39-42
** Տե՛ս Γέροντος Παϊσίου Άγιορείτου. Ό Γέρων Χατζη-Γεώργης ό Άθωνήτης. Έκδ. “Ί. Ησυχαστήριον Εύαγγελιστής Ίωάννης ό Θεολόγος”, Σουρωτή Θεσσαλονίκης, 6, 2001.
Պաիսիոս Աթոսացու «Ընտանեկան Կյանք» գրքից
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի