Պաշտոնատար անձը իրավական հիմք կունենա կասեցնելու կամ դադարեցնելու սպանդանոցային գործունեությունը
Պետական վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձը սպանդանոցներում ստուգումների դեպքում կունենա իրավական հիմք կասեցնելու կամ դադարեցնելու սպանդանոցային գործունեությունը, ինչպես նաեւ սահմանելու լիազորող նորմեր: Ազգային ժողովի նիստում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթեւիկ Սարգսյանը՝ ներկայացնելով «Անասնաբուժության մասին» օրենքում եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխությունների նախագիծը։
Նրա խոսքով՝ սպանդանոցներում վերահսկողության հետեւանքով խախտումներ հայտնաբերելիս տնտեսավարողի գործունեությունը հնարավոր կլինի կասեցնել կամ եթե վեց ամիս գործունեություն չի իրականացրել, ապա դադարեցնել այն:
«Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կենդանիների առողջության եւ մարդկանց զոոնոզային վարակներից պաշտպանության համալիրում անասնաբուժական վերահսկման ենթակա ապրանքներ ներմուծող եւ արտահանող, մթերատու կենդանիներ պահող, կենդանական ծագման հումքի եւ մթերքի, կենդանական ծագման կողմնակի արտադրանքի, կերատեսակների, անասնաբուժական դեղամիջոցների արտադրությամբ, վերամշակմամբ, պահպանմամբ, փոխադրմամբ, առեւտրով կամ իրացմամբ զբաղվող ֆիզիկական եւ իրավաբանական անձինք պարտավոր են անասնաբուժական ծառայությանն անհապաղ տեղեկացնել կենդանիների հանկարծակի եւ զանգվածային հիվանդացության կամ անկումների մասին: Միաժամանակ լիազոր մարմինն իրականացնում է կենդանիների հիվանդացության ու վարակիչ հիվանդություններից անկումների պատճառների վերլուծություն: Այս համատեքստում օրենքում կսահմանվեն «անասնագերեզմանոց» հասկացությունը եւ անասնագերեզմանոցներին ներկայացվող պահանջները լիազորող նորմը»,- ասաց Սարգսյանը։
Փոխնախարարը տեղեկացրեց, որ ըստ օպերատիվ վերլուծության եւ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) տվյալների՝ կա ծառայություն մատուցող 62, ծառայություն մատուցող եւ սեփական կարիքների համար գործող 18 եւ սեփական կարիքների համար գործող 23 սպանդանոց:
Տաթեւիկ Սարգսյանը տեղեկացրեց նաև, որ սպանդանոցային գործունեությունը կանոնակարգելու եւ դրան աջակցելու նպատակով Էկոնոմիկայի նախարարությունը մի շարք ծրագրեր է իրականացնում: Նախարարությունում քննարկվում է «Սպանդանոցային ծառայություն մատուցող տնտեսավարողների աջակցության ծրագիրը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծը, որով առաջարկվում է ԱԱՀ դաշտում գործող, սպանդանոցային ծառայություն մատուցող տնտեսավարողներին տրամադրել ֆերմերային տնտեսություններից գնված գյուղատնտեսական կենդանիների սպանդանոցային մորթից ստացված մսեղիքի իրացման համար հաշվարկված ԱԱՀ-ի 15 տոկոսի չափով վերադարձի մեխանիզմը:
«2018 թվականից մինչեւ 2024 թվականի փետրվարը սպանդանոցների 6 հայտ է գրանցվել, գումարը կազմել է շուրջ 165,4 մլն դրամ: Հեշտացվել է սպանդանոցների կառուցման գործընթացը»,- եզրափակեց Սարգսյանը։