Հնդիկ Արջուն Կրիշնա Լալը ներկայացրեց «Կյանք, սեր, գինի» հայերեն գիրքը
Հնդիկ գործարար, ժամանակակից գրող, «Penguin Harper-Collins»-ի հեղինակ Արջուն Կրիշնա Լալն ավելի քան երկու տարի է հաստատվել է Հայաստանում: Նրա կյանքը լի է արկածներով, հետաքրքիր հանդիպումներով ու բացահայտումներով: Արջունին այնքան են ոգևորել իր շուրջ կատարվող իրադարձությունները, որ այդ ամենի մասին խոսել է գրքով՝ այն անվանելով «Կյանք, սեր, գինի»:
Հեղինակը գիրքն ընթերցողների լայն շրջանակին ներկայացրեց մարտի 22-ին «Զանգակ» գրատանը կազմակերպված հանդիպմանը:
Նա խոստովանում է՝ Հայաստանում իրեն զգում է ինչպես տանը, քանի որ հայերը շատ հյուրասեր են և սրտաբաց, բացի այդ Արջունը հայերեն է սովորել և հաղորդակցման խնդիր չունի:
«Շատ եմ ճամփորդում. մոտ տասնհինգ երկրում եմ եղել և եկել եմ այն եզրակացության, որ, եթե ցանկանում ես մտերմանալ մարդկանց հետ, եթե ցանկանում ես ընկերներ ունենալ, պետք է տվյալ մարդու լեզուն սովորես: Տարիներ առաջ ռուսերեն եմ սովորել: Կարող էի Հայաստանում ռուսերեն կամ անգլերեն խոսել, բայց կարծեցի՝ այդպես կհեռանամ մարդկանցից»,-ասում է նա:
Արջունը գիրքը գրել է անգլերեն, այն հայերեն է թարգմանել Ռոզա Գրիգորյանը, գիրքը խմբագրել է հեղինակի հայերենի ուսուցիչը՝ Արմինե Պետրոսյանը:
«Երբ ծանոթացա Արջունի հետ, նա ապրում էր Հնդկաստանում: Նա այն հազվագյուտ ուսանողներից էր, որ իսկապես շահագրգռված էր հայերեն սովորելուն երկար ժամանակ տրամադրել: Շատ ընդունակ է և կարողացավ մի քանի ամսում տարրական գիտելիքներ ձեռք բերել: Արջունն ուներ այն հիմքը, որի շնորհիվ կարողացավ լուծել իր լեզվական առաջադրանքը»,-պատմում է Պետրոսյանն ու մեջբերում Արջունի խոսքերը, որոնք տեղ են գտել գրքում. «Հայերենը գողի պես սողոսկեց մտքերիս մեջ, ոչ անցանկալի գողի պես: Այս լեզուն ինձ առաջ է մղում օրվա ընթացքում և բալանսավորված է պահում իմ կյանքը և գիշերը հայտնվում է իմ երազներում»:
Տարիներ առաջ Արջուն Կրիշնա Լալը Հնդկաստանում իր բիզնեսն է սկսել: Հենց այդ ժամանակ էլ համավարակն է թափ առել: Շուրջ կես տարի ստիպված է եղել ծնողների հետ փակվել տանը:
«Մի քիչ խենթանում էի այդ իրավիճակից և շատ էի ցանկանում բոլորովին նոր տեղում հայտնվել: Փոքր ժամանակ ԱՄՆ-ում եմ ապրել, հետո՝ տասը տարի Հնդկաստանում, ուստի ուզում էի բոլորովին անծանոթ երկիր մեկնել: Առցանց կարդում էի տարբեր քաղաքների մասին և հանդիպեցի Երևանին: Շատ գեղեցիկ լուսանկարներ էին. Արարատ լեռն էր… Որոշեցի հենց այստեղ գալ»,-պատմում է հեղինակը:
Նա կարծում է՝ մարդիկ միշտ արժևորում են այն ամենն, ինչը չունեն: «Հայաստանում շատերը սիրում են տրոպիկական երկրներ գնալ: Խմբային տուրերով մեկնում են Շրի Լանկա և այլուր: Ձգտում են ծովափ գնալ, լողալ: Ես մի քիչ ձանձրանում եմ օվկիանոսից: Մեր տանից այն երևում էր: Այլ բան էի ուզում: Այստեղի ձյունը, ցուրտ եղանակն ինձ դուր է գալիս: Հայաստանի գրեթե բոլոր մարզերում եղել եմ: Եղել եմ շատ գյուղերում, որտեղ ընկերներ ունեմ, նրանց հետ տնական օղի եմ փորձել: Հայաստանը միայն Երևանը չէ: Սիրում եմ տաքսիով կամ երթուղայինով տարբեր տեղեր մեկնել, մի քանի օր անցկացնել մարզերում ու բացահայտումներ անել»,-ասում է Կրիշնա Լալը:
Նա սիրում է Կասկադի ամենավերևի հատվածում երկար ժամանակ անցկացնել երեկոյան: Հենց այնտեղ է գրել գրքում ներառված պատմությունների մեծ մասը:
Արջունը վստահ է՝ իր երազանքներն իրականանում են: Իր ամենախենթ նպատակն է ՀՀ քաղաքացիություն ստանալ, հետագայում դառնալ Հայաստանի դեսպանը Հնդկաստանում:
Անժելա Համբարձումյան