«Ամենացավալի փաստն այն է, որ 2018թ. «թավշյա հեղափոխությունը» Հայաստանի և Արցախի համար վերածվեց ամենաիսկական ողբերգության. ահա թե որտեղից է սկսիզբ առել իրական պարտությունների շղթան»

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ապրիլյան քառօրյա պատերազմի տարելիցն առիթ դարձրած որոշ լրատվամիջոցներ, փորձագետներ և վերլուծաբաններ, շարունակում են իրենց սպեկուլյատիվ մեկնաբանություններն ու երևակայական ենթադրությունները: Մեկն ասում է «իբրև ինքը հասկացել էր, որ 2016թ. Սերժ Սարգսյանը հանձնում էր Արցախը», մյուսը գրում է «Ադրբեջանը հասավ որոշակի հաջողության”, մեկ այլը գրում է “ո՞վ է սադել ապրիլյան պատերազմը» և այլն:

Ես հասկանում եմ, որ այդ մարդիկ շարունակելու են անմիտ փորձեր անել Ադրբեջանի կողմից 2016թ. ապրիլյան մարտական գործողություններից հետո Հայաստանի ղեկավարության ռազմական և դիվանագիտական հաղթանակները ներկայացնել որպես 2020թ. նիկոլյան խայտառակ ձախողումների նախերգանք կամ պատճառ: Հասկանալի է, որ այդ շրջանակները՝ Նիկոլի կառավարությանը ծառայելով հանդերձ, պատրաստ չեն հաշվի նստել փաստերի հետ: Բայց որքան էլ անհիմն խոսեն, գրեն, ցնորամիտ վերլուծություններ անեն, միևնույն է դրանից փաստերը չեն փոխվում: Իսկ փաստերը հետևյալն են:

1. Ադրբեջանի զինված ուժերը, մեծ զոհերի գնով, 2016թ.-ին չե՛ն հասել իրենց նպատակին: Նույնիսկ ոզնուն է պարզ, որ ամբողջ ծավալով լայնամասշտաբ ռազմական ագրեսիա նախաձեռնող Ադրբեջանի նպատակը 400 հա տարածք գրավելը չէր, այլ Արցախ ներխուժելը: Եթե կուզեք վերհիշել, ապա Արցախի ՊԲ-ն պատրաստ էր երկու օրում հետ վերադարձնել նաև այդ 400 հեկտարը, սակայն հավանական զոհերից խուսափելու համար որոշվեց 2016թ. ապրիլի 5-ին համաձայնվել ՌԴ ԳՇ միջնորդությամբ և Ադրբեջանի խնդրանքով առաջարկվող ռազմական գործողությունների դադարեցմանը:

2. 2016թ. ապրիլյան մարտական գործողությունների վերլուծությունները (ինչպես բոլոր բանակներում) հնարավորություն տվեցին բացահայտել հակառակորդի ռազմական ներուժը և մտահաղացումները, ինչպես նաև մեր ԶՈՒ ուժեղ և թույլ կողմերը: Արդյունքում ուժեղացվեցին ինժիներա-պաշտպանական կառույցները, համալրվեցին ԶՈՒ կարողությունները, կատարելագործվեցին անձակազմի հմտությունները, ընդունվեց 2018-24թթ. ԶՈՒ արդիականացման ծրագիրը, բարեփոխվեցին պետությունը խաղաղից ռազմական դրության բերելու անհրաժեշտ մեխանիզմները և այլն:

3. Ապրիլյան պատերազմի ընթացքում և դրանից հետո, բազմաթից միջազգային կազմակերպություններ և պետություները, խստորեն դատապարտեցին սանձազերծված պատերազմը և կոչ արեցին վերադառնալ ԵԱՀԿ ՄԽ շրջանակում ընթացող խաղաղ բականցություններին:

4. 2016․ մայիսից մինչև 2018թ․ մայիսը ընկած ժամանակահատվածում ԵԱՀԿ ՄԽ համանախագահները տարածեցին 24 պաշտոնական հայտարարություն և մամուլի հաղորդագրություն, որոնցից 10-ում ուղղակիորեն հիշատակվել են Վիեննայի և Սանկտ Պետերբորգի պայմանավորվածությունները։ Ըստ այդմ՝ բանակցային գործընթացի առաջնահերթություն դարձան վստահության ամրապնդման և սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման պայմանավորվածությունները։ Սա նշանակում էր արցախա-ադրբեջանական սահմանին ստատուս քվոյի ամրապնդում, ռազմական գործողությունների բացառում և նախահարձակ կողմին հստակորեն տարբերակելու հնարավորություն։ Այսինքն՝ արդյունքում Ադրբեջանը զրկվելու էր ուժի կամ ուժի սպառնալիքի միջոցով բանակցային գործընթացի վրա ազդելու բոլոր հնարավորություններից, հետևաբար ստատուս քվոյի պահպանումն ավելի մեծ հնարավորություններ էր ստեղծելու Արցախի Հանրապետության փաստացի գոյությունը ամրապնդելու համար։ Թերևս դա էր նաև պատճառը, որ Ադրբեջանի նախագահը սկսեց բողոքել, որ իրեն պարտադրում են ճանաչել ԼՂ անկախությունը։

5. Որոշ փորձագետներ այս օրերին հիշել են նաև 2016թ. ապրիյան պատերազմից հետո, Արցախի քաղաքական ուժերի հետ Ստեփանակերտում տեղի ունեցած հայտնի հանդիպումը: Դա լավագույն ապացույցն է, որ Սերժ Սարգսյանն ունեցել է բավարար քաղաքական կամք Արցախյան հիմնախնդիրը խաղաղ եղանակով լուծելու համար, և բացառապես համաձայնել էր մնալ ՀՀ վարչապետ, որպեսզի իրականացնի այդ տարբերակը:

6. Եվ վերջապես ապրիլյան պատերազմում Հայաստանի ռազմա-քաղաքական հաջողություններն էին ստիպել Ալիևին 2016թ. հոկտեմբերի 7-ին հայտարարել “…փակ դռների հետևում մեզ ստիպում են՝ ճանաչելու Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Մենք չենք բացում շատ մանրամասներ ու փակագծեր, քանի որ կան դիվանագիտական որոշ կանոններ”։
Փաստ է նաև այն, որ 2018թ. մայիսից սկսած, “թավշյա հեղափոխականների” կառավարությունը, իր վտանգավոր զիգզագներով, դիլետանտությամբ ու հանցավոր ինքնավստահությամբ ամբողջությամբ աղավաղեց ու ձևախեղեց Արցախյան բանակցային գործընթացի խաղաղ կարգավորման տրամաբանությունը՝ հանգեցնելով այն Ադրբեջանի 44-օրյա ռազմական ագրեսիայի, իսկ հետագայում նաև Արցախի ամբողջական հայաթափման:

Փաստ է նաև այն, որ մեր իշխանություն կոչվածներն ու նրանց սպասարկոց հասարակական-քաղաքական դաշտի ներկայացություչները, առ այսօր ի վիճակի չեն ճշգրիտ հետևություններ անել ո՛չ հաղթանակներից, ո՛չ էլ պարտություններից: Իշխանության հետ մնալու մոլուցքը նրանց դարձրել է ստի և կեղծիքի գերի այն աստիճան, որ ամեն ինչում պատրաստ են տրվել մանիպուլյացիաների և անտեսել աղաղակող փաստերը:

Իսկ ամենացավալի փաստն այն է, որ 2018թ. «թավշյա հեղափոխությունը» Հայաստանի և Արցախի համար վերածվեց ամենաիսկական ողբերգության: Ահա թե որտեղից է սկսիզբ առել իրական պարտությունների շղթան»:

Տեսանյութեր

Լրահոս