Պուտինին զարմացրել է Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու Փաշինյանի որոշումը. Լավրով
Գիտեք, երբ Նիկոլ Փաշինյանը ընդդիմություն էր և ղեկավարում էր իր ստեղծած շարժումը, որը, բոլորը գիտեին, կապ ուներ Սորոսի հիմնադրամի հետ, նրա շարժման կարգախոսն էր՝ «Ելք», ելք ՀԱՊԿ-ից և Եվրասիական տնտեսական միությունից: Այս կարգախոսով նա ամբոխներ հանեց փողոց, պահանջեց վարչապետի ընտրություն, իրենց մոտ վարչապետին ընտրում է խորհրդարանը, միաժամանակ հայտարարեց, որ եթե այս ընտրություններն ավարտվեն նրանով, որ ինքը չընտրվի, ինքը ոտքի կհանի ժողովրդին։ Դե, ժողովրդավարություն իր ամենաբարձր դրսեւորման մեջ։ Այս մասին մարտի 29-ին «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Վարչապետ դառնալուց հետո, շատ լավ հիշում եմ, Վլադիմիր Պուտինը մի քանի անգամ հանդիպեց նրա հետ՝ ամեն կերպ ընդգծելով, որ մենք չենք առաջնորդվելու ինչ-որ նախկին [փորձով], այլ նրանով, թե կոնկրետ ինչպես է Հայաստանի ղեկավարությունը հարաբերություններ կառուցելու Ռուսաստանիի հետ։ Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ և՛ ՀԱՊԿ-ը, և՛ Եվրասիական տնտեսական միությունը հիմնարար կառույցներ են Հայաստանի համար, նրա տնտեսության զարգացման, Հարավային Կովկասում նրա մեկուսացումը կանխելու համար։
Եվ այս ուղղությամբ էր, որ հարաբերությունները զարգանում էին բոլոր տարիներին՝ մինչև 2020 թվականը, երբ բորբոքվեց Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը։ Իսկ հետո Փաշինյանը դիմեց Պուտինին՝ և՛ որպես Ռուսաստանի դաշնակից, և՛ որպես ՀԱՊԿ անդամ, և գիտեք, թե ինչպես է մեր նախագահը բառացիորեն գիշերը, անխոնջ և ջանք չխնայելով բանակցում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ՝ դադարեցնելու այս պատերազմը։
Եվ հետո սահմանների սահմանազատման, տնտեսական կապերի վերականգնման, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, հարաբերությունների նորմալացման, ներառյալ խաղաղության պայմանագրի կնքման մասին եռակողմ համաձայնագրերը, այս ամենը համաձայնեցված էր մեր ակտիվ նախաձեռնողական դերակատարմամբ։
Եվ սրան զուգահեռ Եվրամիությունը ներքաշում էր հայերին ու ադրբեջանցիներին իր մոտ, եւ Փաշինյանն էր ԵՄ-ի և ԱՄՆ-ի հարթակում աշխատելու գաղափարի հիմնական ջատագովը։ Նրանք պարբերաբար գնում էին այնտեղ՝ ի վնաս այն հանդիպումների, որոնք նախատեսված էին Ռուսաստանի Դաշնության տարածքում»,- նշել է նա։
Լավրովի խոսքով, երբ 2022 թվականին Պրահայում, այսպես կոչված, Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում, որը նաև Մակրոնի գյուտն է, իրենք փաստաթուղթ են ստորագրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ներկայությամբ, որ Ղարաբաղը Ադրբեջան է, «Մեզ ոչ ոք տեղյակ չի պահել»:
«Այնուհետև Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասաց. «Մենք զարմացանք, որ դուք այդպես որոշեցիք»։ Բացատրություններ չեղան, քանի որ Փաշինյանը մեզ միշտ խնդրում էր չմոռանալ, որ վերջին երեք տարիների ջանքերին զուգահեռ պետք է ինչ-որ կերպ լուծել ԼՂ կարգավիճակի հարցը, և մենք դա անում էինք։
Բայց երբ ինքը ստորագրեց, որ այս տարածքը Ադրբեջանի կազմում է, կարգավիճակի հարցը վերացավ։ Եվ երբ մարդիկ սկսեցին հեռանալ Ղարաբաղից, Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինին հարցրեց. «Վլադիմիր Վլադիմիրովիչ, ինչո՞ւ լքեցիք ղարաբաղցիներին՝ թողնելով նրանց բախտի քմահաճույքին»։ Կներեք, ի սեր Աստծո, դուք էիք, որ որոշեցիք, որ նրանք քաղաքացիներ չեն կամ հավակնում են Ադրբեջանի ինչ-որ քաղաքացիության»,- հավելել է Լավրովը։
Նա նշել է, որ շփվել է նաև Նիկոլ Փաշինյանի հետ, երբ մեկնել է Երևան՝ մասնակցելու տարբեր հանդիպումների: «Ինձ թվում էր, որ ինքը դեռ հասկանում է Հայաստանի համար օգուտները Ռուսաստանի Դաշնության հետ դաշնակցային հարաբերությունների շարունակելուց, ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի շրջանակներում փոխգործակցությունից»:
«Բայց հիմա հայ պաշտոնյաները թե՛ Հայաստանի Անվտանգության խորհրդում, թե՛ խորհրդարանում ուղղակիորեն ասում են, որ պետք է ավելի շատ հույս դնել Եվրամիության վրա, որ ՀԱՊԿ-ն, իբր, չի կատարում հանրապետության հանդեպ իր պարտավորությունները։ Այսինքն, ըստ էության, շրջանակը փակվում է, և Հայաստանի ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի մտքեր, որոնցով Փաշինյանը ստեղծեց իր «Ելք» շարժումը։
Համոզված եմ, որ սա չի համապատասխանում հայ ժողովրդի և մեր շահերին՝ հայերի հետ պատմական բարեկամական կապերի, Ռուսաստանում ապրող հսկայական հայկական սփյուռքի և Հարավային Կովկասում կայունության տեսակետից: Նրանց նպատակը, ովքեր այժմ Հայաստանի ղեկավարությանը հրապուրում են Արևմուտքի կողմը, պարզ է՝ թույլ չտալ կայունություն Հարավային Կովկասում, փորձել այս տարածաշրջանը դարձնել իրենց գերիշխանության գոտի, ինչպես դա անում է Արևմուտքը Կենտրոնական Ասիայում և մեր ընդհանուր մայրցամաքի շատ այլ մասերում»,- եզրափակել է Լավրովը: