Ադրբեջանական վայրագությունները Տավուշի խաղաղ բնակչության դեմ՝ 1993-1994 թվականներին
Հայ-ադրբեջանական պատերազմների, ռազմական բախումների բոլոր ընթացքներում ակտիվ կետերից է եղել Տավուշի մարզը: Խորհրդային շրջանի վերջին էտապում՝ 1980-ականներից սկսած, հայերի ու ադրբեջանցիների միջև հակադրությունները, միջադեպերը սկսել են ակտիվանալ նաև Տավուշի հատվածում: Դա են վկայում ժամանակի մամուլում լույս տեսած լուրերը, տեղեկությունները: 1988 թվականին, երբ սկսվեց Արցախյան շարժումը, ակտիվացավ նաև հայ-ադրբեջանական լարվածությունը Տավուշում: Հայաստանի սահմանագոտու այդ հատվածը հատկապես ամենաթեժն է եղել Արցախի առաջին պատերազմի ժամանակ:
Սահմանագոտու ամբողջ երկայնքով ընթացել է ռազմական բախում: Այդ տարիների Տավուշի սահմանին տեղի ունեցող իրադարձությունների մասին տեղեկանում ենք պաշտոնական արձագանքներից, լրահոսից, ինչպես նաև թերթերից: 1993-1994 թվականներին Տավուշի սահմանին հայ-ադրբեջանական ռազմական բախումների, ինչպես նաև ադրբեջանցիների ռազմական և քաղաքացիական վայրագությունների մասին տեղեկանում ենք Տավուշի շրջկենտրոն Բերդ քաղաքում տպագրվող «Այգաբաց» թերթից, որը Տավուշի շրջանային խորհրդի պաշտոնաթերթն էր:
Հարկ է նշել, որ այդ շրջանի Երևանի թերթերը ևս տեղեկությունների մեծ մասը ստանում էին հենց վերոնշյալ թերթից, որում լրագրողներն ականատեսի աչքով, հենց առաջնագծից էին ներկայացնում իրադարձությունները: Մասնավորապես, թերթում կարդում ենք 1993 թվականի վերջին ադրբեջանցիների վայրագությունները Տավուշի խաղաղ բնակիչների շրջանում.
«Երկարատև ընդմիջումից հետո 1993 թվականի դեկտեմբերի 25-ին և 26-ին ադրբեջանցիները Թովուզի շրջանի ռազմական հենակետերից ծանր հրետանուց ու տանկերից ավելի քան երկու ժամ հրետակոծության են ենթարկել շրջանի սահմանամերձ գյուղերը: Դեկտեմբերի 29-ին, ժամը 13-ին, Թովուզի և Գետաբեկի շրջանների ռազմական հենակետից զենքի բոլոր տեսակներից դաժան հրետակոծության ենթարկվեցին շրջանի գրեթե բոլոր բնակավայրերը: Այգեպարի սահմանում իր զինվորական պարտքը կատարելիս հերոսի մահով զոհվեց Սարգիս Այդինյանը: Վարագավանում թուրքի գնդակի զոհը դարձավ ութ տարեկան մի աղջնակ: Կան մեկ տասնյակից ավելի վիրավորներ: Ավելի քան 70 բնակարաններ ավերվեցին»: ( «Այգաբաց», 1994, N 1):
Ադրբեջանցիներն իրենց վայրագությունները շարունակում են նաև 1994 թվականի հունվարին: Փետրվար ամսվա համարում կարդում ենք հունվարին տեղի ունեցած այն բոլոր հանցագործությունների մասին, որոնք տեղի են ունեցել Տավուշի մի շարք գյուղերում.
«Հունվարի 21-ին ադրբեջանցիները Չինարի գյուղի սահմանում գազանաբար խոշտանգել են երկու խաղաղ բնակիչների: Հունվարի 27-ին ադրբեջանցիները ներխուժել են Պառավաքարի տարածք և սպանել երկու հովիվների: Նույն օրը Բերդ-Կրասնոսելսկ ճանապարհին ադրբեջանցիները պայթեցրել են «Կամազ» մակնիշի մեկ ավտոմեքենա: Ուղևորները և վարորդը, բարեբախտաբար, հասցրել են փախչել: Հունվարի 30-ին, գիշերը, ժամը 3-ի սահմաններում, ադրբեջանցիները ներխուժել են Ներքին Կարմիրաղբյուրի տարածք, հասել մինչև գյուղի ֆերմաները: Տավուշի սահմանապահները կասեցրել են թշնամու գրոհները, քշել նախկին դիրքերը»: (Նույն տեղում՝ N 5):
Ադրբեջանցիներն իրենց ձեռագրին հավատարիմ մնալով՝ հրետակոծում էին նաև բնակավայրերը, սպանում ու վիրավորում խաղաղ բնակիչների: Այդ ամենը, բնականաբար, իրականացվում էր նաև հրադադարի ժամանակ.
«Հրետակոծությունների հետևանքով Չինարիում ավերվել է 86 տուն, Սերոբ Ոսկանյանի և Սանթուր Բալոյանի առանձնատները՝ հիմնովին»: (Նույն տեղում՝ N 32):
«Իրենց բնույթին հավատարիմ թուրք-թաթարները, կրկին խախտելով հրադադարի մասին պայմանավորվածությունը, մարտի 28-ին, առավոտյան ժամը 5-ից մինչև 20-ը, Ադրբեջանի Թովուզի և Գետաբեկի շրջանների ռազմական հենակետերից, զենքի գրեթե բոլոր տեսակներից, այդ թվում և տանկերից ու «Գրադ» կայանքներից կրկին հրետակոծության են ենթարկել շրջանի պաշտպանական դիրքերը, Չինարի, Այգեձոր, Մովսես, Չորաթան, Արծվաբերդ, Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար, Թովուզ գյուղերը և Բերդ շրջկենտրոնը: Զոհվել է վեց մարդ, այդ թվում՝ երկու խաղաղ բնակիչ: Վիրավորվել է երկու տասնյակից ավելի մարդ: Հրետակոծության հետևանքով բոլոր գյուղերում և Բերդում կան մեծ թվով ավերածություններ»: (Նույն տեղում՝ N 12):
Այս մի քանի մեջբերումներն ուղղակի պատառիկներ են այն վայրագություններից, որոնք իրականացրել են հայերին բնաջնջելու մտադրություն ունեցող ադրբեջանցիները 1993-1994 թվականների հայ-ադրբեջանական ռազմական բախումների ժամանակ: Ժամանակի մամուլի յուրաքանչյուր համարում ադրբեջանցիների ռազմական հանցագործություններն են, խոշտանգումները խաղաղ բնակիչների նկատմամբ:
Մինչ օրս Տավուշի վերոնշյալ և մնացյալ գյուղերում շարունակում են մնալ խաղաղ բնակիչների հրետակոծված տները, ողջ են նաև խոշտանգումների ենթարկվածների հարազատները: Ադրբեջանական վայրագությունների մասին այս պատառիկները ներկայացվում են փաստելու համար, որ մեր օրերում Տավուշի, այսպես կոչված, անկլավների վերադարձը՝ թե՛ խաղաղ ճանապարհով, թե՛ ծրագրված պատերազմական ճանապարհով, նոր ճանապարհ է բացելու ադրբեջանցիների համար հետագա առաջխաղացման, վայրագությունների, նոր բնակավայրերի գրավման ու ոչնչացման համար: Թերևս, դա հստակ տեսնում ենք վերջին 4 տարիների ընթացքում: Կա՛մ Տավուշից կսկսվի Հայաստանի, Արցախի ազատագրական պայքարը, կա՛մ Տավուշով կսկսի դրվել Հայաստանի Երրորդ Հանրապետության ավարտը:
Զ. Շուշեցի