«Հայոց ցեղասպանությունը մեր ժողովրդի համար ոչ թե փաստ, այլ՝ արյան հիշողություն». Միլիտոնյան
Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը կարծում է՝ հայ ժողովուրդն իր հիշողությամբ է ամուր և պետք է անի հնարավորը Հայոց ցեղասպանության ճանաչմանը հասնելու համար:
Միլիտոնյանն ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում հիշեցրեց, որ տարբեր երկրներ հարյուր տարվա ընթացքում հենվել են փաստերի, արխիվային նյութերի վրա և ընդունել Հայոց ցեղասպանությունը:
«Հայոց ցեղասպանությունն արդեն փաստ է միջազգային արենայում, իսկ մեր ժողովրդի համար ոչ թե փաստ, այլ ճակատագիր էր, արյան հիշողություն է: Հայկական սփյուքռի գոյությունը դրա հավաստիքն է: Մեր ժողովուրդն իր հիշողությամբ է նաև ամուր: Արձակագիր Չինգիզ Այթմատովն իր վեպերից մեկում նշում է, որ հիշողության կորուստը մարդկանց հասցնում է մանկուրտության: Մարդը վերանում է որպես այդպիսին, այնպես որ Ցեղասպանության ճանաչումը մեզ համար պետք է դառնա մեծ քաղաքականություն, ինչպես հրեաների համար Հոլոքոստը»,-շեշտեց Միլիտոնյանը:
Նրա խոսքով՝ հաճախ միջազգային կազմակերպությունները չեն կարողանում կանխել ցեղասպանությունները, ինչի պատճառը դրանց թուլությունն է: Դրանից էլ օգտվում են արյունարբու երկրները:
Միլիտոնյանի հավաստիացմամբ՝ դժվար է գրել արհավիրքների մասին, սակայն գրողները դա արել և անում են: «Հայոց ցեղասպանության զոհ դարձած Սիամանթոն, Վարուժանը և այլ հեղինակներ գրել են Զեյթունի, Ադանայի ջարդերի մասին: Նրանցից հետո եկած սերունդը հիշողության, մեծ կորստի գործեր ստեղծեց: ԱՄՆ-ում, Եվրոպայում շատ լավ գրողներ կան: Նրանցից են Քրիս Բոյաջյանը, Վարուժան Ոսկանյանը և այլք: Հայ հեղինակները տարբեր երկրներում հրաշալի գործեր են ստեղծում՝ վեպեր, վիպակներ, բանաստեղծություններ»,-ասաց միության նախագահը:
Ըստ նրա՝ ցեղասպանությունների մասին ուշագրավ գործեր ստեղծելու համար հարկավոր է գեղարվեստական խորություն, որը թույլ կտա ազգի դառնությունը փոխանցել ուրիշներին, ինչպես Ֆրանց Վերֆելին հաջողվեց «Մուսա լեռան քառասուն օրը» գրքով: