
Իրանում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհվել են ոստիկան և երեխա

Իրանի հարավ-արևելքում գտնվող Սիստան և Բելուջիստանի նահանգում պարեկների վրա «Ջեյշ ալ Զոլմ» ահաբեկչական խմբավորման հարձակման հետևանքով սպանվել է ոստիկանության հատուկ ստորաբաժանման աշխատակիցը և մեկ երեխա։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։
Զինյալները մարտի 25-ի երեկոյան հարձակվել են պարեկի վրա, որն ապահովում էր անվտանգությունը Նոուրուզի տոների ժամանակ Խաշ և Իրանշահր քաղաքների միջև ձգվող մայրուղու վրա։ Հարձակման հետևանքով ոստիկանը սպանվել է։ Բացի այդ, ահաբեկիչները կրակել են կողքով անցնող մեքենայի վրա, որում ամուսնական զույգ է եղել և նրանց երեխան, որը մահացել է։ Նրա ծնողները վիրավորվել են։
Սիստան և Բելուջիստանի նահանգը, որը սահմանակից է Պակիստանին և Աֆղանստանին, Իրանի ամենաանկայուն շրջաններից մեկն է։ Դրան է բաժին ընկնում թմրանյութերի ապօրինի շրջանառության մեծ մասը, ինչպես նաև վառելիքի և այլ ապրանքների մաքսանենգության զգալի մասը։ Բացի այդ, տարածաշրջանում գործում են մի շարք անջատողական և իսլամիստական խմբավորումներ։