Հնարավորություն կբացվի այս գործակալներից երկիրն ազատելու դեպքում. Մինասյան
«Այս ապրիլի 24-ը բոլորովին այլ տրամադրություն է առաջացնում»,- այս մասին այսօր Ջահերով երթի ընթացքում 168․am-ի հետ ուղիղ եթերում հայտարարեց Հայաստանի հանրապետական կուսակցության ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը։
Նա նշեց, որ տարբեր տարիների ապրիլքսանչորսյան օրերը տարբեր զգացմունքներ են առաջացրել։ Մինասյանը հիշեց, որ երբ 7-8-10 տարի առաջ այս օրը նշում էին, օրվան վերաբերվում էին՝ որպես վաղուց անցած մի բան, ու մտածում էին, թե ինչպես պետք է կարողանան վերականգնել այն բոլոր կորուստները, որոնք ունեցել են։
«Իհարկե, մարդկային կորուստները հնարավոր չէր վերականգնել, բայց մենք ունեինք մեծագույն հաջողություններ Արցախի հարցում։ Որևէ մեկի մտքով չէր անցնում, որ Արցախը կարող է թուրքանալ, որևէ մեկի մտքով չէր կարող անցնել, որ մեր սահմանները կարող են թուրքերը գրավել։ Այսօր, այս ապրիլքսանչորսյան օրը բոլորովին այլ տրամադրություն է առաջացնում, սրանք մեզ բերում են 1915 թվականին նախորդող օրերի տրամադրությանը։ Մենք այսօր ավելի պինդ պետք է կանգնենք մեր հավատքի վրա, արժեքների վրա, թուրք-ադրբեջանական իշխանությունները չպետք է տեղ ունենան մեր երկրում, հակառակ պարագայում մեզ սպասվում է այն, ինչ սպասվեց մեր հայրերին, պապերին ու բոլոր բարեկամներին»,- ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը։
Նա նաև ասաց, որ հայկական Արցախի էջը կարող են վերականգնել միայն այն դեպքում, երբ կարողանան «այս թուրք-ադրբեջանական գործակալներից ազատել մեր իշխանությունը»։