
Իսրայելը դադարեցրել է 28 դեսպանությունների աշխատանքն Իրանի սպառնալիքների պատճառով․ ԶԼՄ-ներ

Իսրայելի իշխանությունները դադարեցրել են 28 դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքն ամբողջ աշխարհում Իրանի կողմից սպառնալիքի պատճառով։ Այս մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից:
Նշվում է, որ ըստ Sky News Arabia հեռուստաալիքի՝ «28 դիվանագիտական ներկայացուցչություններ փակված են Դամասկոսում իր հյուպատոսության հարվածին պատասխանելու՝ Իրանի սպառնալիքից հետո»։
Ապրիլի 4-ին Kan ռադիոկայանը հաղորդել էր, որ Դամասկոսում Իսրայելին վերագրվող հարձակմանն Իրանի հնարավոր պատասխանին «աննախադեպ պատրաստվածության» շրջանակներում Իսրայելի արտգործնախարարությունն, ուժայինների հետ համաձայնեցմամբ, որոշել է տարհանել իր մի շարք դեսպանություններ ամբողջ աշխարհում:
Դրանից առաջ Իսրայելի պաշտպանության բանակի պաշտոնական ներկայացուցիչ Դանիել Հագարին հայտարարել էր, որ իսրայելցի զինվորականները «բոլոր ճակատներում գտնվում են բարձր պատրաստվածության վիճակում․… իրադարձությունների ցանկացած զարգացման համար»:
Իսրայելի ԱԳՆ ներկայացուցիչ Լիոր Հայաթը հրաժարվել է ՏԱՍՍ-ի թղթակցին մեկնաբանել մի շարք դեսպանատներից անձնակազմի տարհանման մասին հաղորդագրությունները։ Իր հերթին իսրայելական մի աղբյուր ՏԱՍՍ-ին հայտնել է, որ «Իսրայելի դեսպանությունների տարհանման մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»։
Իրանի ղեկավար և հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ապրիլի 4-ին X սոցիալական ցանցի իր էջում եբրայերեն գրել է, որ կստիպի Իսրայելին զղջալ Դամասկոսում Իսլամական Հանրապետության դեսպանատան հյուպատոսական բաժնին օդային հարված հասցնելու որոշման համար, որի հետևանքով զոհվել է 13 մարդ, այդ թվում՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի 2 գեներալ: