Հարուցիչը կարող է տարբեր օրգաններն ախտահարել. 90 և ավելի տոկոսի դեպքում ախտահարում է թոքերը. մասնագետ

Հայաստանում տուբերկուլոզի համաճարակաբանական վիճակը գնահատվում է դրական։ Վերջին տարիներին նկատվում է հիվանդացության զգալի նվազում։ 2015-ի համեմատ 2023 թվականին հայտնաբերված դեպքերի ցուցանիշը նվազել է 63 տոկոսով, իսկ մահերինը 14 տոկոսով։ Ասուլիսում Թոքաբանության ազգային կենտրոնի Տուբերկուլոզի ազգային ծրագրի տվյալների կառավարման և մշտադիտարկման բաժնի ղեկավար Անուշ Խաչատրյանը նշեց, որ այս ցուցանիշը տարբեր ուղղություններով բազմակողմանի ու հետևողական աշխատանքի արդյունք է։

«Տուբերկուլոզի կառավարման հիմնական ու կարևոր գործոնները 3-ն են՝ կանխարգելում, վաղ հայտնաբերում, բուժում։ Մեր բոլոր ջանքերը կենտրոնացած են այս ուղղություններով։ Մասնավորապես, բարելավում ենք հայտնաբերման գործիքակազմը։ Օրինակ՝ հիմա կիրառում ենք արագ ախտորոշիչ թեստերը։ Մի քանի ժամում կարողանում ենք հայտնաբերել հարուցիչն ու իմանալ տուբերկուլոզի տեսակը։ Հաջորդ ձեռքբերումն արհեստական բանականության համակարգի կիրառումն է թոքերը նկարելու գործում»,-ասաց Անուշ Խաչատրյանը։

Կարևոր քայլերից է նաև կարճաժամկետ բուժման ներդրումը։ Սովորաբար բուժումը երկար է տևում, և այդ ընթացքում կան ռիսկեր, որ բուժառուն զգոնությունը կթուլացնի, հետևողական չի ընդունի բուժումը, տարբեր գործոնների ազդեցությունը մեծ կարող է լինել։ Կարճաժամկետ բուժման ներդրման պարագայում արդյունավետության մակարդակը բավականին բարձր կլինի։

Թոքաբանության ազգային կենտրոնի հետբուհական ուսումնակրթական ծրագրերի փորձագետ, ավագ կլինիկական մասնագետ Լյուբով Նիկոլայանը նշեց, որ ինչպես ցանկացած հիվանդության պարագայում, այս դեպքում ևս շատ կարևոր է ժամանակին արձագանքելը և մասնագետներին դիմելը։ Որքան վաղ հայտնաբերվի հիվանդությունը, այնքան բուժման արդյունավետությունը բարձր կլինի։

«Թիրախային խմբերն են ՄԻԱՎ-ով վարակվածները, որոնք ցածր դիմադրողականության պատճառով դառնում եմ խոցելի։ Շաքարախտով հիվանդները ևս խոցելի են։ Ծխող անձանց շրջանում ևս տուբերկուլոզ հիվանդության ռիսկը մեծ է։ Մենք աշխատում ենք այնպես անել, որ թիրախային խմբերն ընդգրկվեն սքրինինգային ծրագրերում»,-ասաց Լյուբով Նիկոլայանը։

Մասնագետն ընդգծում է, որ անհրաժեշտ է ախտանշաններին ուշադրություն դարձնել։ Հարուցիչը կարող է տարբեր օրգաններն ախտահարել, սակայն 90 և ավելի տոկոսի դեպքում ախտահարում է թոքերը։ Այդ ժամանակ ախտանշաններն են տևական հազը, խորխարտադրությունը, շնչարգելություն, կրծքավանդակում ցավը և այլն։

«Ո՞վ չի հազում, հատկապես մրսածության ժամանակ, բայց եթե այն տևում է երկար, օրինակ՝ երկու շաբաթ և ավելի, ուրեմն խնդիր կա։ Կոչ եմ անում բոլոր կասկածելի դեպքերում անպայման դիմել բուժհաստատություն, չմտածեն, որ ծխում են, դրա համար են հազում, շաքար ունեն դրա համար են թույլ։ Եթե կան նշաններ ու 2-3 շաբաթից ավելի տևում են, ուրեմն պետք է դիմել մասնագետին»,-ասաց Լյուբով Նիկոլայանը։

Քիչ չեն դեպքերը, երբ տուբերկուլոզով հիվանդ բուժառուները թիրախավորվում են շրջապատող անձանց կողմից։ Այդ համատեքստում մասնագետները նշում են, որ կա վարակելի և ոչ վարակելի տեսակ։ Վարակիչ հիվանդները հիմնականում հոսպիտալացվում են, լինում են մասնագետների հսկողության տակ։ Մնացած դեպքերում բուժումը կազմակերպվում է տանը։ Այսինքն, եթե բուժառուն տանն է, ուրեմն նա վարակիչ չէ։

Տուբերկուլոզի ախտորոշումն ու բուժումը Հայաստանում անվճար է։

 

Տեսանյութեր

Լրահոս