Բորիս Ջոնսոնը Իսրայելին զենքի վաճառքն արգելելու մասին կոչերը «խելագարություն» է անվանել
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը «Daily Mail» պարբերականի համար գրած իր հոդվածում «խելագարություն» է անվանել Իսրայելին զենք վաճառելն արգելելու մասին Մեծ Բրիտանիայի կառավարության որոշ անդամների առաջարկը։
«Եթե ձեզ արևմտյան քաղաքակրթության մահացու օրինակ է պետք, կբերեմ Իսրայելին զենքի վաճառքն արգելելու բրիտանական իսթեբլիշմենթի անդամների առաջարկը։ Եթե ձեզ անհրաժեշտ է կառավարության խելագարության ապացույց, երևում է՝ ԱԳՆ-ի իրավաբաններն ակտիվորեն քննարկում են այդ գաղափարը, որն, ըստ իս, անձամբ արտգործնախարարը դեռ չի մերժել»,- նշել է Ջոնսոնը:
Ըստ Ջոնսոնի՝ առավել տագնապալի է, որ իսրայելական զենքի արգելքը կաբինետի բուռն քննարկումների առարկա է, և որ Իսրայելի օգտին միայն մի քանի նախարար է դրականորեն արտահայտվում:
Նա նշել է, որ առաջարկվող էմբարգոն այժմ ամեն կողմից պաշտպանում են պատգամավորները, MI-6-ի նախկին ղեկավարը, Գերագույն դատարանի մի քանի նախկին դատավորներ և շուրջ 600 իրավաբան: Նրանք բոլորն էլ կոչ են անում երես թեքելու Մերձավոր Արևելքի միակ ժողովրդավարությունից։
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետը շեշտել է, որ իրենց խնդրում են երես թեքել իսրայելցիներից, կատարել լիակատար բարոյական հրաժարում Իսրայելից, այն դեպքում, երբ այդ երկիրը վերջերս է ապրել իր հրեա բնակչության ամենամեծ և ամենասարսափելի կոտորածը Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր. 130 պատանդ, որոնց թվում՝ մի երեխա, պահվում են Գազայում՝ գետնի տակ ջիհադիստ առևանգիչների ձեռքով, երբ այդ պատանդների ազատ արձակումը, ըստ Ջոնսոնի, կնշանակի Իսրայելի զինված ուժերի անհապաղ դուրսբերում և հակամարտության ավարտ: