ՌԴ նախագահի հետ կհանդիպենք, չհանդիպելու պլաններ չունենք, բայց թե կոնկրետ երբ՝ չեմ կարող ասել. Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն այսօր Ստեփանավանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ կոնկրետ չի կարող ասել, թե երբ կհանդիպի ՌԴ նախագահի հետ։

«Հանդիպելը՝ կհանդիպենք, որովհետև մենք չհանդիպելու պլաններ չունենք, բայց թե կոնկրետ երբ՝ չեմ կարող ասել»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Լրագրողի հարցին՝ ՌԴ նախագահի հետ Տավուշից ռուսական հենակետերը դուրս բերելու հարցը քննարկվելո՞ւ է, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, թե չի կարծում, որ այդտեղ քննարկելու հարց կա, քանի որ ամեն ինչ ակնհայտ է. ռուսական հենակետերը Տավուշից դուրս են բերվելու։

Հաջորդ հարցին՝ հայ-ադրբեջանական սահմանին սահմանապահների տեղակայման ժամկետի վերաբերյալ հստակություն կա՞, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց.

Կարդացեք նաև

«Մենք սա շատ արագ պետք է անենք, ի՞նչ իմաստ ունի, այսինքն՝ նախ մեր զինվորականներին հնարավորություն տանք՝ մի քիչ իրենց ծանրաբեռնվածությունը նվազեցնեն։ Երկրորդն էլ՝ հնարավորինս արագ պետք է անել։ Կարծում եմ՝ պատմական բան է տեղի ունենալու, և եթե ես ճիշտ եմ հասկանում, չեմ բացառում, որ այդ սահմանագծերին կհայտնվեն նախնական որոշակի նշաններ, որի մի կողմում գրված կլինի՝ Հայաստան, մյուս կողմում՝ Ադրբեջան։ Ուզում եմ, մենք սա գնահատենք, քանի որ էական ու լրջագույն փոփոխություն է։ Սա ոչ թե հասանք այն կետին, որտեղ ուզում էինք հասնել, այլ մենք ոտք դրեցինք այն ճանապարհի վրա, որով մենք պետք է հասնենք»,- նշեց Նիկոլ Փաշինյանը և հերթական անգամ մեջբերեց Սաղմոսից մեկ հատված՝ ոտքն ուղիղ ճանապարհին լինելու վերաբերյալ։

Նա նաև ասաց՝ վաղը-մյուս օրն այդ ճանապարհներն աշխատելու են, տնտեսական ակտիվություն է լինելու, ի վերջո, զարգանալու են գյուղերը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս