Երբ յուրաքանչյուրը խաղաղության հասնելու ուղին յուրովի է ընկալում և առաջ է տանում խաղաղության սեփական մոդելը, դա վերածվում է լարվածության աղբյուրի. Տոկաև
Հայաստանի Հանրապետություն այցին ընդառաջ Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը բացառիկ հարցազրույց է տվել «Արմենպրես» լրատվական գործակալությանը։
– Հարգելի Կասիմ-Ժոմարտ Կեմելևիչ, այս տարվա սեպտեմբերին լրանում է Հայաստանի և Ղազախստանի միջև Բարեկամության ու համագործակցության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակը։ Ինչպե՞ս կբնութագրեք հայ-ղազախական հարաբերությունների զարգացման ներկայի դինամիկան։
– Այս տարին հիրավի առանձնահատուկ ու խորհրդանշական է երկկողմ հարաբերությունների համար՝ թե՛ նշանակալից ամսաթվերով, թե՛ իմաստալից բնույթով։
Ղազախստանի և Հայաստանի կողմից 1999 թվականին ընդունված հիմնարար միջպետական փաստաթուղթը՝ Բարեկամության ու համագործակցության մասին պայմանագիրը, հուսալի հիմք դրեց ղազախ-հայկական բազմակողմ հարաբերությունների համար։ Այս տարիների ընթացքում մենք խստորեն պահպանել ենք դրա դրույթները՝ ամեն կերպ ընդլայնելով ու խորացնելով կապերը մեր երկրների ու ժողովուրդների միջև։
Ներկա փուլում Աստանայի և Երևանի միջև հարաբերությունները բնութագրվում են բաց քաղաքական երկխոսությամբ, առևտրատնտեսական ոլորտում համագործակցության դինամիկ աճով, մշակութային և հումանիտար շփումների համակողմանի զարգացմամբ։
Մեր երկրները միջազգային հարթակներում համատեղ աշխատանքի դրական փորձ են կուտակել։ Միջազգային տարբեր կառույցներում առաջադրվելիս՝ մեր նախաձեռնություններն ու թեկնածություններն ստանում են փոխադարձ աջակցություն: Սերտ փոխգործակցություն է հաստատվել այնպիսի բազմակողմ հարթակներում, ինչպիսիք են ՄԱԿ-ը, ԱՊՀ-ն, ԵԱՏՄ-ն, ՀԱՊԿ-ը, ԵԱՀԿ-ն և այլն։
Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ հաջողություն մաղթել Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի նախագահությանը։
Համակարգված զարգանում է միջխորհրդարանական գործընկերությունը։ Դինամիկ իրականացվում է փոխգործակցությունը միջկառավարական մակարդակով։
Իրավական և պայմանագրային դաշտն աստիճանաբար ընդլայնվում է: Հայաստան իմ առաջիկա այցի ընթացքում կընդունենք մի շարք նոր փաստաթղթեր։
Ղազախստանի և Հայաստանի միջև հարաբերությունների հիմքը առևտրատնտեսական համագործակցությունն է։ Վերջին հինգ տարիների ընթացքում փոխադարձ առևտուրն աճել է 3,5 անգամ։ 2023 թվականին ապրանքաշրջանառությունն աճել է 23 տոկոսով։ Իհարկե, առևտրի ծավալները չեն համապատասխանում մեր ներուժին, բայց դրա համար կան օբյեկտիվ պատճառներ՝ կապված երկրների միջև բարդ տրանսպորտային լոգիստիկայի հետ։ Այնուամենայնիվ, արտահանման-ներմուծման հնարավորությունները վկայում են փոխադարձ առևտրի զգալի ընդլայնման լուրջ ներուժի առկայության մասին։ Դրա բացահայտ վկայությունն էր վերջերս Երևանում Ղազախստանի և Հայաստանի ձեռներեցների մասնակցությամբ կայացած բիզնես ֆորումը։
Միջպետական փոխգործակցության առանցքային ինստիտուտն Առևտատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովն է: Ի դեպ, դրա ստեղծման օրվանից ևս անցել է 25 տարի։
Մենք վճռական ենք ավելի խորացնելու և ընդլայնելու մեր կապերը։ Մեր մտադրությունների գործնական արտահայտությունն է այս տարի Հայաստանի Արարատի և Արագածոտնի մարզերում Ղազախստանի պատվավոր հյուպատոսների լրացուցիչ գրասենյակներ բացելու որոշումը։
Վստահ եմ, որ կապերի ընդլայնմանը կնպաստեն նաև Աստանայի և Երևանի, ինչպես նաև այլ քաղաքների միջև քույր-քաղաքի կարգավիճակի ստեղծման ծրագրերը։
Գործարար համագործակցությանն ու զբոսաշրջության զարգացմանը նպաստում է 2023 թվականին «Ակտաու-Երևան-Ակտաու» ուղիղ չվերթների բացումը։ Միաժամանակ, ծառայողական այցերի և գործուղումների ավելացման մեր ծրագրերը պահանջում են ուղիղ չվերթների հաստատում երկու մայրաքաղաքների միջև։
Գործնական բնույթ ունի նաև մշակութային և հումանիտար ոլորտը, որն ընդգրկում է արվեստը, սպորտը, զբոսաշրջությունը, կրթությունը, առողջապահությունը և շատ ավելին։
Ընդհանուր առմամբ, բարեկամության, վստահության և փոխըմբռնման վրա խարսխված ղազախ-հայկական հարաբերությունների մակարդակը համընկնում է երկու ժողովուրդների շահերին։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք նոր լիցք հաղորդել Ղազախստանի և Հայաստանի միջև բազմաբնույթ կապերի ողջ շրջանակին։
– Ինչպիսի՞ն է, ըստ Ձեզ, հայ-ղազախական համագործակցության ապագան: Փոխգործակցության գերակա ո՞ր ոլորտները կառանձնացնեք և ինչպե՞ս կգնահատեք, մասնավորապես, տնտեսական հարաբերությունները։
– Ինչպես արդեն նշել եմ, առկա է տարբեր ոլորտներում փոխգործակցության հետագա խորացման մեծ ներուժ:
Ուրախալի են Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական հաջողությունները։ Ձեր երկիրն ակնառու արդյունքներ է արձանագրում տնտեսության բոլոր առանցքային ոլորտներում՝ ապահովելով զարգացման բարձր տեմպեր ԵԱՏՄ երկրների մեջ։ Դրա հաստատումն է Հայաստանի նախորդ տարվա ՀՆԱ-ի աճը՝ 8,7 տոկոս՝ գնաճի նվազագույն մակարդակով (սպառողական գների աճը կազմել է ընդամենը 2%)։
Այս առումով մենք չափազանց կարևորում ենք տնտեսական կապերի հետագա համակողմանի զարգացումը։ Այսօր մեր երկիրը պատրաստ է ավելացնել 70 անուն ապրանքի արտահանումը՝ թե՛ հումք, թե՛ պատրաստի արտադրանք՝ 350 միլիոն դոլար ընդհանուր արժեքով։ Դրանք մետալուրգիական, նավթաքիմիական, սննդի արդյունաբերության, շինարարության և գյուղատնտեսական արդյունաբերության արտադրանքներ են։ Հաշվի առնելով, որ մինչև 2011 թվականը ցորենը դեպի Հայաստան ղազախական արտահանման առաջատար ապրանքներից էր՝ կարևոր եմ համարում ցորենի և այլ պարենային ապրանքների մատակարարումների վերականգնումը Հայաստանի խոշոր առևտրային ցանցերին։ Կարծում եմ, որ մեր հայ գործընկերները նույնպես ունեն նմանատիպ առաջարկներ։
Հեռանկարային է նաև արդյունաբերական համագործակցությունը։ Մեզ համար կարևոր է ստեղծել մեր երկրները կապող համատեղ նախագծեր։
Մեր ներդրումային համագործակցությունը ինտենսիվ զարգացման և խթանման կարիք ունի։ Այսօր Ղազախստանում բարենպաստ ներդրումային միջավայր է ստեղծվել։ Առկա են բոլոր անհրաժեշտ գործիքները օտարերկրյա ներդրումներին աջակցելու համար։
Մեծ հնարավորություններ ենք նկատում նաև թվայնացման ոլորտում։ Ղազախստանը նպատակաուղղված քաղաքականություն է վարում՝ վերափոխվելու ու դառնալու եվրասիական տարածքի ամենամեծ թվային հանգույցներից մեկը։ Միայն վերջին 3 տարվա ընթացքում մեր ՏՏ ծառայությունների արտահանումն աճել է 3 անգամ՝ հասնելով 500 մլն դոլարի։ 2026 թվականին այն պետք է հասնի առնվազն 1 միլիարդ դոլարի։
Տնտեսական համագործակցության խորացման կարևոր գործոն է մեր երկրների միջև ծախսարդյունավետ և արագընթաց ցամաքային լոգիստիկայի ձևավորումը։ Օդային հաղորդակցության ընդլայնումը բիզնեսի և քաղաքացիների համար կապահովի շարժունակություն և նոր հնարավորություններ կբացի զբոսաշրջության ոլորտում։
Իմ նշած բոլոր ոլորտները պետք է դառնան տնտեսական փոխգործակցության անբաժանելի բաղադրիչներ։ Ունենալով բարձր մուլտիպլիկատիվ էֆեկտ՝ դրանք կնպաստեն հարակից այլ ճյուղերի զարգացմանը։
Ուղիղ պատասխանելով Ձեր հարցին՝ ես մեր հարաբերությունների ապագան տեսնում եմ ընդունված երկկողմ պարտավորությունների խստիվ պահպանմամբ և իրավապայմանագրային դաշտի ընդլայնմամբ, մեր ժողովուրդների միջև բարեկամական կապերի և համագործակցության ամրապնդմամբ, առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար ոլորտներում շփումների խորացմամբ։
– Վերջին 15 տարում Ղազախստանը տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման համար ներդրել է մոտ 35 մլրդ դոլար: Դուք իրականացնում եք տրանսպորտային ուղիների դիվերսիֆիկացման և ձեր երկրի տարանցիկ ներուժի ավելացման կուրսը։ Միաժամանակ ՀՀ կառավարությունը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի նպատակն է միասնական տարածաշրջանային երկաթուղային ցանցին և Հյուսիս-Հարավ ու Արևելք-Արևմուտք մայրուղիներին միացնել Պարսից և Օմանի ծոցերը, Սև, Կասպից և Միջերկրական ծովերը: Ձեր կարծիքով, ի՞նչ մուլտիպլիկատիվ էֆեկտի կարող է հանգեցնել այս երկու նախագծերի կապակցումը։ Ի՞նչ է անհրաժեշտ դրա համար:
-Դուք իրավացի եք, վերջին 15 տարիների ընթացքում Ղազախստանը զգալի առաջընթաց է գրանցել իր տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման գործում՝ դառնալով Եվրոպայի և Ասիայի միջև կարևոր տարանցիկ հանգույցներից մեկը։ Ղազախստանի տարածքով անցնում է 13 տրանսպորտային միջանցք, այդ թվում ՝ 5 երկաթուղային և 8 ավտոմոբիլային։
Ընդհանուր առմամբ, մեր երկրի տրանսպորտային և լոգիստիկ համալիրի և տարանցիկ ներուժի զարգացման գործում ներդրվել է ավելի քան 10 տրիլիոն տենգե (մոտ 35 միլիարդ դոլար): Կառուցվել և արդիականացվել են հանրապետական նշանակության ավելի քան 13 հազար կմ ավտոճանապարհներ և կառուցվել են 2,5 հազար կմ նոր երկաթուղային գծեր։
Ղազախստանի տարածքով բեռների տարանցման ծավալը 2023 թվականին հասել է 32,3 մլն տոննայի՝ ավելանալով 21 տոկոսով։ Անցած տարի շինարարական աշխատանքներն ընդգրկել են 10,7 հազար կմ ճանապարհ, այդ թվում՝ հանրապետական նշանակության 6,5 հազար կմ ճանապարհ։
Երկաթուղային տրանսպորտի ոլորտում բեռնափոխադրումների ծավալն աճել է 3 տոկոսով՝ հասնելով 297 մլն տոննայի։ Մենք պարբերաբար թարմացնում ենք շարժակազմը, ներառյալ՝ լոկոմոտիվները, բեռնատար և մարդատար վագոնները։
Ծովային տրանսպորտի ոլորտում 2023 թվականին մեր նավահանգիստներով փոխադրումների ծավալը կազմել է 7,2 մլն տոննա, ինչը 11 տոկոսով գերազանցում է 2022 թվականի ցուցանիշը։ Տերմինալային հզորություններն ընդլայնվում են: Այսպիսով, Կուրիկ ծովային նավահանգստում մասնավոր ներդրումների մասնակցությամբ անցյալ տարի կառուցվել է 1 միլիոն տոննա հզորությամբ հացահատիկի նոր տերմինալ և ձեռք են բերվել 2 նավթատար:
Հեռանկարային տրանսպորտային նախագծերից է Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղին (ՏՄՏԵ)։ Եվրասիայի կենտրոնում իր բարենպաստ աշխարհագրական դիրքի շնորհիվ Ղազախստանը կարևոր օղակ է մայրցամաքային տրանսպորտային ճարտարապետության մեջ:
2023 թվականին ՏՄՏԵ-ով բեռների փոխադրումն աճել է 65 տոկոսով՝ հասնելով 2,8 միլիոն տոննայի, այդ թվում ՝ 2,5 անգամ ավելացել է ղազախական արտադրանքի արտահանումը։ Արտահանման հետ մեկտեղ նկատվում է նաև ներմուծման աճ։ Դա իր հերթին ցույց է տալիս եվրոպական ընկերությունների հետաքրքրությունը Տրանսկասպյան երթուղու նկատմամբ։
Անցյալ տարի Ղազախստանի, Ադրբեջանի և Վրաստանի երկաթուղային անդմինիստրացիաները «մեկ պատուհանի» սկզբունքով լոգիստիկ ծառայությունների կարգավորման, սակագնային քաղաքականության միասնականացման և ՏՄՏԵ-ով փոխադրումների կայունության ապահովման նպատակով ստեղծեցին Middle Corridor Multimodal Ltd համատեղ ձեռնարկությունը:
Ներկայում եվրոպական մի շարք երկրներ ցանկություն են հայտնել միանալ այս երթուղուն, իսկ որոշներն արդեն աշխատանքներ են իրականացնում։
Այս առումով զգալիորեն աճել է Հարավային Կովկասի նշանակությունը Եվրասիայի տրանսպորտային համակարգում։ Ուստի հայկական կողմի նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ որպես տրանսպորտային նոր գաղափար, արժանի է ուշադրության և համակողմանի ուսումնասիրության՝ այն փոխկապակցվածության տարածաշրջանային լոգիստիկ կառուցվածքին միացնելու տեսանկյունից։
Նախագծերի արդյունավետ առաջխաղացման համար գլխավորն այն է, որ բոլոր շահագրգիռ կողմերը փոխընդունելի պայմանավորվածություններ ձեռք բերեն տարածաշրջանում հաղորդակցությունների հետագա ապաշրջափակման վերաբերյալ։
Տրանսպորտային հաղորդակցության լիարժեք գործունեությունը կարևոր քայլ է ողջ Հարավային Կովկասի տնտեսական ինտեգրման և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ:
Տարածաշրջանային տրանսպորտային նախագծերի համակցումը կարող է զգալի մուլտիպլիկատիվ էֆեկտի հանգեցնել ինչպես տարածաշրջանային առումով ՝ միավորելով Կենտրոնական Ասիան և Հարավային Կովկասը, այնպես էլ առանձին երկրների համար: Տրանսպորտային հաղորդակցությունների զարգացումն առաջին հերթին ներդրում է, և դրանք նոր տեխնոլոգիաներ են, աշխատատեղեր, սարքավորումների և հումքի մատակարարում, արտադրություն, արտահանման-ներմուծման գործառնություններ, բանկերի աշխատանք: Այսպիսով, կգործարկվեն տնտեսության բոլոր ոլորտները։ Դա դրական ազդեցություն կունենա նաև տարանցիկ միջանցքների երկայնքով շրջանների բարեկեցության վրա։
Ուզում եմ նշել, որ Ղազախստանի և Հայաստանի միջև փոխադրումներն այսօր իրականացվում են հիմնականում ավտոմոբիլային տրանսպորտով, ինչն էապես սահմանափակում է մեր հնարավորությունները։ Այս առումով տարածաշրջանում նոր երթուղիների առաջխաղացումն, անկասկած, կնպաստի երկկողմ առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը։
– Ներկա պայմաններում, երբ աշխարհի ամենատարբեր մասերում նկատվում է բարձր, երբեմն ողբերգական տուրբուլենտություն, որքանո՞վ է կարևոր միջազգային հարաբերություններում տարածքային ամբողջականության, սահմանների և ինքնիշխանության անխախտելիության սկզբունքների պահպանումը, ինչպես նաև ստանձնած պարտավորությունների և ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ապահովումը:
– Ես բազմիցս արտահայտել եմ իմ դիրքորոշումը ժամանակակից միջազգային իրավունքի առջև ծառացած խնդիրների վերաբերյալ։
Ղազախստանը մշտապես պահպանում է իր սկզբունքային հավատարմությունը ՄԱԿ-ի կանոնադրության մեջ ամրագրված միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին։ Այս համատեքստում ՄԱԿ-ի կենտրոնական դերը միջազգային հարցերում և խաղաղության ու կայունության պահպանման գործում Ղազախստանի համար մնում է այլընտրանք չունեցող։
Համաշխարհային անվտանգության ժամանակակից ճարտարապետությունը բախվում է աննախադեպ մարտահրավերների: Աճող բլոկները, աշխարհաքաղաքական մասնատումը և միջազգային իրավունքի սկզբունքների խաթարումն ուժեղացնում են անվստահության ճգնաժամը՝ վտանգելով միջազգային ինստիտուտների դերն ու հեղինակությունը։ Առանցքային բազմակողմ համաձայնագրերին չհետևելու, կասեցնելու և դրանցից դուրս գալու պրակտիկան խիստ մտահոգիչ է, քանի որ կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների:
Երբ յուրաքանչյուրը խաղաղության հասնելու ուղին յուրովի է ընկալում և առաջ է տանում խաղաղության սեփական մոդելը՝ առանց հաշվի առնելու ուրիշների շահերը, դա վերածվում է լարվածության աղբյուրի:
Այս կապակցությամբ ես խորապես համոզված եմ, որ ցանկացած հակասություն, այդ թվում ՝ պետությունների տարածքային ամբողջականությանը վերաբերող, անհրաժեշտ է լուծել բացառապես քաղաքական-դիվանագիտական երկխոսության միջոցով՝ ՄԱԿ-ի կանոնադրության նորմերի և սկզբունքների համաձայն։ ՄԱԿ-ի շրջանակներում հաստատված արժեհամակարգը պետք է մնա ուղենիշ աշխարհում անվտանգության և կայունության ապահովման համար:
Ղազախստանը կիսում է միջազգային գործերում արդարության, խաղաղության, համագործակցության և պետությունների իրավահավասարության վրա հիմնված որոշումների ընդհանուր մղումը: Այս առումով մենք առաջ ենք տանում «Համաշխարհային միասնություն` հանուն արդար խաղաղության և համերաշխության» նախաձեռնությունը և ակնկալում ենք մեր բոլոր գործընկերների աջակցությունը։
Համոզված եմ, որ ներկա փուլում միայն պետությունների հավաքական ջանքերը, իմաստուն, պրոֆեսիոնալ դիվանագիտությունը կարող են հանգեցնել աշխարհում երկարաժամկետ կայունության և համընդհանուր առաջընթացի՝ կառուցելով միջազգային հարաբերությունների արդար համակարգ՝ հիմնված ՄԱԿ-ի կանոնադրության վրա։
– Ղազախստանը բազմիցս միջազգային ասպարեզում հանդես է եկել խաղաղապահ նախաձեռնությունների նախաձեռնողի և կողմնակցի դերում։ Ձեր կարծիքով, Աստանան կարո՞ղ է նոր նախաձեռնություններ ունենալ այս ոլորտում:
– Որպես համաշխարհային հանրության ակտիվ և պատասխանատու մասնակից՝ Ղազախստանը մշտական հիմունքներով իր ներդրումն է ունենում միջազգային և տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում՝ խթանելով խաղաղապահ նախաձեռնությունները։
Մեր երկիրը համընդհանուր ճանաչում ունեցող առաջատար է զանգվածային ոչնչացման զենքի զինաթափման և չտարածման, միջուկային զենքից զերծ գոտիների ստեղծման գործում։ Օգտագործելով համաշխարհային հակամիջուկային շարժման իր փորձը՝ Ղազախստանը զգալի ներդրում է ունեցել իրանական միջուկային ծրագրի շուրջ բազմակողմ բանակցությունների կազմակերպման գործում։ 2013-ին Աստանայում կազմակերպվեց բանակցությունների երկու փուլ, որոնք խթան հանդիսացան «Վեցնյակ»-ի և Իրանի ձևաչափի վերսկսման համար: Այդ ջանքերի արդյունքը, ինչպես հայտնի է, 2015 թվականին Իրանի վերաբերյալ գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ստորագրումն էր։
Միջազգային կայունության և անվտանգության ապահովման գործում Ղազախստանի մեկ այլ նշանակալի ներդրումը սիրիական բազմամյա հակամարտության կարգավորման համար հարթակի տրամադրումն էր: 2017 թվականից մինչև օրս Աստանայի գործընթացի շրջանակներում անցկացվել է բանակցությունների 21 փուլ: Այս միջազգային պլատֆորմի ներդրումը Սիրիայի հակամարտության կարգավորման գործում ճանաչված է ՄԱԿ-ի և աշխարհի բազմաթիվ առաջնորդների կողմից:
Ղազախստանի արտաքին քաղաքականության կարևոր ուղղությունը ՄԱԿ-ի շրջանակներում խաղաղապահ գործունեությունն է: 2014 թվականից ի վեր ավելի քան 600 ղազախստանցի զինծառայողներ մասնակցել են ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններին: Ներկայում մեր խաղաղապահները մասնակցում են ՄԱԿ-ի առաքելություններին Լիբանանում, Արևմտյան Սահարայում, Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում: Մասնակցել ենք նաև ՄԱԿ-ի առաքելությանը Մալիում՝ 2022 թվականից։
Սույն թվականի մարտի 15-ից մեր պետության պատմության մեջ առաջին անգամ ՄԱԿ-ի առաքելության շրջանակներում ղազախական խաղաղապահ զորախումբը տեղակայվել է Գոլանի բարձունքներում ՝ որպես ինքնուրույն ստորաբաժանում ՝ 139 մարդ, այդ թվում՝ 7 կին։
Ինչ վերաբերում է Ձեզ հետաքրքրող նոր նախաձեռնություններին, ապա այստեղ հարց է առաջանում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակի մասին։ Անկասկած, Ղազախստանն անտարբեր չի մնում այս թեմայի նկատմամբ։ Մենք շահագրգռված ենք մեզ համար բարեկամ երկու պետությունների միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմամբ։ Երևանի և Բաքվի միջև ամուր և տևական խաղաղության հաստատումը բխում է մեր երկրի շահերից։ Որպես խաղաղապահ նախաձեռնությունների նախաձեռնող և կողմնակից՝ Ղազախստանը պատրաստ է աջակցել մեր տարածաշրջանի խաղաղ և կայուն զարգացմանն ուղղված ցանկացած ջանքերի:
– Պարոն նախագահ, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի ու Ղազախստանի միջև համագործակցությունը մշակութային և հումանիտար ոլորտներում, այս ուղղություններով համագործակցությունը զարգացնելու ի՞նչ հեռանկարներ եք տեսնում։
– Ուզում եմ ընդգծել, որ ամբողջ պատմության ընթացքում հոգևոր-մշակութային կապերը բնական կամուրջ են հանդիսացել՝ կարևոր դեր խաղալով մեր ժողովուրդներին մտերմացնելու հարցում։ Այսօր մշակութային-հումանիտար ուղղությունը հայ-ղազախական համագործակցության ամենաակտիվ ու զարգացած ուղղություններից է։
Բազային փաստաթուղթ է հանդիսանում 2006 թվականի նոյեմբերին ստորագրված միջկառավարական համաձայնագիրը մշակույթի ոլորտում համագործակցության մասին։ Բացի այդ, պրոֆիլային նախարարությունների և գերատեսչությունների միջև ստորագրվել են հուշագրեր և ծրագրեր, որոնց հիմքի վրա տարբեր ուղղություններով մշակութային, կրթական և գիտահետազոտական փոխանակման համակարգային աշխատանք է տարվում։
Հատկապես ցանկանում եմ ընդգծել, որ Ղազախստանում բարձր են գնահատում Հայաստանում ղազախական ժառանգության նկատմամբ դրսևորվող հարգանքը։ Ես գիտեմ, որ Երևանում Ալմաթի և Ջամբուլ անուններով փողոցներ կան։ 2010 թվականից Երևանի պետական համալսարանի թուրքագիտության ամբիոնին կից գործում է Աբայի անվան ղազախերենի, ղազախական մշակույթի և պատմության կենտրոնը։ Իր հերթին մեր մայրաքաղաքում փողոց կա Արամ Խաչատրյանի անունով, Ալմաթիում էլ՝ Հայկական փողոցը։ Մեր համատեղ պլաններում կա նոր փողոցների անվանակոչումը մեր ժողովուրդների մեծ զավակների անուններով։ Անկասկած, այսպիսի իրադարձությունները խորը իմաստ ունեն և մեծ ոգևորությամբ են ընդունվում երկու երկրների գիտական և ստեղծագործական հանրության կողմից։
Մշակույթի ոլորտում 2023-2025 թվականների ծրագրի շրջանակներում նախատեսվում է ընդլայնել համագործակցությունը երաժշտական և խորեոգրաֆիկ արվեստի, թանգարանային և գրադարանային, կինոյի և պատմամշակութային ժառանգության ուղղություններով։ Մեր երկրներն ավանդաբար իրականացնում են տարբեր համատեղ միջոցառումներ, որոնց թվում՝ փառատոններ, ցուցահանդեսներ, համերգներ, թատերական ներկայացումներ։ Այսպես, 2023 թվականին Երևանում կայացել են ղազախ հայտնի կատարող Դիմաշ Կուդայբերգենի մենահամերգը, Հայաստանում ղազախական թատրոնի օրերը, Ալմաթիի Մ․ Աուեզովի անվան ղազախական ազգային թատրոնի և Կոստանայի շրջանային դրամատիկ թատրոնի կոլեկտիվների շրջագայությունները։ Իր հերթին Ղազախստանում անցկացվել են հայկական կոլեկտիվների համերգներ՝ նվիրված ականավոր կոմպոզիտոր և դիրիժոր Արամ Խաչատրյանի 120-ամյակին։ Այս տարվա աշնանը պլանավորվում է Ղազախստանում Հայաստանի մշակույթի օրերի անցկացումը։ Սա նշանակալի իրադարձություն է, որի ընթացքում մեր հանդիսատեսը հնարավորություն կունենա ծանոթանալ Հայաստանի ստեղծագործական կյանքի լայն գունապնակին։ Մեծ ներուժ կա ամրապնդելու կապերը կրթության ոլորտում և երկու երկրների երիտասարդների միջև։ Երիտասարդությունը միայն մեր երկրներում դրական վերափոխումների լոկոմոտիվը չէ․ հենց երիտասարդ սերնդին է վերապահված երկու պետությունների միջև հետագա համագործակցության կառուցումը՝ հիմնված բարեկամության, հարգանքի և փոխըմբռնման վրա։
Այս առումով մեր ակտուալ խնդիրն է կրթական և ուսանողական փոխանակման ծրագրերին աջակցելը։ Երկու երկրների մարզիկները կանոնավոր կերպով մասնակցում են մեր երկրներում անցկացվող տարբեր մրցումների։ Հայաստանի ազգային հավաքականը հրավիրված է Քոչվորների համաշխարհային 5-րդ խաղերին, որոնք կկայանան Աստանայում՝ ընթացիկ տարվա սեպտեմբերին։ Իմ՝ Երևան առաջիկա այցի ընթացքում Ղազախստանի և Հայաստանի լիազորված նախարարությունները կստորագրեն 2024-2026 թվականների ծրագիրը ֆիզկուլտուրայի և սպորտի ոլորտում համագործակցության վերաբերյալ։ Մշակութային, ուսանողական, սպորտային պատվիրակությունների փոխանակումները պետք է դառնան կարևոր հարթակ մեր ժողովուրդների մտերմության, քաղաքացիների միջև կապերի հաստատման, զբոսաշրջության զարգացման համար։
– Ինչպե՞ս կգնահատեք Ղազախստանի հայկական համայնքի դերը երկու երկրների միջև համագործակցության հետագա խորացման գործում։
– Հայկական համայնքը ղազախական հասարակության անբաժան մասն է՝ զբաղեցնելով հատուկ տեղ Ղազախստանի էթնիկ ներկապնակում։ Մեր երկրում ապրում է ավելի քան 20 հազար հայ։ Գործում է հայերի էթնոմշակութային 31 միավորում, որոնց գործունեությունն ուղղված է ազգային մշակույթի, լեզվի, ավանդույթների և պատմության հանրահռչակմանը։ Միջէթնիկ և միջկրոնական համաձայնության ղազախական մոդելն ամենակարևոր բնութագրիչներից է, որով մեր երկիրը ճանաչելի է աշխարհում։ Ղազախստանն ընդհանուր տուն է դարձել 130 էթնոսի, 17 կրոնական դավանանքի համար։ Այսպիսի բազմազանության պայմաններում Ղազախստանը մշակել է միջէթնիկ միասնության յուրահատուկ մոդել և կարողացել է այդ բազմազանությունը ծառայեցնել հասարակության շահերին։ Ինչպես հայտնի է, 2003 թվականի սեպտեմբերին Աստանայում կայացել է Համաշխարհային և ավանդական կրոնների առաջնորդների առաջին համագումարը։ Այդ ֆորումը լավ ճանաչում գտավ աշխարհում՝ դառնալով Ղազախստանի արտաքին քաղաքականության ճանաչելի բրենդը։
Հայաստանի Հանրապետությունը ակտիվորեն աջակցում է այս նախաձեռնությանը։ Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչները մշտական հիմունքներով մասնակցում են համագումարի աշխատանքներին։ Այսօր պետական էթնոքաղաքականության իրականացման գործում կարևոր դեր է հատկացվում Ղազախստանի ժողովրդի ասամբլեային։ 2022 թվականից Ասամբլեան ներկայացված է բարձրագույն օրենսդրական մարմնում՝ Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի Սենատում։ Ղազախստանում հայկական սփյուռքի ներկայացուցիչները ղազախական հասարակության ակտիվ անդամներ են և, որպես Ղազախստանի ժողովրդի ասամբլեայի մասնակիցներ, ծանրակշիռ ներդրում ունեն մեր պետության զարգացման և հայկական մշակույթի տարածման գործում։ Ինչպես այլ էթնոսներին, հայկական էթնոմշակութային միավորումներին իրենց հիմնական գործունեությունը լիարժեք իրականացնելու համար ևս երկրի շրջաններում հատկացված են տարածքներ։
Ստեղծված են պայմաններ կիրակնօրյա լեզվական դպրոցների, պարային և երաժշտական կոլեկտիվների աշխատանքի համար, ինչը նպաստում է ազգային մշակույթի և ավանդույթների պահպանմանը և զարգացմանը։ Այսօր հայկական համայնքի ներկայացուցիչներն անմիջական մասնակցություն ունեն Ղազախստանում միջէթնիկ համաձայնությունն ամրապնդելու պետական քաղաքականության իրականացման մեջ։ Ընդհանուր առմամբ, կարող եմ վստահաբար ասել, որ ժամանակի փորձությամբ անցած ղազախա-հայկական բարեկամական հարաբերությունները և փոխըմբռնումն ունեն ամենապայծառ ապագան։