Դամասկոսում Իրանի հյուպատոսության գնդակոծության զոհերի թիվը հասել է 13- ի
Դամասկոսում Իրանի հյուպատոսությանն իսրայելական օդուժի հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի։ Այս մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից։
Նշվում է, որ ըստ իրանական IRIB պետական հեռուստաալիքի՝ Դամասկոսում Իրանի դեսպան Հոսեյն Աքբարին հայտնել է, որ բացի իրանցի յոթ զինվորականներից, զոհերի թվում են նաև վեց սիրիացիներ։
Ըստ հրապարակման՝ փրկարարներն ավարտել են փլվածքների մաքրման գործողությունը և դուրս բերել բոլոր զոհվածների մարմինները։ Հարվածի հետևանքով ամբողջությամբ ավերվել է հյուպատոսության շենքը, որը գտնվում է հենց դեսպանատան մոտ․ Իրանի դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը եղել է տեղում, բայց չի տուժել։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հաղորդել էր, որ Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի օդուժի հարձակման ժամանակ զոհվել է յոթ ռազմական խորհրդական, այդ թվում՝ գեներալներ Մոհամմադ Ռեզա Զահեդին և Մոհամմադ Հադի Հաջի Ռահիմին ու հինգ սպաներ:
Գեներալ Մոհամմադ Ռեզա Զահեդին ԻՀՊԿ-ի ամենաբարձրաստիճան պաշտոնյան է, որը սպանվել է 2020 թվականին ԱՄՆ-ի կողմից գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո։ Նա ԻՀՊԿ-ի «Ղոդս» հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանումների հրամանատարն էր Լիբանանում և Սիրիայում։
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ, այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեին հայտարարել է, որ «Իսրայելի վարչակարգը կզղջա» հյուպատոսության վրա հարձակման համար։ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին խոստացել է, որ դիվանագիտական ներկայացուցչության վրա հարձակումն անպատասխան չի մնա: