Ինչո՞ւ էր Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկությանը հատկապես զգայուն Ֆրանսիայի արձագանքը
Հակոբ Բադալյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Ինչպես խոստացել էի, տեսակետս, թե ինչո՞ւ Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկությանը հատկապես զգայուն էր Ֆրանսիայի արձագանքը: Արտակարգ խորհրդակցություն նախագահի գլխավորությամբ, որի արդյունքում Ֆրանսիայում ահաբեկության սպառնալիքի աստիճանը սահմանվել է բարձրագույնը:
Արձագանքս ստացվել է բավականին ծավալուն, թեեւ խնդրո առարկան առավել տարողունակ է: Հայցում եմ ընթերցողների ներողամտությունը, միաժամանակ շնորհակալությունս՝ գրառմանս ամբողութամբ ծանոթանալու համար:
Երբ արձանագրեցի Ֆրանսիայի քայլը, դեռ չէր եղել Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը այն մասին, որ Ռուսաստանին առաջարկում են ամրապնդել հակաահաբեկչական գործակցությունը եւ կապ են հաստատել ոչ միայն տեխնիկական, այլ նաեւ նախարարական մակարդակով:
Դա եւս մեկ անգամ վկայում էր Ֆրանսիայի առանձնահատուկ արձագանքի մասին: Նկատենք, տեխնիկական մակարդակի կապեր պահպանվում են Ռուսաստանի եւ արեւմտյան բոլոր դերակատարների միջեւ, սա արտառոց բան չէ: Իսկ ահա, նախարարական մակարդակը դա արդեն քաղաքական մակարդակ է, անկախ, թե հատկապես որ նախարարի մասին է խոսքը:
Ինչո՞ւ է Ֆրանսիայի արձագանքը ավելի զգայուն եւ առանձնահատուկ:
1. Փարիզը, անշուշտ, ինչպես մյուս բոլոր ուժային կենտրոնները, պատկերացնում է եւ իրազեկ է, որ մոսկովյան ահաբեկությունը աշխարհաքաղաքական դիմակայության կամ համաշխարհային պատերազմի տրամաբանության շրջանակում է եւ փաստացի վկայում է, որ այդ պատերազմում հնարավոր է «ակտիվացվում» է ահաբեկչական գործիքը:
Փարիզն էլ հասկանում, որ Իսլամական պետություն կոչվածը ընդամենը գործիք է, այլ ոչ թե ինքնուրույն ինչ որ սուբյեկտ: Գործիք է մի շարք երկրների հատուկ ծառայությունների ձեռքին:
Իսկ այստեղ հարկ է նկատել, որ Ֆրանսիան այն երկրների շարքում է, որի դեմ այդ գործիքը կիրառվել է զգալիորեն ավելի հաճախ: Ֆրանսիան թերեւս ամենից հաճախն է Եվրոպայում ենթարկվել ահաբեկչական ակտերի, իսկ ամենախոշորը իննը տարի առաջ էր՝ Փարիզում, որի զոհ է դարձել հարյուրից ավելի մարդ:
Հետեւաբար, հասկանալի է Ֆրանսիայի զգայունությունը:
2. Ֆրանսիան վերջին շաբաթներին ուկրաինական հարցոմ դրսեւորում է այնպիսի կոշտ եւ արմտական հակառուսական հռետորաբանություն, որ անգամ բրիտանացիները կնախանձեին: Բայց. բրիտանացիները թերեւս ոչ թե նախանձում են, այլ կասկածում: Կասկածում են, որ Ֆրանսիան «անհարկի» սրելով խաղը, մեծ հաշվով ավելի շատ խնդիր ստեղծում է հենց Արեւմուտքի, քան Ռուսաստանի համար:
Չէ՞ որ իրենք հենց փորձում են հմտորեն անել այնպես, որ Ռուսաստանը գնա կտրուկ քայլերի եւ կիրառի ընդհուպ տակտիկական միջուկային զենք: Բայց փորձում են անել դա անուղղակի, այսինքն առանց դրա հրահրման կամ խթանման բացահայտ պատասխանատվության: Ավելին, ոչ միայն բացառելի չէ, այլ նաեւ շատ հավանական, որ հենց այդպիսի նպատակ ուներ նաեւ մոսկովյան ահաբեկությունը:
Ի դեպ, հենց այդ համատեքստում էր նաեւ, որ Պուտինի ուղերձի առնչությամբ նկատեցի, որ ուղերձը կարծես թե այն մասին էր, որ չնայած այդ հարվածին, Կրեմլը այդուհանդերձ չի գնալու կտրուկ շրջադարձ ենթադրող քայլերի:
Իսկ երբ Ֆրանսիան սրում է հռետորաբանությունն ու բարձրացնում է դիմակայության աստիճանը, հայտարարելով ընդհուպ Ուկրաինա զորք մտցնելու մասին, դա գործնականում նշանակում է «բաց դեմքով» սադրանք, երբ փաստացի կստացվի, որ ՆԱՏՕ-ն ինքն է ըստ էության պատերազմ հայտարարում Ռուսաստանին, հետեւաբար լեգիտիմացնում արդեն Ռուսաստանի ավելի սուր գործողությունները:
Դա է պատճառը, որ Մակրոնի հայտարարություններից հետո բոլորը շտապեցին հերքել դա եւ հորդորել նրան խոսել իր, եւ ոչ թե ՆԱՏՕ անունից:
Ինչո՞ւ էր անում դա Մակրոնը: Իհարկե, ոչ հանուն Ռուսաստանի: Մակրոնը դա անում է մեկ հիմնական պատճառով՝ պահել Ֆրանսիան «բարձրագույն խմբում»: Եվ որքան էլ չհչի տարօրինակ, այստեղ ձեւավորվում է իրավիճակ, որտեղ Ֆրանսիան եւ Ռուսաստանը ունենում են ընդհանուր մի շարք հետաքրքրություններ, եւ ոչ միայն ուկրաինական շրջանակում, եւ գուցե նույնիսկ ոչ այնքան ուկրաինական շրջանակում: Բայց քանի որ խաղը ամբողջ խաղատախտակով է, այլ ոչ թե միայն մեկ-երկու վանդակի վրա, դա կարող է լինել ֆրանս-ռուսական «անտեսանելի քիմիայի» պատճառ, ինչպես եղել է պատմության ընթացքում ոչ մեկ անգամ՝ չնայած անգամ միմյանց դեմ պատերազմելուն:
Ահա այստեղ է նաեւ Մակրոնի անհանգստությունը, որ Ռուսաստանում կազմակերված ահաբեկության «պատասխան» կամ «հայելային» ահաբեկությունը կարող են պլանավորել, իսկ գուցե արդեն պլանավորել են Ֆրանսիայում: Եվ ահա թե ինչու է Մակրոնը բարձրաձայնում Ռուսաստանին ուղղված առաջարկի մասին»: