Ֆիննախը սովորույթի ուժով «հրատապ» մաքրել է շենքերը ու էլի՝ սովորույթի ուժով, դիմել «ունիվերսալ ու սիրելի» «Ռիելթի մենեջմենթ քոմփանիին»
4 միլիոն 641.889 դրամ. այս անգամ ահա այսքան է Ֆինանսների նախարարության համար արժեցել շենքերի մաքրման ծառայությունները: Ինչպես ձմռանը, այնպես էլ՝ գարնանն այս առաքելությունն առանց մրցույթի վստահվել է «Ռիելթի մենեջմենթ քոմփանի» ՍՊԸ-ին՝ նույն գումարի չափով: Շուրջ 4 միլիոն 642.000 դրամով ընկերությունը 1 ամիս մաքրելու է Ֆիննախի վարչական շենքի տարածքը:
2020 թվականին ստեղծված ու ստեղծումից հետո՝ արդեն պետգնումներում ակտիվացած «Ռիելթի մենեջմենթ քոմփանի» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասը մինչև 2023 թվականը պատկանել է Կարեն Զաքարյանին, այժմ ընկերության իրական շահառուն Նարինե Վարդանյանն է՝ նրա կինը:
Պետգնումներում այս ընկերության հետ կնքված տասնյակ պայմանագրերին ծանոթանալուց հետո՝ տպավորություն է, որ ընկերությունը ստեղծվել է ֆիննախի կարիքները բավարարելու համար. 13 պայմանագրերից 12-ը հենց այս նախարարության հետ են կնքվել՝ հիմնականում առանց մրցույթի՝ մեկ անձ, հրատապ մեկ անձ և գնանշման հարցում ընթացակարգերով, իսկ ընդամենը 1-ը՝ ՀՀ նախագահի աշխատակազմի հետ:
Շատ հետաքրքրական է, որ ՍՊԸ-ն բավականին ունիվերսալ է, առաձգական, և մատուցում է ոչ միայն գրասենյակային տարածքների ու շենքերի մաքրման ծառայություններ, այլև մատակարարում մեկանգամյա օգտագործման թղթե արտադրանք, դիսպենսեր ու դրան առնչվող պարագաներ և բարձրախոս: