Մոսկվան պնդում է՝ Երևանը ինքը չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին ՀՀ տարածքում
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե Հայաստանն ինքը դեռ չի կարողանում որոշել իր տարածքում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) պատասխանատվության գոտին։
«Իհարկե, երբ ասում են, որ ՀԱՊԿ-ը չի կարողանում որոշել, թե որտեղ է գտնվում իր պատասխանատվության գոտին Հայաստանում, Հայաստանն ինքը դեռ չի որոշել»,- Комсомольская правда-ին տված հարցազրույցում հայտարարել է Լավրովը։
Ռուսաստանյան դիվանգիտության ղեկավարն անդրադարձել է նաև հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին և համոզմունք հայտնել, որ Երևանն ու Մոսկվան շարունակում են դաշնակիցներ մնալ, ընդ որում, ըստ Լավրովի, «ոչ միայն իրավաբանորեն»։
«Մենք դեռևս դաշնակիցներ ենք Հայաստանի հետ։ Մենք մեզ շարունակում ենք դաշնակիցներ համարել։ Իրավաբանորեն մենք դաշնակիցներ ենք, բայց ես կարծում եմ ոչ միայն իրավաբանորեն, այնտեղ կան նաև այնպիսիք, ովքեր հասկանում են Ռուսաստանի կարևորությունը Հայաստանի անվտանգության և տնտեսական զարգացման համար», – ասել է Ռուսաստանի արտգործնախարարը։
Այս հայտարարություններին պաշտոնական Երևանը դեռ չի արձագանքել։
Լավարովը այս մասին խոսում է մայիսին Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովի ու Պուտինի երդմնակալության ֆոնին, որին Հայաստանն իր մասնակցությունն ու դրա ձևաչափը չի հաստատել։