
Սարատովի և Բելգորոդի մարզերը ԱԹՍ-ների հարձակման են ենթարկվել

Ռուսաստանի Սարատովի մարզի Էնգելս քաղաքը լույս մարտի 20-ի գիշերը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի գրոհի: Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է տարածաշրջանի ղեկավար Ռոման Բուսարգինը։
Նրա խոսքով՝ անօդաչուները ոչնչացվել են հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգով, որն «աշխատել է ժամանակին և արդյունավետորեն»։
«Նախնական տվյալներով` ընկնող բեկորների հետևանքով տուժածներ և ավերածություններ չկան», – գրել է Բուսարգինը:
Սարատովի մարզի Էնգելս քաղաքում ռազմական աերոդրոմ է գտնվում, որտեղ բազավորված են ռուսաստանյան ռազմավարական ռմբակոծիչներ։ Աերոդրոմն արդեն մի քանի անգամ գրոհների է ենթարկվել ԱԹՍ-ների կողմից։
Իր հերթին ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ Բելգորոդ քաղաքի նոր գնդակոծության հետևանքով դեռահաս է վիրավորվել, որին տեղափոխել են հիվանդանոց։
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ տեղական ժամանակով ժամը 11։30-ին մոտ ՀՕՊ միջոցները Բելգորոդի մարզում խոցել են RM-70 Vampire համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 13 հրթիռ։
Իսկ Խերսոնի մարզի ուկրաինական իշխանությունները հայտնել են, որ ռուսական ուժերը հարձակում են իրականացրել քաղաքացիական անձանց տեղափոխող մեքենաների վրա՝ հանգեցնելով 2 զոհի։
«Ըստ նախնական տվյալների՝ գնդակոծության հետևանքով 2 տղամարդ է զոհվել», – գրել է Խերսոնի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Պրոկուդինն իր Telegram ալիքում։