«Ինքնադատաստանը Հայաստանի Հանրապետությունում դառնում է օրինաչափ երևույթ». Մենուա Սողոմոնյան
Մենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փաստաբան Վարազդատ Հարությունյանի հաղորդած տեղեկության համաձայն երեկ՝ ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպից հետո ոստիկանների ուղեկցությամբ ձերբակալվածների պահման վայր գնալիս, Սամվել Վարդանյանը դիմակավորված անձանց կողմից ենթարկվել է դաժան ծեծի։
Ոստիկանների ներկայության, միջամտման-չմիջամտման, թողտվության թե անկարողության հանգամանքի հետ կապված հուսամ կստանանք տեղեկություն, սակայն ակնհայտ է դառնում, որ ինքնադատաստանը Հայաստանի Հանրապետությունում դառնում է օրինաչափ երևույթ։
Հիշեցնեմ, որ մեկուկես տարի առաջ էլ իր տան բակում դաժան ծեծի էր ենթարկվել հանրային գործիչ Էդգար Ղազարյանը, ծեծողների ինքնությունները ֆիքսվել էին տեսակցիկների կողմից, սակայն ոչ ոք այդպես էլ չպատժվեց։
ՀՀ քաղաքացին այլևս ապահով չէ իր հայրենիքում՝ անգամ իրավապահների հսկողության ներքո։ Փոխարենը ոստիկանությունը մարդկային ու նյութական ահռելի ռեսուրս է կենտրոնացնում գործող վարչախմբի պարագլուխների հանգիստն ու հաճույքների վայելումն անվտանգ դարձնելու վրա։ Այս դեպքը իշխանությունների կողմից վախի մթնոլորտ ստեղծելու հերթական լկտի դրսևորումն է։
Պահանջում եմ իրավապահ համակարգից՝ ձեռք առնել հնարավոր բոլոր միջոցները՝ այս խայտառակ հանցագործությունը բացահայտելու և մեղավորներին պատժելու համար»։