«Հարձակում պայմանական հակառակորդի ռազմավարական նշանակության օբյեկտների վրա». Նախիջևանում Ադրբեջանի արձագանքը՝ ՀՀ ռազմական ենթակառուցվածքների կառուցմանը
Մի քանի օր է՝ Ադրբեջանը քննարկման թեմա է դարձրել ՀՀ ԶՈւ պահպանության թիկունքային տեղամասերում վերջին ամիսներին ինժեներական, ամրաշինական և, ընդհանուր առմամբ, պաշտպանական բնույթի ու նշանակության ենթակառուցվածքների շինարարական աշխատանքները՝ փորձելով դրանք ներկայացնել նաև իբրև վերջին մի քանի օրերին տեղի ունեցած ակտիվ աշխատանքներ և կուտակումներ առաջնագծում:
ՀՀ պաշտպանության նախարարությունն արձագանքել էր, որ «ՀՀ սուվերեն տարածքում ինժեներական աշխատանքների իրականացումը ՀՀ ինքնիշխան իրավունքն է, դրանք կրում են բացառապես պաշտպանական բնույթ և միտված են ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը»:
Սակայն ադրբեջանական կողմը շարունակում է հետագա սադրանքների համար տեղեկատվական քարոզչական դաշտ ստեղծել:
Մասնավորապես, ադրբեջանական կայքերից մեկը երեկ գրել էր, թե «Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանական սահմանի տարբեր հատվածներում և տեղամասերում, և, հատկապես Նախիջևանի ուղղությամբ, ՀՀ զինված ուժերը ինտենսիվ աշխատանքներ են իրականացնում նոր ռազմական ենթակառուցվածքների կառուցման ուղղությամբ»:
Այսօր արդեն ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, Նախիջևանի առանձին համազորային բանակը հրամանատարաշտաբային զորավարժություններ է անցկացրել՝ տանկերի, հրետանու, ՀՕՊ միջոցների և հատուկ նշանակության ուժերի ներգրավմամբ:
Ըստ խաղարկված սցենարի, հատուկ նշանակության ուժերը «հետախուզություն են իրականացրել պայմանական հակառակորդի տեղակայման թիկունքում, դժվարանցանելի լեռնային և ժայռոտ տեղանքի պայմաններում իրականացրել են հարձակում ռազմավարական նշանակության օբյեկտների վրա»:
Իսկ երկրորդ փուլի շրջանակում վարժանքը շարունակվել է սիմուլյացիոն կենտրոնում, որտեղ հրամանատարությունը քննարկել է իրական պայմաններում և տեղանքում շտաբային որոշումների իրականացման հնարավորությունները, փորձարկել են մարտի դաշտում ենթակա ստորաբաժանումների կառավարման, ինչպես նաև մարտի տարբեր փուլերում կրակային միջոցների կիրառման կամ կրակային աջակցության խնդիրների կատարման հմտությունները:
Իսկ որքանո՞վ է Հայաստանն այս առումով պատրաստում բանակին պատերազմի, հատկապես, երբ 44-օրյա պատերազմում լրջագույն խնդիրներ են եղել կառավարման հետ կապված, կամ որքանո՞վ են հաշվի առնվում հակառակորդի կողմից պատերազմին պատրաստվելու մեթոդները և գործի դրվելիք սցենարները, կարող ենք միայն ենթադրություններ անել: