Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
Թբիլիսիի կենտրոնում, խորհրդարանի մոտ օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունման դեմ անցկացված ակցիայի երեք օրվա ընթացքում ոստիկանությունը ձերբակալել է կարգը խախտող 40 հոգու, տուժել է 5 ոստիկան: Այս մասին հայտնել է Վրաստանի ներքի գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին։
«Ընդհանուր առմամբ, (այս երեք օրվա ընթացքում) 40 հոգու բերման ենք ենթարկել վարչական կարգով… Ցուցարարներն ագրեսիվորեն են տրամադրված եղել իրավապահ մարմինների նկատմամբ, ինչի հետևանքով տուժել է հինգ ոստիկան. նրանցից երկուսին տեղափոխել են հիվանդանոց», – Գոմելաուրիի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի»-ն:
Առաջատար ընդդիմադիր կուսակցությունները և հեղինակավոր ոչ կառավարական կազմակերպությունները պնդում են, որ «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը մի շարքում է դնում Վրաստանի բարեկամներին և թշնամիներին, պիտակավորում է ոչ կառավարական կազմակերպություններին և խոչընդոտում երկրի ինտեգրմանը ԵՄ-ին: Նրանց գլխավոր փաստարկն Արևմուտքի քննադատությունն է։
Եվրամիությունը, ինչպես նաև ԵՄ առանձին երկրներ, ԱՄՆ-ն, ՄԱԿ-ը, ՆԱՏՕ-ն և Եվրոպայի խորհուրդը Վրաստանի իշխանություններին կոչ են արել հրաժարվել այդ օրինագծից։
Իշխանությունները պնդում են, որ լրատվամիջոցների և ոչ կառավարական կազմակերպությունների արտասահմանյան ֆինանսավորման թափանցիկության ապահովումն անհրաժեշտ է՝ կանխելու արմատականացումը, բևեռացումը, ագրեսիան, կրոնական ծայրահեղականությունը, պետական ինստիտուտների թուլացումը, ոչ ավանդական ապրելակերպի կամ կուսակցությունների արմատական-հեղափոխական նպատակների հանրահռչակումը: