Կանցավիկների իշխանությունը. քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Ժողովրդական սլենգում գոյություն ունի «կանցավիկ» արտահայտություն, որը նշանակում է կորցնելու բան չունեցող, իր անխուսափելի վախճանը գիտակցող ու այդ գիտակցման բերումով այլևս որևէ բանից չվախեցող, հետևանքների մասին չմտածող մարդ: Նիկոլը հենց այդ «կանցավիկի» վառ օրինակն է: Նրան այլևս չի հուզում ո՛չ ժողովրդի ու ո՛չ էլ միջազգային հանրության տեսակետը: Վարկանիշը կարող է ընկնել 1%-ից էլ ներքև, Freedom House-ն էլ թող համարի, թե Հայաստանում չկա խոսքի ազատություն, ի՞նչ տարբերություն՝ ով ինչ է ասում, եթե դու էլ չես լինելու վաղը: Կա միայն մեկ նպատակ՝ բոլոր հնարավոր միջոցներով մաքսիմալ հետաձգել այդ «վաղը»:
Այսօրվա իրավական «բեսպրեձելն» ու ոստիկանական ամենաթողությունը հենց այդ հետաձգումն են: Նիկոլը լավ հասկանում է, որ ինչքան շուտ ու խորը ճաքի ՔՊ-ն, այնքան շուտ է ինքը հայտնվելու իրեն արժանի վայրում՝ ցմահ հոդվածով: ՔՊ-ական թիմում վախերն ու ճաքերն ակնհայտ են, բոլորը չէ, որ պատրաստ են կանգնել պատասխանատվության պատի տակ և ուստի անհրաժեշտ է ամեն կերպ մոտիվացնել փոքրիկ ՔՊ-ականներին չհանձնվել ժամանակից շուտ: Պե՞տք է՝ կբանտարկի իրենց քննադատողներին ու վիրավորողներին, պե՞տք է՝ կպատժի հանրային պարսավանքի արժանացողներին: Փողն էլ դե կա ու կա, ամեն ինչ արվում է, որ մի քիչ էլ դիմանան:
Պաշտպանության դոզան դարձել է թմրանյութի պես մի բան, որն օրեցօր ավելանում է, փարատելով փոքրիկ ՔՊ-ականների վախերն ու դարձնելով իրենց Նիկոլից կախված «թմրամոլներ»: Սա, իհարկե, լուծում է, բայց խիստ ժամանակավոր: Վախերը գնալով մեծանում են, իսկ «վաղը» անխափան ընթացքով հետզհետե դառնում «այսօր»: Նիկոլը զգում է այդ պրոցեսը ճարպակալված մարմնի ամեն միլիմետրով: Ընդդիմադիրների հանդեպ իրականացված հիստերիկ գործողությունները թելադրված են հենց էդ զգացումով:
Այսօր ես ու մի շարք իմ ընկերներ կալանավորված ենք, բայց քնում ենք հանգիստ, քանի որ չենք վախենում վաղվա օրվանից, իսկ Նիկոլն ու նիկոլիկները վախենում են ու շատ ճիշտ են անում, քանի որ պատմությունը երբեք չի ներում դավաճաններին:
Քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյան
«Արմավիր» ՔԿՀ
17.04.2024