Բրիտանիայի դատարանը որոշել է հետաձգել Ջուլիան Ասանժի արտահանձնումն ԱՄՆ-ին
Լոնդոնի Գերագույն դատարանը որոշում է կայացրել հետաձգել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի արտահանձնումն ԱՄՆ-ին՝ մինչև բողոքարկման քննարկումն ավարտելը: Այս մասին հաղորդում է The Guardian-ը:
Եթե դատարանը չհամաձայներ քննարկել Ասանժի գանգատը նրա արտահանձնման վերաբերյալ ավելի վաղ կայացված որոշման դեմ, ապա WikiLeaks-ի հիմնադրին ամերիկյան կողմին հանձնելու գործընթացն անմիջապես կսկսվեր։
Լոնդոնի Գերագույն դատարանը 2021 թ. դեկտեմբերի կեսերին բավարարել էր ԱՄՆ իշխանությունների կողմից ներկայացված բողոքը և չեղարկել Ասանժին Միացյալ Նահանգներին արտահանձնելու արգելքը։
2022 թ. մարտին Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանը մերժել էր բավարարել Ասանժի բողոքարկումը Լոնդոնի Գերագույն դատարանի այս որոշման դեմ, իսկ 2022 թ. ապրիլին Լոնդոնի Վեսթմինսթերյան մագիստրոսական դատարանը վճիռ էր կայացրել WikiLeaks-ի հիմնադրին ԱՄՆ-ին արտահանձնելու վերաբերյալ։
2022 թ. հունիսին Պրիտի Պատելը, որն այդ ժամանակ զբաղեցնում էր Մեծ Բրիտանիայի ՆԳ նախարարի պաշտոնը, հաստատեց Ասանժին ԱՄՆ-ին հանձնելու որոշումը։ Ավելի ուշ WikiLeaks-ի հիմնադիրը նոր բողոքարկում ներկայացրեց բրիտանական իշխանությունների այդ որոշման դեմ։
ԱՄՆ-ն ձգտում է հասնել 52-ամյա Ասանժի արտահանձնմանը, քանի որ երկրի դատախազությունը ցանկանում է նրան դատել գողության և պաշտպանության հետ կապված գաղտնի տեղեկատվության բացահայտման համար:
2019 թ. ապրիլին ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայտարարել էր, որ WikiLeaks-ի հիմնադրին մեղադրում է այս կազմակերպության նախկին տեղեկատու Չելսի Մենինգի հետ դավադրության մեջ, որի նպատակն էր կոտրել կառավարական համակարգչային ցանցերը գաղտնի ռազմական փաստաթղթեր տարածելու համար։
Ավելի ուշ Միացյալ Նահանգների դատական իշխանությունները հայտարարեցին Wikileaks-ի հիմնադրի դեմ ևս 17 կետով լրացուցիչ մեղադրանքներ առաջադրելու որոշման մասին։ Բոլոր մեղադրանքները, ինչպես նշել են ամերիկյան ԶԼՄ-ները, կապված են ԱՄՆ-ի պաշտպանության հետ առնչություն ունեցող տվյալների անօրինական ստացման և հրապարակման հետ։
ԱՄՆ-ում Ասանժին սպառնում է 175 տարվա ազատազրկում։