Թուրքիայի համար առաջիկա 2 տարում վատ տնտեսական վիճակ է կանխատեսում. Gazeteduvar
Թուրքական «Gazeteduvar» թերթի հոդվածագիր Սուլեյման Քարանը հրապարակած հոդվածում անդրադարձել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո առաջիկայում տեղի ունենալիք ոչ քաղաքական պրոցեսներին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Իր «Անցած լինի, ինլֆյացիան (գնաճը) թռնելու է» հոդվածում հեղինակը նշելով, որ մարտի 31-յան ՏԻՄ ընտրություններն անակնկալի բերեցին բոլորին, իսկ իշխանությունները մեծապես տուժեցին, Թուրքիայի համար առաջիկա 2 տարում կանխատեսել է վատ տնտեսական վիճակ:
Ըստ այդմ՝ շուտով առանց այդ էլ արժեզրկման մեջ գտնվող թուրքական ազգային արժույթը՝ թուրքական լիրան, որը մինչ 2023-ի մայիսյան համապետական ընտրությունները 1 դոլարի դիմաց հասնում էր մինչև 25-ի, այժմ մինչև տարեվերջ կարող է հասնել 40-ի:
Իսկ ինֆլյացիան, չնայած ընթացիկ տարվա մայիսին նվազելով, տարեվերջին կարող է հասնել շուրջ 70 տոկոսի:
«ԱԶԿ-ի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտգամբային ելույթի (Թուրքիայում հայտնի է որպես «Balkon Konuşması», որը տեղի է ունենում Անկարայում գտնվող ԱԶԿ-ի գլխամասի պաշտգամբից) վերջում հնչեցրած խոսքերն ավետաբերն են այն բանի, որ տարեվերջին լուրջ խնայողական քաղաքականության ենք բախվելու և մի քանի օրվա ընթացքում սկսելու ենք ցավազրկող դեղեր խմել:
Այստեղ հիշեցնեմ նաև, որ թե՛ միջնաժամկետ ծրագիրը (OVP), թե՛ Թուրքիայի խորհրդարանի (մեջլիս) սպասումներից ոչ մեկը չի կարողանալու արդարացվել»,-նշել է Քարանը:
Բացի այդ, հոդվածի հեղինակը գուժել է Թուրքիայում գործազրկության հետագա բարձրացման մասին, նաև հայտնել, որ առաջիկայում սպասարկման ոլորտում արդյունաբերության ոլորտից ավելի շատ աշխատատեղեր կարող են լինել: