««Մուզիկանտ պոլիտիկայով չզբաղվել», սա սխալ դիրքորոշում է, եթե իմ հայրենիքը կործանման եզրին է, պոլիտիկան ո՞րն է». Մադլեն Ասրյան
2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո, երբ Ադրբեջանն ամբողջությամբ օկուպացրեց Արցախը, վտանգն ավելի է մոտեցել Հայաստանին՝ Տավուշից մինչև Սյունիք, Գեղարքունիքից մինչև Վայոց ձոր և Արարատ, Հայաստանն ամբողջությամբ Ադրբեջանի թիրախում է։
Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին զուգահեռ՝ ՀՀ իշխանությունները խոսում են միայն խաղաղության օրակարգի մասին, Նիկոլ Փաշինյանն էլ ժամանակ առ ժամանակ հայտարարում է, թե «երաշխիք չկա, որ, օրինակ, Տավուշից տարածքներ զիջենք Ադրբեջանին, կարող է այլևս էսկալացիա կամ հարձակում չլինի Հայաստանի վրա.։
168.am–ի հետ զրույցում ՀՀ վաստակավոր արտիստ, Արցախի այա Մադլեն Ասրյանն էլ հաստատեց, որ վտանգված է ամբողջ Հայաստանը, հետևաբար՝ պետք է հիմա ոչ թե խոսել, այլ գործել և այնպես գործել, որ Նիկոլ Փաշինյանը հեռացվի։
«Մենք այսօր այն աստիճանի ենք հասել, որ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ արգելում է խոսել Արցախի մասին, այդ անունը շոշափող մարդկանց հետապնդում է։
Նախ, ես երբեք չեմ մտածել, որ Արցախը կարող է հայաթափվել, որովհետև իր ամբողջ պատմության ընթացքում երբեք չէր հայաթափվել։ Սա իշխանությունների դավաճանություն ասեմ, ստորություն ասեմ, արդյունքում էր, ծախեցին երկիրը, ուղղակի ծախեցին։
Ով մտահոգ է, Արցախի մասին խոսում է, բայց որոշակի դադար կա, որովհետև իշխանության ղեկավարն արգելում է՝ ինչպես Արարատի ու ազգային արժեքների, այնպես էլ՝ Արցախի մասին խոսելը։ Երբ 2018 թվականին տեսա, թե ինչքան մարդ է գնում այդ արարածի հետևից՝ արտասվեցի, ասում էի՝ նույնիսկ չգիտեն, թե ում հետևից են գնում, զգում էի, թե ինչ պետք է լինի»,- նշեց Մադլեն Ասրյանը։
Ըստ վաստակավոր արտիստի, պարզ էր, որ Արցախը հանձնելուց հետո դառնալու էին Հայաստանին և այժմ այդ նույն գործընթացը Հայաստանի հետ են անում։
«Եթե մարդիկ կան, որ իրենց հայ չեն համարում՝ գնացեք Հայաստանից, Հայաստանը հայինն է, այլ ոչ թե ծախվածներինն ու թրքասերներինը»,-շեշտեց մեր զրուցակիցը։
Մադլեն Ասրյանը ցավով է արձանագրում՝ մտավորականների մի հատված կա, որ սեփական աշխատանքը չկորցնելը գերադասում է հայրենիքից, դրա համար ստեղծված իրավիճակի մասին որևէ խոսք չեն ասում ու չեն պայքարում։
«Ես «Ակունքում» իմ աշխատանքից զրկվեցի, որովհետև քննադատական բաներ էի գրել ու ղեկավարն ինձ հեռացրեց։ Հիմա մտավորականության մի հատվածը չի խոսում՝ ասելով, թե՝ «մուզիկանտ պոլիտիկայով չզբաղվել», սա սխալ դիրքորոշում է, խոսքը մեր հայրենիքին է վերաբերում։ Եթե իմ հայրենիքը կործանման եզրին է, պոլիտիկան ո՞րն է, չէ՞ որ հայրենիք ենք կորցնում։ Նման սխալ դիրքորոշումների արդյունքում Նիկոլ Փաշինյանը շարունակելու է տարածքներ զիջել ու տալու է այնքան, քանի դեռ իշխանության է։ Նիկոլ Փաշինյանը հայ ազգից վրեժ է լուծում, ուզում եմ կրկին հիշեցնել լուսահոգի Արմեն Գրիգորյանի խոսքերը, ով ասում էր՝ «եթե ուզում եք այլևս հայ չմահանա, հեռացրեք սրան՝ Նիկոլին»»,- շեշտեց Մ. Ասրյանը։
Ըստ նրա, երկրում ստեղծված լուրջ ու վտանգավոր իրավիճակը պետք է գիտակցեն ԱԺ-ում՝ Նիկոլ Փաշինյանի թիմակիցները, ԱԱԾ-ում ու ՊՆ-ում, ՆԳՆ-ում, և գնան Նիկոլ Փաշինյանի ձերբակալման, եթե, իհարկե, ուզում են, որ Հայաստանն առհասարակ գոյություն ունենա։
«Այդ ինչպե՞ս է լինում, որ մեկ հավ գողացողին արագ-արագ տանում են ու դատում, բայց Նիկոլ Փաշինյանը, որ 2018 թվականից սկսած երկիրը հանձնում է, այդքան զոհեր է տվել՝ չեն ձերբակալում, ինչո՞ւ, սրա բացատրությունը մեր իրավապահ համակարգում ունե՞ն։ ԱԱԾ-ն ու Պաշտպանության նախարարությունն ու ՆԳՆ-ն ինչի՞ համար են, երբ երկիրը վտանգի մեջ է, ի՞նչ է, իրենք մեկ հոգու համա՞ր են, մեկ հոգու են պաշտպանո՞ւմ։ Առաջինը ԱԺ-ն պետք է հարցը դնի ու Նիկոլ Փաշինյանի թիմակիցները նրան անվստահություն հայտնեն, որից հետո նա ձերբակալվի։
Այս իշխանությունը հրեշ է, որը եկել է ժողովրդի արյունը խմելու, լավ, մի լավ բան արե՞լ են այս ազգի համար, մի լուցկու հատիկի չափ լավ բան արե՞լ են, մենակ հարստանալուց, Արցախը ու Հայաստանի տարածքները հանձնելուց բացի։ Կրկնում եմ՝ մեր երկրի փրկությունը Նիկոլ Փաշինյանի հեռացումն է։ Ես պայքարի հնարավորություններ չունեմ, միայն կարող եմ կանգնել պայքարողների կողքին։ 2018 թվականից Հայաստանի ու հայ ազգի գլխին սև է եկել։ Անասունը որ անասուն է, իր զավակին, իր տարածքը պաշտպանում է»,- ընդգծեց Մադլեն Ասրյանը։